Դոժերի պալատ

Դոժերի պալատ
Տեսակպալատ, տեսարժան վայր, պատկերասրահ և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՎենետիկ[3]
ՎայրՍան Մարկո
ՀասցեPiazza San Marco, 1 - Venezia[2] և Sestiere San Marco 1, 30124 Venezia[3][4]30124[2][3]
ՓողոցՍուրբ Մարկոսի հրապարակ (1)
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հարկեր4
Մակերես10 281 քառակուսի մետր, 12 578 քառակուսի մետր
Կազմված էՊորտա դելլա Կարտա, Սալա դելլա Քուատրո Պորտե, Paintings in the Doge's Palace?, Capitals in the Doge's Palace (Venice)?, Courtyard of the Doge's Palace (Venice)?, Museo dell'Opera?, Personification of Venice? և Q117814834?
Անվանված էՎենետիկի դուքս
ՍեփականատերԻտալիա
ԲնակիչՎենետիկի դուքս
Այցելողներ435 879 մարդ (2021)[5]
Հիմնադրված է1340
ՃարտարապետՆիկոլո Բարատտիերի
ՊատվիրողՎենետիկի հանրապետություն
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Վենետիկի Դոժերի պալատ (իտալ.՝ Palazzo Ducale), իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս 9-րդ դարում։ Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է 1309 թվականից մինչև 1424 թվականի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ Ֆիլիպո Կալենդարիոյի կողմից։ 1577 թվականին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է Ռիալտոյի կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին։

Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ Վենետիկի հանրապետության դոժերի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա (ամբիոն) էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ։

Սուրբ Մարկոսի տաճարի, Սան-Մարկոյի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը։

Պալատի անունն առաջացել է Վենետիկյան հանրապետության գլուխ դոժերի նստավայրից։ Ինչպես Սուրբ Մարկոսի տաճարը, այնպես էլ դոժերի պալատը կառուցվում և զարդարվում էր շատ դարեր։ 810 թվականին կառուցված նրա առաջին շենքը բոլոր կողմերից ջրով շրջապատված պատերով ու աշտարակներով ամրոց էր։ 976 թվականին հայտնիների մի մասը և ժողովուրդն ապստամբեցին Կանդիանի IV դոժի դեմ և այրեցին նրա նստավայրը։ Դրա փոխարեն վենետիկցիները կառուցեցին նոր ամրոց, բայց 1106 թվականին այն այրվեց։

12-րդ դարի վենետիկցի վարպետները կառուցեցին նոր պալատ, ընդ որում արդեն անհրաժեշտություն չկար այն կառուցել որպես ամրոց։ Այդ ժամանակ Վենետիկում արդեն չկային միջնադարյան Եվրոպային բնորոշ ամուր դղյակներ ու ամրոցի պատեր. այստեղ ծովը պաշտպան էր ծառայում, իսկ բերդամասերի փոխարեն հանրապետությունն ուներ հրաշալի նավատորմ։ Այդ պատճառով ամրոցի պատեր և աշտարակներ այլևս չէին կառուցում, իսկ պահպանված խրամատները լցվում էին։

Դոժերի պալատը 18-րդ դարի կեսերի նկարիչ Կանալետոյի նկարում

Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է 1309 թվականից 1424 թվականների ընթացքում։ Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն։ 1400-1404 թվականներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ 1424 թվականին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ։ Շինարարության համար հրավիրվում են ֆլորենցիացի և լոմբարդացի վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր մարմարի մշակման մասնագետ վենետիկցի վարպետներ էին։

1577 թվականի դեկտեմբերի 20[6] հրդեհից պալատն էականորեն վնասվում է։ Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն։ Բացի այդ, որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ 1797 թվականին Նապոլեոնի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները (ատյան

Ներկայումս շենքը թանգարան է։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոժերի պալատի կենտրոնական պատշգամբը

Կարծես ճարտարապետական բոլոր օրենքներին ծաղրելով Դոժերի պալատի վերին զանգվածեղ մասը հենվել է թեթև նախշազարդ կամարներին։ Առաջին հայացքից թվում է, որ շենքը շրջված է հիմքով դեպի վեր և տանիքով՝ ներքև։ Այնքան անտրամաբանական է նրա ճակատային համակարգը. ներքևում թույլ հենարանի երկու ժապավեն է, իսկ վերևում՝ բարձր պատ։ 1577 թվականին հերթական հրդեհը ոչնչացնում է շենքի թևերից մեկը, և Ռիալտոյի կամուրջն արարողը՝ Անտոնիո դե Պոնտին, վերականգնում է կառուցվածքի սկզբնական տեսքը։

