Արտաշես Ա Բարեպաշտ
Արտաշես Ա Բարեպաշտ Αρταξίας Α΄ της Αρμενίας | |||
Արտաշես Բարեպաշտ արքան ըստ Բերկ Ֆեներչիի (1897-1920) | |||
| |||
---|---|---|---|
մ.թ.ա. 189 թվական - մ.թ.ա. 160 թվական | |||
(Արտաշես Ա Բարեպաշտ անվան տակ) | |||
Նախորդող | Երվանդ Դ Վերջին | ||
Հաջորդող | Արտավազդ Ա | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | հայոց ավանդական կրոն | ||
Ծննդյան օր | հայտնի չէ | ||
Ծննդավայր | Մեծ Հայքի թագավորություն | ||
Վախճանի օր | մ.թ.ա. 160 թվական | ||
Վախճանի վայր | Բակուրակերտ, Բաքրան, Վասպուրական | ||
Դինաստիա | Արտաշեսյանների արքայատոհմ | ||
Քաղաքացիություն | Մեծ Հայք | ||
Հայր | Զարեհ Երվանդունի | ||
Ամուսին | Սաթենիկ | ||
Զավակներ | Արտավազդ Ա, Տիգրան Ա և Մաժան | ||
Արտաշես Ա (հին հունարեն՝ Αρταξίας, մոտ մ.թ.ա. 230 – մ.թ.ա. 160, Բակուրակերտ, Վասպուրական), հայտնի է նաև որպես Արտաշես Բարեպաշտ կամ Բարի, Արտաշես Մեծ, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության հիմնադիր-արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 189-160 թվականներին։ Նախքան հայոց միապետ դառնալը, եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի բանակում և վերջինիս օժանդակությամբ Երվանդունյաց Երվանդ Դ-ից նվաճելով Հայաստանը կարգվել է տեղի կառավարիչ։
Օգտվելով Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանների կրած պարտությունից և թուլացումից՝ Արտաշեսն իրեն հռչակում է Մեծ Հայքի արքա՝ հիմնելով նոր արքայատոհմ, որն իր՝ որպես հիմնադրի անունով կոչվել է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի կառավարման սկզբնամասում թագավորությունը սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական նահանգներով, սակայն վերջինիս հաջողվում է կարճ ժամանակում Հայաստանին վերամիավորել Երվանդունյաց թագավորությունից անջատված և հարևանների կողմից զավթված հայոց ծայրագավառները։ Իր միավորիչ գործունեության արդյունքում, Արտաշես Բարեպաշտը ստեղծում է միաձույլ պետություն, որի կենսունակությունը խարսխված էր էթնիկ միատարրության հիմքի վրա։ Նրա կառավարման օրոք Մեծ Հայքի դրոշի ներքո միավորվում են հայկական բոլոր տարածքները՝ բացառությամբ Փոքր Հայքի, Կոմմագենեի և Չորրորդ Հայքի (Ծոփք), որտեղ իշխում էր դաշնակից-արքա Զարեհ Երվանդունին։
Կովկասյան չորս արքաների արշավանքին դիմագրավելուց և Կուրի ճակատամարտում հաղթանակելուց հետո Արտաշեսը ամրապնդում է Մեծ Հայքի թագավորության դիրքերը որպես տարածաշրջանային ազդեցիկ տերություն։ Արտաշես Ա-ն վարում է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան տերության թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործում ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը, սակայն միևնույն ժամանակ երբեք չի դաշնակցում Հռոմեական հանրապետության հետ։ Ավելին, իր կառավարման տարիներին Մեծ Հայքում է ապաստանում Հռոմի երդվյալ թշնամի, Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա-ի բանակը պատերազմում է Սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի զորախմբերի դեմ և հաջողությամբ ետ մղում վերջիններիս հուժկու հարձակումը՝ պաշտպանելով Արտաշեսյանների թագավարության անկախությունը։
Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրականացնում է բազմաթիվ բարեփոխումներ։ Դրանցից ամենանշանավորը հողային բարենորոգումներ են, որի նպատակն էր կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը՝ մեղմելով հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Նրա օրոք երկիրը վարչականորեն բաժանվում է 120 ստրատեգիաների։ Արտաշես Ա-ն մեծացնում և մարտական պատրաստության պատշաճ մակարդակի է բերում հայոց բանակը՝ այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, ապա կազմավորում է նաև արքունի գործակալությունները։ Արտաշես Բարեպաշտը խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա կառավարման ժամանակահատվածում Հաննիբալի խորհրդով Արարատյան դաշտում՝ Արաքս և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը հիշատակվում է «Հայկական Կարթագեն» անվանումով։
Իր մեծամեծ գործերի համար Արտաշես Ա-ն ժողովրդի կողմից ստանում է «Բարեպաշտ» պատվանունը։
Արտաշես Ա-ն վախճանվում է մ․թ․ա․ 160 թվականին Վասպուրական նահանգի Բակուրակերտ բնակավայրում՝ ծերունական տարիքում։ Արտաշեսին փոխարինում է ավագ որդին՝ Արտավազդ Ա Արտաշեսյանը։ Ըստ մի շարք ուսումնասիրողների՝ Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շնորհիվ է միայն հաջորդ տասնամյակներում Տիգրան Բ Մեծին հաջողվում հիմնել Հայկական աշխարհակալությունը։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց Քերթողահայր Մովսես Խորենացին թագավորին հիշատակում է «Արտաս» անվանումով, իսկ ավելի ուշ շրջանի միջնադարյան հայ մատենագիրներն արդեն հիմնադիր-արքային հիշատակում են «Արտաշես» (գրաբար՝ «Արտաշէս») անունով։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «Արտաշես»-ը «Արտաշաս» (Artašas)-ի փոփոխված տարբերակն է, և բացատրաբար նշանակում է «արդարությամբ իշխող»[1]։
Հունարենում և հունարենի հիմքի վրա ձևակերպված լատիներենում, գործածվում է «Արտաքսիաս» (հին հունարեն՝ «Αρταξίας», լատիներեն՝ «Artaxias») տարբերակները, որոնք փոխառված են հին պարսկական «Artaxšaθra»-ից[2]։ Հունահռոմեական աղբյուրներում երբեմն արքան հիշատակվում է նաև «Արտաքսերքսես» («Αρταξέρξης») անձնանունի ներքո[2]։
Տարածված տարբերակներ են նաև «Արտաքսաստա»-ն (եբրայերեն՝ ארטאשס) եբրայերենում[1] և «Արտ(դ)աշիր»-ը («Ardašir»)՝ ասորերենում[1]։
Վաղ տարիների կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշեսը ծնվել է մ.թ․ա. 230 թվականին տոհմիկ ազնվական Զարեհ Երվանդունու ընտանիքում։ Նրա մանկության և պատանեկության տարիների և ընտանիքի մասին տեղեկություններ պատմագիտությանը հայտնի չէ, սակայն ըստ հայոց ավանդապատման՝ մ․թ․ա․ 220 թվականին, երբ Արտաշեսը տասը տարեկան էր, Երվանդունյաց թագավորությունում իշխող Երվանդ Դ-ն հրաման է արձակում սպանել ազնվական ընտանիքներից սերող բոլոր այն պատանիներին, որոնք կարող էին հավակնել Մեծ Հայքի թագավորության գահին՝ արյան իրավունքով։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Երվանդ Դ-ի