Թվական անուն

Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։

Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով. այս դեպքում այն նախադասության մեջ զբաղեցնում է որոշչի քերականական պաշտոն։ Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։

Թվականների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական անուն

Թվականներն ըստ իմաստի լինում են.

1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկ, հինգ, տասը, հարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները կազմված են երկու մասից՝ քանակական թվականից (համարիչից), որը ցույց է տալիս, թե ամբողջի քանի մասն է վերցված, և դասական թվականից (հայտարարից), որը ցույց է տալիս, թե ամբողջը քանի մասի է բաժանված։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մաս, բաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասը, հինգ ութերորդ հեկտար և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են սեռական հոլովով դրված լրացում, օրինակ՝ ուսանողների երկու երրորդը։

3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երկուական, տասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։

Բաշխական թվականները նախադասության մեջ սովորաբար հանդես են գալիս որոշչի, իսկ առանձին դեպքերում՝ չափի պարագայի պաշտոնով։

4. Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների կարգը թվարկման ժամանակ։

Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ, -երորդ ածանցների միջոցով։

Դասական թվականները նախադասության մեջ զբաղեցնում են որոշչի քերականական պաշտոն։ Դրանք նաև կարող են նախադասության մեջ գործածվել գոյականաբար. այս դեպքում նրանք ենթարկվում են անվանական հոլովման։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 220
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվական անուն» հոդվածին։