Առաջին հայացքից թվում է, թե ճակատի բոլոր ճարտարապետական տարրերը միմյանց հետ կապված են մի տեսակ անտրամաբանորեն, անսպասելի և կարծես պատահական, բայց միևնույն ժամանակ այստեղ ամեն ինչ գրավիչ է, թարմ, պայծառ, լի կյանքով ու ուրախությամբ, ամեն ինչ գեղարվեստորեն հագեցած է և ի վերջո, խելամիտ։ Առաջին հարկի բաց կամարապատ պատկերասրահը գեղարվեստական ինքնահաճություն չէ, այլ հրաշալի թաքստոց է հարավային արևից։ Սա տեղ է, ուր ցանկացած անցորդի համար հաճելի է հանգստանալ և հիանալ այստեղից բացվող աշխարհի չքնաղագույն ճարտարապետա-բնական բնապատկերներից մեկով։

Երկրորդ հարկի պատկերասրահը օդային պատշգամբ է, որը հարավից և արևմուտքից մթնեցնում է համեմատաբար ոչ մեծ պաշտոնական տարածքները։ Դոժերի պալատում զարդանախշ պատկերասրահների և հարթ պատի համադրությունը հագեցնում է ողջ ճակատը կոմպոզիցիոն հակադրության անհավանական հարստությամբ և կարծես մերկացնում է ճակատի ամբողջ արտաքինը՝ բաց Պյացետի անսամբլի և վենետիկյան ծովալճակի լայնարձակության առաջ։

Արևելյան ճակատի կենտրոնում գտնվում է 1536 թվականին Սանսովինոյի աշակերտների կառուցած պատշգամբը։ Պատշգամբի վրա նետաձև պատուհան է և Վենետիկի խորհրդանիշի դիմաց կանգնած դոժ Անդրեա Գրիտիի քանդակապատկերը։ Պատշգամբի վերևում տեղադրված է քանդակագործ Ալեսանդրո Վիտորիոյի կերտած Արդարադատության արձանը։ Հենց այս պատշգամբից է 1865 թվականին հռչակվել Վենետիկի միավորումը Իտալական թագավորությանը։

Պորտա դելա Կարտա

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թղթե դուռ»

Սուրբ Մարկոսի հրապարակ դուրս եկող ճակատի ձախ կողմում Դոժերի պալատի բակի մուտքը բացում է Ջովանի և Բարտոլոմեո Բոների ստեղծած «Պորտա դելա Կարտան»` (իտալ.՝ Porta della Carta) «Թղթե դուռը»։ Վերին մասում այն ունի գոթական ոճի դեկորատիվ տարրերով զարդարված նետանման կամարի ձև. գլխավոր մուտքի վրա դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին է թևավոր առյուծի (Վենետիկյան Հանրապետության խորհրդանիշ) դիմաց, իսկ վերևում Արդարադատության արձանն է։ Դռան անվան ծագումը գիտնականները երկակի են մեկնաբանում։ Հնարավոր է այն կապված է ոչ հեռու գտնվող փաստաթղթերի արխիվի հետ, կամ համաձայն այլ վարկածի՝ ժամանակին այնտեղ նստում էին գրագիրներ և օգնում քաղաքացիներին՝ փաստաթղթեր, բողոքներ, ներման գրություններ կազմել։

Դոժերի պալատի ներքին բակը

«Թղթե դռնով» հնարավոր է մտնել Ֆոսկարիի կամարապատ պատկերասրահ, այնուհետև՝ Դոժերի պալատի երկհարկանի մարմարե կամարներով և հին հունական ութ քանդակներով շրջապատված բակ։ Բակի կենտրոնում մինչ այժմ գտնվում են երկու շքեղ բրոնզե ջրհոր-ջրավազաններ, որոնք Վենետիկի ամենալավ ջուրն էին մատակարարում։

Ներքին հարդարանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիգանտների սանդուղք

Գիգանտների սանդուղք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին բակից դեպի պալատ են տանում կարարյան մարմարից կերտված Գիգանտների վիթխարի սանդուղքը։ 1554 թվականին սանդուղքի վերին հարթակում տեղադրվել են Վենետիկի ռազմական և ծովային հովանավորներ Մարսի և Նեպտունի հսկայական մարմարե արձանները (Յակոպո Սենսովինոյի աշխատանքները), այդպես է սանդուղքն ստացել ներկայիս անվանումը։ Այստեղ էին անցկացվում բոլոր հանդիսավոր արարողությունները։ Սանդուղքը տանում է երկրորդ հարկի փակ պատկերասրահ։ Պատկերասրահի երկայնքով և պալատի ներսում հաճախ են հանդիպում «առյուծի երախներ»` առյուծի փորագրված գլուխներ, որոնց մեջ էին դրվում տարբեր վարչությունների իրավասության ուղերձներ և գաղտնի ամբաստանություններ։

