Ապացուցում

Ապացուցում, տրամաբանական գործողություն, որի դեպքում ցույց է տրվում տվյալ դատողության ճշմարտությունը ուրիշ, իբրև ճշմարիտ ընդունված դատողությունների միջոցով։ Ապացուցվող դատողությունը կոչվում է թեզիս, իսկ այն ապացուցելու համար բերվող դատողությունները՝ հիմք։ Օգտագործվող տրամաբանական միջոցները կազմում են ապացուցման եղանակը կամ ձևը։ Ապացուցումը լինում է ուղղակի, երբ թեզիսն անմիջականորեն բխեցվում է որոշ դատողություններից, և անուղղակի, որը լինում է երկու տեսակի՝ ապագոգիկ և բաժանարար։ Ապագոգիկ ապացուցման դեպքում հերքվում է թեզիսին հակասող դատողությունը (հակաթեզիսը), և դրանով (երրորդի բացառման օրենքի հիման վրա) հաստատվում է թեզիսի ճշտությունը։ Բաժանարար ապացուցման դեպքում թեզիսը դիտվում է իբրև բաժանարար դատողության մի անդամ, և նրա ճշտությունը հաստատվում է մյուս անդամների հերքման միջոցով։ Ձևական համակարգերում ապացուցում է կոչվում բանաձևերի որոշակի հաջորդականությունը, որտեղ յուրաքանչյուր անդամ կամ աքսիոմա է, կամ այնպիսի բանաձև, որը որոշակի կանոններով ստացվում է աքսիոմայից կամ նախորդ բանաձևից։ Ապացուցման հաջորդականության վերջին անդամի ճշտության հաստատումն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 507