հալածանքներից մանկահասակ Արտաշեսին պաշտպանելու համար, նրա ստնտու-դայակը, որի անունը պատմահայրը չի հիշատակում, վերջինիս փախցնում է Կապուտանից դեպի հյուսիս և ապաստանում Հեր գավառում։ Պարսկահայք հասնելուն պես դայակը հաջողում է Արտաշեսի խնամակալ Սմբատ Բագրատունուն հայտնել ստեղծված իրավիճակի մասին։ Հեռագիրը ստանալուն պես Սմբատը թողնում է իր դուստրերին Բաբերդի ամրոցում և հավաքելով իր զորայիններին մեկնում Հեր։ Երվանդը ստանալով Սմբատի հեռանալու լուրը, նրա հետևից ուղարկում է իր հետախույզներին, ինչը միայն ուշացնում է Սմբատի ժամանումը։ Ժամանելուն պես Սմբատը Արտաշեսի հետ անցնում է սահմանը և նրանք ապաստանում են Սելևկյանների տերությունում։
Պատմահայր Խորենացու մատենագրություններում որևէ տեղեկություններ չեն պահպանել առ այն, թե որտեղ են եղել այդ ժամանակահատվածում Արտաշեսի ընտանիքի անդամները։ Ամենայն հավանականությամբ, նրա հայրը՝ Զարեհը, իշխում էր Սելևկյանների տիրապետության տակ գտնվող Ծոփաց թագավորությունում, որտեղ և ապրում էր նրա եղբայրը՝ Մեհրուժանը (Միթրոբարզանես)։
Կյանքը տարագրության պայմաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արիւն իմ եւ հարազատութիւն, ընդէ՞ր սնուցանես զՄարըդ Արտաշէս հակառակ ինձ եւ իմոյ թագաւորութեանս, լսելով բանից Սմբատայ յեղուզակի, որ ասէ, թէ որդի է Արտաշէս Սանատրկոյ. եւ զորդի հովուաց եւ զանդէորդաց ջանայ առնել Արշակունի, եւ արիւն քո եւ հարազատութիւն համբաւելով զնմանէ։ Նա չէ որդի Սանատրկոյ, այլ ընդ խաբս գտեալ Սբատայ զմար ոմն տղայ՝ բաջաղիե։ Նոյնպէս եւ առ Սմբատ յղէր բազում անգամ, թէ «Ընդէ՞ր այդքան սնոտի աշխատութիւն կրես. խաբեալ ի ստնտուէդ՝ սնուցանես զորդի Մարիդ հակառակ ինձե։ Եւ լսէ ոչ սիրելի բանս պատասխանեաց։ Յայնժամ առաքէ Երուանդ եւ սատակէ զքաջսն ի Բայբերդի. գերեալ զդստերս Սմբատայ՝ պահէ յամրոցին յԱնի ոչ վատթարապէս։
Հույն աշխարհագրագետ Ստրաբոնը Արտաշեսին և Զարեհին հիշատակում է որպես Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի մակեդոնացի զորավարներ։ Այդ ժամանակահատվածում Զարեհը իշխում էր Ծոփքի սատելիտ թագավորությունում, իսկ Արտաշեսը պատասխանատու էր Հայաստանի ստրատեգիայի համար։ Այնուամենայնիվ, Ստրաբոնի պնդումը երկու թագավորների մակեդոնական (հունական) ծագման մասին հերքվել է Հայաստանում հայտնաբերված արամեատառ արձանագրություններով սահմանաքարերի հայտնաբերմամբ, որտեղ Արտաշեսն իրեն անվանում է «Երվանդունյաց արքա» և «Զարեհի (Զարիադրես) որդի»։
Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ Արտաշեսի փախուստը մեծ դժգոհություն է առաջացնում Երվանդ Դ-ի արքունիքում, որը վախենում էր վերջինիս հետագա հնարավոր վերադարձից և գահընկեց լինելու հնարավորությունից։ Նա սուրհանդակներ և մեծ ընծաներ է ուղարկում Սելևկյան տերություն՝ Անտիոքոս Գ-ին, որպեսզի նա մանկահասակ Արտաշեսին վերադարձնի Երվանդունյաց Հայաստան։ Երվանդը պնդում էր, որ Արտաշեսը հասարակ մար (մեդացի) երեխա է, որին Սմբատը վերցրել էր հովիտվների ընտանիքից։ Խորենացին իր «Պատմություն հայոց» աշխատությունում Երվանդի նամակը Անտիոքոսին ներկայացրել է հետևյալ կերպ․
