Բալլադ

Բալլադ (իտալ.՝ ballare, «պարել», «պարերգ», «պարերգություն»), չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն[1]։

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառատող, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշները, որոնք արդեն հատուկ էին Շիլլերի, Գյոթեի, Վալտեր Սքոթի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։

Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. Պուշկինը, Ռոբերտ Բըրնսը, Հ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով (օր.՝ Ա. Պուշկինի «Ջրահեղձը»)։

Ժանրի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները Ռուբին Հուդի մասին, Գյոթեի «Անտառի արքան», Ալեքսանդր Պուշկինի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»։ Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ. Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հովհ. Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։

Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։ Բովանդակության այդ կողմերն ընդգծելու համար երբեմն փոխաբերաբար բալլադ են կոչում այլ ժանրի երկեր, ինչպես՝ Օ. Ուայլդի «Ռեդինգի բանտի բալլադը» պոեմը, Լ. Ֆոյխտվանգերի «Իսպանական բալլադ» վեպը, Վ. Թոթովենցի «Արաբական քաղաք» պատմվածքը, Գ. Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» կինոֆիլմը և այլն[2]։

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 40-41.
  2. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականության տեսություն. Երևան: «ԵՊՀ». էջ 369-370.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 234