Ոսկե սանդուղք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի հանդիսավոր դահլիճներ կարելի է բարձրանալ դոժ Անդրեա Գրիտիի համար 1538 թվականին Սանսովինոյի նախագծած և 1559 թվականին Սկարպանյինոյի ավարտած «Ոսկե սանդուղքով»։ Ոսկեզօծ նրբաքանդակներով ծածկված սանդուղքը հնում նախատեսված էր կարևոր հյուրերի և բարձրաստիճան անձանց համար, ում անունները նշված էին «Ոսկե գրքում»։ Այդ գիրքը Վենետիկի բնակիչները կազմել էին 1315 թվականին և գրանցել էին այնտեղ 200 ընտանիքներ, որոնց անդամներն այդ ժամանակվանից մինչև հանրապետության գոյության վերջը կարող էին զբաղեցնել պետական պաշտոններ։ «Ոսկե գիրքը» պահպանվում էր «Ոսկե սանդուղքի» տակ 1180 թվականին դոժ Սեբաստիանո Ջիաննիի սարքած հատուկ սենյակում։

Մեծ խորհրդի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ խորհրդի դահլիճը (Յոզեֆ Հեյնց կրտսեր 1678 թվական)

«Ոսկե սանդուղքը» տանում էր դեպի Մեծ խորհրդի դահլիճ՝ ամենամեծ դահլիճը ոչ միայն Վենետիկում, այլ նաև ամբողջ Իտալիայում։ Նրա երկարությունը 54 մետր է, լայնությունը՝ 25 մետր, իսկ բարձրությունը՝ 15 մետր։ Մեծ խորհրդի դահլիճը զբաղեցնում է Դոժերի պալատի ամբողջ հարավային թևը։ Այն զարդարել են Տիցիանի, Վերոնեզեի, Տինտորետտոյի և այլ հայտնի նկարիչների գլուխգործոցները, սակայն դրանք բոլորը ոչնչացել են 1577 թվականի հրդեհի հետևանքով։ Դահլիճը վերականգնվել է Անտոնիո դե Պոնտիի նախագծով։ Մեծ խորհրդի դահլիճում արևելյան պատի առաջ պատվանդանի վրա տեղադրված են դոժի գահը և Փոքր խորհրդի վեց անդամների բազկաթոռները, իսկ նրանց հետևում ամբողջ պատն զբաղեցնում է աշխարհի ամենամեծ նկարներից մեկը՝ 1590 թվականին Յակոպո Տինտորետտոյի և նրա որդի Դոմենիկոյի «Դրախտը»։ Առաստաղին առանձնանում է Պաոլո Վերոնեզեի «Վենետիկի հաղթանակը» հսկայական օվալաձև նկարը։ Վիթխարի հարթ առաստաղը երեսապատված է ծանր ոսկեզօծ նախշերով շրջանակված շքեղ գեղանկար կտավներով։

Մեծ խորհրդի դահլիճում հիմա տեղակայված են Վենետիկը կառավարած բոլոր դոժերի հիանալի նկարված դիմանկարները։ Սակայն այնտեղ, որտեղ պետք է պատկերված լիներ դոժ Մարինո Ֆալյերոյի դիմանկարը, տեղադրված է սև գլանաձև գրություն՝ մակագրված.

Այստեղ դավաճանության համար մահապատժի ենթարկված Մարինո Ֆալյերոյի տեղն է։

Ընտրությունների դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ խորհրդի դահլիճից այցելուներն անցնում են Ընտրությունների դահլիճ (ճակատագրի դահլիճ), այդպես է կոչվել, որովհետև դեռևս հանրապետության ժամանակներից այնտեղ իրականացվել է աստիճանավոր անձանց հանրային քվեարկությունը, իսկ երբեմն նրանց դատապարտումը։ Այստեղ կայացվել են դատավճիռներ, սակայն ոչ ոք չի համարձակվել զենքով մտնել այդ դահլիճ։

Դահլիճի զանգվածեղ առաստաղը շքեղ է իր փորագրություններով և ոսկեզօծմամբ, բացի այդ, նրա վրա տեղադրված են մեծ, օվալաձև երեք նկարներ, երկու քառակուսի և 12 ոչ ճշգրիտ եռանկյուններ, որոնցում ներկայացված են նկարիչ Պադովանինոյի նկարած այլաբանական սյուժեները։

Կողմնացույցի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնացույցի դահլիճը մի ժամանակ Տասի խորհրդի դահլիճի և միաժամանակ ինկվիզիցիայի նախասենյակն էր, որտեղ դատապարտվածները վախով ու սարսափով էին սպասում դատավճռին։ Այստեղ էր գտնվում նաև բոլորին հայտնի «Առյուծի երախը», ուր հաղորդագրություններ և ամբաստանություններ էին գցում։