Իմ արյունակից, իմ հարազատ, ինչո՞ւ ես այդ մարացի Արտաշեսին սնուցում ինձ և իմ թագավորության հակառակ՝ ականջ դնելով ավազակ Սմբատի խոսքերին, որ սում է, թե Արտաշեսը Սանատրուկի որդին է և հովիվների ու անգեորդների որդուն ջանում է Արշակունի դարձնել, լուր տարածելով, թե նա քո արյունակիցն ու հարազատն է։ Նա Սանատրուկի որդին չէ, բայց Սմբատը մարացի տղա գտնելով՝ խաբված է և բարբաջում է։ - Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց» աշխատությունից |
Հայտնի է, որ Երվանդը հեռագիր է հղում Սմբատ Բագրատունուն ևս, որտեղ վերջինիս հայտնում է, թե իբր նա խաբված է Արտաշեսի ստնտու կնոջ կողմից՝ հորդորելով վերադարձնել իր խնամարկյալ Արտաշեսին։
Ինչո՞ւ այդքան զուր նեղություններ ես կրում, ծծմորից խաբվելով այդ մարի տղային սնուցում ես ինձ հակառակ։ - Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց» |
Սմբատը Երվանդունյաց արքային պատասխանում է վիրավորական նամակով, որի արդյունքում՝ Երվանդ արքան հրամայում է սպանել Բաբերդի ամրոցի պահակներին և Անիում բանտարկել այնտեղ հանգրվանած Սմբատի դուստրերին։
Արտաշեսյանների թագավորության հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջ 20 տարիներ Սելևկյան տերությունում անցկացնելով Արտաշեսը և Զարեհը դառնում են հմուտ զորավարներ, որոնք մեծ վստահություն էին վայելում առաջին հերթին Անտիոքոս Մեծի կողմից։ Ռազմական տաղանդից բացի, վերջիններս աչքի էին ընկնում կառավարչական մեծ փորձառությամբ՝ առաջնորդելով Սելևկյանների տերության հայաբնակ ստրատեգիաները։ Հենց այս ժամանակահատվածում էլ Արտաշեսը փորձում է վրեժխնդիր լինել Երվանդունյաց Հայաստանում իշխող Երվանդ Դ-ից, որը քանիցս փորձել էր սպանել իրեն։ Բացի այդ, Արտաշեսը արդեն իսկ ուներ ձևավորված հավակնություններ Մեծ Հայքի թագավորությունում իշխանափոխության և Երվանդունիների տոհմի գահազրկման կապակցությամբ։
Այս նպատակի իրագործման ճանապարհին Արտաշեսը հաջողում է Անտիոքոս Մեծի թողտվությամբ ղեկավարել Սելևկյանների տերության բանակը դեպի Հայաստան ծրագրվող արշավանքում։
Մովսես Խորենացին իր «Պատմություն հայոց» աշխատությունում նկարագրում է պատմական այս իրադարձությունները․
Պայքար հանուն թագավորական իշխանության
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհում վերջնականապես սեփական իշխանությունը հաստատելու նպատակով մ․թ․ա․ մոտ 200 թվականին Արտաշեսը և Զարեհը իրեց զորքերի գլուխն անցած հանդիպում են Արաքս գետի հովտում։ Հենց այստեղ էլ ձեռք է բերվում պայմանավորվածություն, որի համաձայն Արտաշեսը Սմբատ Բագրատունու զորակցությամբ պետք է ծավալվեր դեպի արևելք՝ Սյունիք և Վասպուրական, իսկ Զարեհը պետք է ստանձներ արևմտյան թևի պատասխանատվությունը՝ դեպի Հաշտյանք և Տարոն։ Երվանդ Դ-ն Արտաշեսի և Զարեհի գլխավորած սելևկյան զորախմբերի լայնամասշտաբ ներխուժման մասին տեղեկանում է Ուտիք նահանգում գտնվելու ժամանակ։ Լսելով այդ մասին, վերջինս անհապաղ շարժվում է Երվանդաշատում գտնվող իր արքունիքի ուղղությամբ՝ Ուտյաց աշխարհի պաշտպանությունը թողնելով տեղի իշխանների վրա։ Ոստանիկ Երվանդաշատ հասնելուն պես Երվանդը հայտարարում է մեծ զորահավաք և Մեծ Հայքի թագավորությունից, Միջագետքից և Իբերիայի թագավորությունից (Վիրք) հավաքագրում հսկայական բանակ։ Երվանդունյաց հայոց բանակի կազմում էր նաև Արգամ Մուրացյան-Վիշապազունը։ Արգամը Այրարատ նահանգի Նախճավան գավառից սերող Վիշապազունների կամ Մուրացյան տոհմի գլուխն էր։
