- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնո (այլ կիրառումներ)
Աղավնո կամ Հագարու[1], գետ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևմտյան տարածքում, Հագարիի աջակողմյան խոշոր վտակներից մեկը։ Երկու օժանդակներով սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածների լանջերից, հոսում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև վերջնականապես թեքվում դեպի հարավ-արևելք, ամբողջ հետագա ընթացքում անցնում V-աձև, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մոտ 780 մ բարձրության վրա թափվում Հագարիի մեջ՝ Բերձոր քաղաքից 7 կմ հարավ։ Ունի մի քանի խոշոր աջակողմյան վտակներ, ձախակողմյան վտակները կարճ են ու ժամանակավոր հոսք ունեցող։ Ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 440 կմ² է, որի մոտ 15%-ը ՀՀ տարածքում։ Երկու օժանդակներով էլ երկարությունը մոտ 43 կմ է։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3,5 մ³/վրկ է։ Աղավնոյի ավազանում կան տաք ջրերի ելքեր[2]։