Երաշտահավեր

Երաշտահավեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Երաշտահավեր
Լատիներեն անվանում
Paridae
Vigors, 1825
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178697
NCBI 9153
EOL 1629

Երաշտահավեր (լատին․՝ Paridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Հայտնի է 65, Հայաստանում՝ 5 տեսակ՝ մեծ երաշտահավ, միջերկրածովյան երաշտահավ, սև երաշտահավ, երկնագույն երաշտահավ, փուփուլավոր երաշտահավ։

Ընդհանուր բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են։ Մեծամասնությունը փչակաբնակ է։ Միջատակերներ են և որպես կենսաբանական պայքարի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու միջատների ոչնչացման գործում։ Հաջողությամբ բազմանում են արհեստական թռչնաբներում։ Մեծաքանակ են։

Երաշտահավերը կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքը։ Հայտնի է 65, Հայաստանում՝ 5 տեսակ՝ սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, միջերկրածովյան երաշտահավեր։ Երաշտահավերը փոքր չափերի (կենդանի զանգվածը՝ 7–23 գ) թռչուններ են։ Մարմնի երկարությունը 100–170 մմ է, կտուցը կարճ է՝ կոնաձև, ոտքերն ամուր են՝ հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարված են ծառերի ճյուղերով մագլցելուն։ Էգը և արուն գրեթե միագույն են, երբեմն՝ դեղինի ու երկնագույնի համադրությամբ։ Բնակվում են սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում, թփուտային կիսաանապատներում։ Երկնագույն, սև և մեծ երաշտահավերը նստակյաց, տարածված թռչուններ են։ Բնադրում են ծառերի փչակներում կամ փակ բներ են շինում։ Ունենում են մինչև 16 ձագ՝ սպիտակ կամ կարմրադարչնագույն։ Սնվում են միջատներով և դրանով զգալի օգուտ տալիս անտառտնտեսությանն ու այգեգործությանը։ Ձմռանը երաշտահավերը լուսամուտներին մոտ են թռչում, ասես կեր են խնդրում։ Նրանց կարելի է կերակրել արևածաղկի սերմերով, կանեփով, դդմի և ձմերուկի կորիզներով, նաև մսի մնացորդներով կամ անալի ճարպով (աղի ճարպից կարող են սատկել)։ Իսկ ամռանը նրանց գրեթե չես տեսնի. ողջ օրն զբաղված են ձագերի համար կեր հայթայթելով։ Երկնագույն և մեծ երաշտահավերը գեղեցիկ երգի և գունավառ փետրածածկի շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք են ներկայացնում։ Մեծ երաշտահավն աչքի է ընկնում նաև մեծ պտղաբերությամբ։ «Դիլիջան» ազգային պարկում գրանցվել է 95 % ձագերի թռիչքը բներից։ Փուփուլավոր երաշտահավը հազվագյուտ չվահյուր է. որպես հազվագյուտ տեսակ՝ Հայաստանի տարածքում գրանցվել է Ստեփանավանի դենդրոպարկում։ Միջերկրածովյան երաշտահավը քիչ տարածված է։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ ուշադրության։ Արհեստական թռչնաբներ տեղադրելու միջոցով կարելի է նպաստել նրանց բազմացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 542
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաշտահավեր» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաշտահավեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաշտահավեր» հոդվածին։