Արշավանքի սկզբնամասում Արտաշեսի գլխավորած զորքերին հաջողվում է առանց լուրջ խոչընդոտների գրավել Ուտյաց աշխարհը։ Բանն այն է, որ Ուտիքում բարոյահոգեբանական և մարտական ոգին անհամեմատ ցածր էր, ինչով պայմանավորված էլ տեղի իշխանները ասպատակությունների սկսելուն պես անձնատուր են լինում։ Այս հաջողությունից հետո Արտաշեսը ստանձնելով նաև իր կողմում կռվող Աղվանքի թագավորության զորախմբերի առաջնորդությունը, շարժվում է Սևանա լճից մինչև Արագած լեռան լանջեր ընկած տարածություն, որտեղ էլ տեղակայված էր Երվանդ Դ-ի ճամբարը։ Արտաշեսը, սակայն, շարունակում էր մեծագույն մարտահրավեր համարել Արգամ Մուրացյանի գլխավորած Վիշապազունների նիզակակիր բանակին։ Այսպիսով, փորձելով չեզոքացնել նիզակակիրների բանակի վերահաս սպառնալիքը, փորձում է բանակցել Վիշապազունների հետ և հեռագիր ուղարկում Արգամ Մուրացյանին։ Արտաշեսը Արգամին խոստանում էր, որ նա կպահպանի այն, ինչ ունի և կրկնապատկի իր ունեցվածքն ու դիրքը, եթե հրաժարվի Երվանդունիների հետ դաշնակցությունից և միանա իր ղեկավարած բանակին։
Արտաշեսի և Երվանդի բանակների առճակատումը տեղի է ունենում Երվանդաշատից ոչ շատ հեռու։ Ռազմական դիմայակության ամենավճռորոշ պահին Արգամը հրամայում է իր հետևակներին միանալ Արտաշեսի և Զարեհի միացյալ բանակին։ Այս շրջադարձից հետո Երվանդի ենթակայության ներքո գտնվող վրացի վարձկանները ևս դիմում են փախուստի, իսկ նրանցից շատերը նույնիսկ միանում են Արտաշեսի բանակին։ Այս ամենի արդյունքում Երվանդունյաց զորքի ձաև և աջ թևերը լրիվ դատարկվում են։ Մարտերի ժամանակ Արտաշեսը հանկարծահաս ենթարկվում է երկու հեծյալ զինվորների հուժկու հարձակմանը, սակայն նրան պաշտպանության է հասնում Գիսակ Դիմաքսյանը, որն Արտաշեսի դայակի որդին էր։ Մովսես Խորենացին հեծյալներին հիշատակում է որպես տավրոսցի լեռնական քաջեր, որոնք խոսք էին տվել Երվանդին Արտաշեսի դիակը։ Գիսակը սպանում է երկու ձիավորներին, սակայն ինքը ևս ընկնում է ստացած վիրավորումից։
Անանուն այս ճակատամարտն ավարտվում է Արտաշեսի և Զարեհի գլխավորած Սելևկյան բանակի հաղթանակով։ Արդյունքում, Երվանդը շուտափույթ լքում է իր ճամբարատեղին և վերադարձի ճամփա բռնում դեպի Երվանդաշատ՝ թագավորական արքունիք։ Արտաշեսը հրամայում է հետապնդել փախչող արքային, սակայն ապարդյուն։ Արտաշեսի բանակի ողջ մնացած մասը բանակում է Երվանդի նախկին ճամբարում, որը Արտաշեսը սկսում է անվանել Երվանդավան։
