Բռնչի (լատին․՝ Viburnum), գերիմաստի, այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 200), Հայաստանում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական (V. opulus) և գերիմաստի (V. lantana)։
Առաջինը հանդիպում է Սյունիքի և հյուսիսարևելյան մարզերի կաղնու-բոխու ենթանտառներում և թփուտներում, երկրորդը՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մանրանտառներում, անտառեզրերին։
Խոշոր թուփ է, բարձրությունը՝ մինչև 3, 5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանանման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է։ Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 540)։ |