Դահլիճի առաստաղը կազմված է երեք հսկայական օվալներից և 12 քառանկյուններից, որոնք լրացնում են անկյունները։ Առաստաղի այդ զարդաքանդակը նկարել է Պաոլո Վերոնեզեն։ Առաջին մեծ օվալին նա պատկերել է «Վենետիկի հաղթանակը», ներկայացնելով նրան աստվածուհու տեսքով, որը ճախրում է ամպերի մեջ, շրջապատված Փառքի, Ուժի, Հարստության այլաբանական պատկերներով։ Սակայն այսօր օվալներից մեկը դատարկ է։ Նախկինում այստեղ գտնվող «Սրբերով շրջապատված Սուրբ Մարկոսլ» նկարը 1797 թվականին տարվել է Փարիզ և ցուցադրվել Լուվրում։

Տասի խորհրդի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասի խորհրդի դահլիճում նստում էր պետության հանդեպ քաղաքական հանցագործություններին վերաբերվող հետաքննություններ վարող տրիբունալը։ Տրիբունալը գլխավորում էր դոժը, նրա կազմում էին գտնվում Մեծ խորհրդի տասը անդամ և վեց խորհրդական։ Այդ դահլիճի վրա էին գտնվում արճճե առաստաղով բանտախցերը, այսպես կոչված Պյոմբները, որտեղ ժամանակին ձերբակալված են եղել Ջակոմո Կազանովան և Ջորդանո Բրունոն։ Կենտրոնում տեղադրված էր «Զևսը կայծակով խոցում է արատները» Վերոնզեի գլուխգործոցը, որը 1797 թվականին ֆրանսիացիները տարել են Փարիզ և մինչ այժմ գտնվում է Լուվրում։ Հիմա կտավի տեղում գտնվում է Յակոպո դի Անդրեայի կատարած պատճենը։

Սկարլատտիի դահլիճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկարլատտիի դահլիճում հավաքվում էին ալ-կարմիր պարեգոտ հագած բարձրաստիճան պաշտոնյաները և պաշտոնական արարողությունների անցկացման համար սպասում դոժին։ Դահլիճի շքեղ զարդարանքը կատարվել է Պյետրո Լոմբարդոյի ղեկավարությամբ։ Փայտե հարուստ առաստաղը 16-րդ դարի սկզբում է արվել։ Նրբագեղ մարմարե բուխարու վրա տեղադրված է դոժ Ագոստինո Բարբարիգոյի զինանշանը։

Քարտեզի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզի դահլիճն իր անվամբ պարտական է նրա պատերը զարդարող աշխարհագրական քարտեզներին, որոնք կատարել են Ջովաննի Բատիստա Ռամուսիոն՝ 1574 թվականին, ինչպես նաև Ֆրանչեսկո Գրիսելինին և Ջուստինո Մաննեսկարդին՝ 1762 թվականին։ Դահլիճի կենտրոնում են գտնվում 17-րդ դարին վերաբերվող երկու մեծ գլոբուս։

Կոլեգիայի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլեգիայի դահլիճը Ֆրանչեսկո Գվարդիի նկարում (18-րդ դարի 2-րդ կես)

Կոլեգիայի դահլիճում հավաքվում էր Կոլեգիան, որի կազմում էին դոժը, վեց խորհրդականները, ավագներ, Տասի խորհրդի անդամները և Վերին կանցլերը։ Այստեղ ընդունվում էին հանրապետության կառավարության կարևորագույն որոշումները։ Այդ դահլիճը 1574 թվականին ստեղծել է Անտոնիո դե Պոնտին։ Հրաշալի ոսկեզօծ քանդակներով առաստաղը ստեղծել է Ֆրանչեսկո Բելլոն։ Այն երիզ է հանդիսանում Վերոնզեի այլաբանական կտավների համար, որոնց մեջ առանձնանում է տրիբունայի վերևի «Վենետիկը գահին» կտավը։

Սենատի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենատի դահլիճը նույնպես վերակերտել է Անտոնիո դե Պոնտին։ Հիանալի առաստաղի նկարն արել է Կրիստոֆորո Սորտեն։ Առաստաղին տեղադրված մեծանկարը (պաննո) ստեղծել են տարբեր նկարիչներ, մասնավորապես՝ Տինտորետտոն։

Հառաչանքների կամուրջ

Օրենքների ղեկավարման և քրեական գործերի ղեկավարման դահլիճներից հնարավոր է դուրս գալ միջանցք, որը Պալատական ջրանցքի վրա անցկացրած Հառաչանքների կամուրջով ուղիղ տանում է դեպի Անտոնիո դե Պոնտիի նախագծած Նոր բանտերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 3,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  6. «The Doge's palace - Eastern wing and rebuilding after the fire in 1577». Venice.jc-r.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոժերի պալատ» հոդվածին։