Երվանդաշատի պաշարում և Արտաշեսի թագադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմահայր Մովսես Խորենացին ներկայացնում է Երվանդի փախուստը Սմբատի հետապնդումներից․ «Իսկ Երվանդը ձրիով ու շատ ասպարեզներ անցնելով և իր բանակից մինչև քաղաքը հաստատած իջևաններում նոր-նոր ձիեր հեծնելով փախչում էր անընդհատաբար։ Սմբատն էլ նրան հետամուտ լինելով՝ սաստկապես հալածում էր գիշերով մինչև քաղաքի դուռը։»։ Վաղ առավոտյան Արտաշեսը հրամայում է թաղել մարտի դաշտում ընկածներին և ճանապարհ ընկնել դեպի ոստանիկ Երվանդաշատ։ Ըստ պայմանավորվածության՝ նա պետք է քաղաքի դարպասների մոտ հանդիպեր Սմբատ Բագրատունու զորքերին։ Հասնելով քաղաքի պարիսպների մոտ՝ Արտաշեսը հրամայում է իր զորքերին գոռալ «Մար ամատ» («Մարը եկե՛լ է»)։ Սա պայմանավորված էր այն հանգամանքում, որ Անտիոքոս Մեծին ուղղված Երվանդի նամակում, վերջինս Արտաշեսին անարգանքով անվանել էր մար բաստարդ։ Կարճ ժամանակահատվածում Արտաշեսի բանակը պաշարում է Երվանդաշատը և հուժկու հարձակում գործում քաղաքի վրա։ Հարձակումից անմիջապես հետո բերդի կայազորը հանձնվում է և բացում Երվանդաշատի դարպասները։ Նախքան Արտաշեսի զորականները կգտնեին Երվանդին, նրա զինվորներից մեկը թքուրի գլխով սպանում է Երվանդունիների արքայատոհմի վերջին արքային։ Արքայի մահից հետո նրա բանակն անձնատուր է լինում։ Արտաշեսը փորձելով ցույց տալ իր ազնվականական ծագումն ու Երվանդունիներից սերված լինելը, պատվով կազմակերպում է Երվանդ Դ Վերջին արքայի հուղարկավորությունը։ Զուգահեռաբար, Սմբատն Արտաշեսի հրամանով ժամանում է նոր հիմնադրված կուռքերի քաղաք՝ Բագարան, որ վերածվել էր Երվանդունյաց Հայաստանի հոգևոր կենտրոնի։ Այնտեղ Սմբատը ձերբակալում է քրմապետ Երվազին (Միտրաս), որը Երվանդի եղբայրն էր։ Հայտնի է, որ հասնելով Բագարանի տաճար, Սմբատը հրամայում է Երվազ քրմապետի վզից մի հսկայական ջաղացաքար կախել և նրան հետել Ախուրյան գետը։ Քրմապետի պաշտոնում նշանակվում է Արտաշեսի մտերիմներից Մոգապաշտե անունով մի քրմի, ապա բազում գանձեր վերցնում մեհյաններից և գերում Երվազի 500 ծառաներին։
Արտաշեսի և Երվանդի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Արտաշեսը պարգևատրում է իր բանակին և համախոհներին։ Նա պահպանում է Արգամի երկորդական գահը՝ նրան տալով սուտակներով ու շափյուղաներով զարդարված թագ, ականջօղեր, ոսկե պատառաքաղ ու գդալ օգտագործելու և ոսկե գավաթներից խմելու իրավունք, և աջ ոտքի համար մեկ կարմիր հողաթափ։ Սմբատին է անցնում Մեծ Հայքի բանակի ղեկավարումը որպես հայոց սպարապետ, ինչպես նաև Բագարանի ամրոցից հավաքված ստրուկներին։ Ավելի ուշ Սմբատը Մասիս սարի հետևում նոր քաղաք է հիմնում, այն անվանակոչում Բագարան և այնտեղ բնակեցնում իրեն հանձնված ստրուկներին որպես ազատ մարդկանց։ Արտաշեսը Գիսակ Դիմաքսյանի որդուն՝ Ներսեսին և իր ծծմոր զոհված տղու որդուն կարգում է ասպետներ։ Զարեհը ստանում է Չորրորդ Հայքը։
Գահակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Դ-ի տապալումից հետո Արտաշեսը՝ Մեծ Հայքում և Զարեհը՝ Ծոփքում են որպես Սելևկյանների տերության ստրատեգոսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան, «Արտաշես առաջին», Հրաչեայ Աճառեան». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 2,0 2,1 Ռ․ Շմիթ. «Artaxerxes». «Iranica» հանրագիտարան. էջեր 654–655.
{{cite web}}
: Unknown parameter|fascicle=
ignored (օգնություն)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |