Իմունիտետ

Լիմֆոցիտների մասնակցությունը իմունիտետի ռեակցիաներում
Պատվաստուկի (վակցինայի) ներարկումը
Էդվարդ Ջեններ
Լուի Պաստյոր
Ֆագոցիտոզ
Հակածին-հակամարմին
Պատկեր:Hautausschlag Ruecken fcm.jpg
Ալերգիա
Ալերգիայի մեխանիզմը

Իմունիտետ, օրգանիզմի անընկալությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Դրա շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և այլ ախտածիններին ու վնասազերծում դրանց։ Տարբերվում են բնական և արհեստական իմունիտետ։ Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի։ Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ։ Այն տեսակային է՝ բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր անհատներին։ Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, և որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ։ Այս դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ։

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ։ Այն կարող է լինել ակտիվ և պասիվ։ Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները՝ պատվաստուկների ձևով։ Այդպիսի պատվաստումը, որը կոչվում է վակցինացիա, հիվանդություն չի առաջացնում, բայց պահպանում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը։ Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ։ Իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար։

Անընկալություն, վարակամերժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունիտետը վարակիչ հակածիններից և օտարածին նյութերից օրգանիզմի պաշտպանունակությունն է։ Ախտածին գործոններից են բակտերիաներն ու դրանց տոքսինները, վիրուսները, նախակենդանիները, մակաբույծ որդերը, փոխպատվաստած օրգաններն ու հյուսվածքները, փոփոխված սեփական բջիջները (օրինակ՝ քաղցկեղային) և այլն։ Դրանց ազդեցությամբ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ կամ հակազդեցության որևէ այլ ձև։ Հակամարմինները փոխազդեցության մեջ են մտնում հակածնի հետ և վնասազերծում այն։ Հակածնի ներգործության արդյունքում օրգանիզմում տեղի ունեցող իմունային վերակառուցումը կոչվում է ձեռքբերովի իմունիտետ, որը լինում է ակտիվ և պասսիվ։ Ակտիվ ձեռքբերովի իմունիտետը կարող է առաջանալ վարակիչ հիվանդության կամ օրգանիզմ վակցինա ներարկելու դեպքում։ Դա տեղի է ունենում հակածին ներարկելուց 1–2 շաբաթ անց և պահպանվում է երկար տարիներ (կարմրուկի դեպքում՝ ամբողջ կյանքի ընթացքում)։ Պասսիվ ձեռքբերովի իմունիտետն առաջանում է մորից պտղին հակամարմինների փոխանցման (ընկերքի միջոցով) դեպքում և մի քանի ամիսների ընթացքում ապահովում է նորածինների իմունիտետը որոշ վարակիչ հիվանդությունների հանդեպ։ Նման իմունիտետ կարելի է ստեղծել՝ արհեստականորեն օրգանիզմ ներարկելով տարբեր տոքսինների դեմ հակամարմիններ պարունակող իմունային շիճուկներ։ Բացի ձեռքբերովի իմունիտետից, օրգանիզմի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեն նաև ոչ առանձնահատուկ գործոնները, ինչպես, օրինակ, մաշկի և լորձաթաղանթների անթափանցելիությունը շատ միկրոօրգանիզմների համար, մաշկային արտազատուկներում և ստամոքսանյութում որոշ նյութերի առկայությունը, որոնք անբարենպաստ են ազդում միկրոօրգանիզմների վրա, արյան մեջ և օրգանիզմի հեղուկներում (թուք, արցունք) միկրոօրգանիզմները քայքայող ֆերմենտային համակարգերի ներկայությունը։ Հաստատվել է նաև, որ միկրոօրգանիզմների քայքայման արգասիքները, վիրուսները, տոքսիններն օրգանիզմից հեռանում են քրտինքի, մեզի, խորխի և այլ արտազատուկների միջոցով։ Վիրուսային վարակների ժամանակ ոչ առանձնահատուկ գործոններից կարևոր նշանակություն ունեն ինտերֆերոնը՝ վարակված բջիջների կողմից արտադրվող հակավիրուսային սպիտակուցը, և վիրուսների արգելակիչները (ինհիբիտորներ), որոնք առկա են արյան, թքի, վերին շնչուղների արտազատուկների մեջ և քիմիական բաղադրությամբ նման են բջիջների թաղանթին։ Պաշտպանության ոչ առանձնահատուկ դրսևորումներից է նաև հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, որը նպաստում է առողջացմանը (օրինակ՝ վիրուսային հիվանդությունների դեպքերում)։

Ոչ առանձնահատուկ իմունիտետը կարող է նվազել այրվածքների, գերսառեցման, արյան կորստի, քաղցածության, վնասվածքների ժամանակ, և այդ դեպքում օրգանիզմն ավելի զգայուն է դառնում վարակիչ հիվանդությունների և թարախաբորբոքային տարբեր երևույթների հանդեպ։ Կան պատրաստուկներ, որոնք բարձրացնում են ոչ առանձնահատուկ իմունիտետի մակարդակը, հետևաբար՝ շրջակա միջավայրի ազդեցությունների հանդեպ օրգանիզմի կայունությունը։ Օրգանիզմի իմունային պատասխանն իրականացվում է ավշային համակարգով, որի կազմության մեջ են մտնում ոսկրածուծը, ուրցագեղձը, փայծաղը, ավշահանգույցները և այլն, որոնք արյունատար և ավշային անոթների ցանցի միջոցով միավորված են միասնական համակարգում։ Ուրցագեղձը մասնակցում է 2 ձևի իմունային պատասխանների, որոնք իրականացվում են T– և B – լիմֆոցիտներով։ B-լիմֆոցիտները մշակում են առանձնահատուկ սպիտակուցներ՝ իմունոգլոբուլիններ, որոնք վնասազերծում են վարակիչ հիվանդությունների հարուցիչներին և դրանց տոքսիններին։ T-լիմֆոցիտները երբեմն կարող են կասեցնել հակամարմինների առաջացումը կամ ապահովել դիմացկունության՝ տոլերանտության (հակածնին «անպատասխանելիության») վիճակ։ T-լիմֆոցիտը, ճանաչելով օտարածին բջջին, նրան ոչնչացնում է առաջին իսկ հանդիպման ժամանակ և կոչվում է «քիլեր» (սպանող) բջիջ։ Բնական «քիլեր» բջիջները և ավշանման բջիջները իմունաբանական հսկողության բազմաբաղադրիչ համակարգի կարևոր օղակն են։ Ցանկացած օտարածին կամ սեփական փոփոխված բջիջ անմիջապես ենթարկվում է գրոհի բնական «քիլեր»-բջիջների կողմից։ Իմունային համակարգի գործունեության նուրբ մեխանիզմների պարզաբանման հարցերով զբաղվում է իմունոգենետիկան, որը իմունաբանության բաժիններից է և ձևավորվել է 1960–1970-ական թվականներին։

Օրգանիզմի պաշտպանական հատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում՝ մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում։ Պատմական զարգացման (էվոլյուցիա) ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար։ Օրգանիզմում իմուն ռեակցիաները դրսևորվում են դեռևս սաղմնային շրջանում և պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում, աստիճանաբար թուլանալով ծերության ժամանակ։ Իմունիտետը հիվանդածին մանրէներից, վիրուսներից և օտարածին մարմիններից օրգանիզմի պաշտպանվելու ընդունակությունն է։

Օրգանիզմը կարելի է համեմատել ամրոցի հետ, որի բոլոր մուտքերը գտնվում են մշտարթուն «բանակի» հսկողության ներքո։ Շատ արգելքներ պետք է հաղթահարի մանրէն օրգանիզմ ներթափանցելու համար։ Իսկ ովքե՞ր են այդ բանակի հետևակայինները։ Բոլոր բջիջներում կան նյութեր, որոնք ընդունակ են սպանել մանրէներին կամ արգելակել նրանց բազմացումը (օրինակ, թուքը և արցունքը)։ Իզուր չէ, որ կենդանիները վերքը լիզում են։ Արյան մեջ նույնպես կան հակամանրէային նյութեր, որոնք պայմանավորում են հումորալ իմունիտետը։ Սակայն շատ մանրէներ իրենց «լավ են զգում» մաշկի վրա ու ներթափանցվելով արյան մեջ՝ այնտեղ բազմանում են։ Նշանակում է նրանց դեմ անհրաժեշտ են նոր «զորքեր»։ Դրանցից են լեյկոցիտների որոշ տեսակներ, որոնք մանրէներին որսալու ու ոչնչացնելու համար ստացել են ֆագոցիտ անունը։ Ֆագոցիտները գտնվում են արյան մեջ, անոթների պատերին, լյարդում, ենթամաշկային շարակցական հյուսվածքում։ Նրանք իրենց չափերով ու ձևերով տարբեր են։ Առաջինը ստանալով ազդանշանը, նրանք «վաշտերով» ժամանում են ախտահարման վայրը, կլանում մանրէներին, մաքրում այն ամենը, ինչ մնացել է օրգանիզմի մահացած բջիջներից։ Նրանց են միանում նաև շարակցական հյուսվածքի որոշ բջիջներ, առաջացնելով բջջային իմունիտետ։

Իմունիտետի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորալ ու բջջային իմունիտետի վերը նկարագրված տեսակները կազմում են ոչ մենահատուկ իմունիտետ, որը բնական պայմաններում հատուկ է բոլոր մարդկանց։ Մարդու օրգանիզմում գործում է նաև մենահատուկ իմունիտետը, որն ապահովում են լիմֆոցիտները։ T լիմֆոցիտներն իրագործում են բջջային, իսկ B լիմֆոցիտները՝ հումորալ իմունիտետ։ B լիմֆոցիտները սինթեզում են մենահատուկ հակամարմիններ ընդդեմ օտարածին ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի և այլ նյութերի։

Իմունիտետը լինում է բնական ու արհեստական։ Օրինակ, մարդն անընկալունակ է խոշոր եղջերավոր անասուններին վտանգ սպառնող չումա հիվանդության հանդեպ։ Դա բնական բնածին իմունիտետ է, որը սերունդը ժառանգում է ծնողներից։ Որոշ հիվանդությունների ժամանակ մանրէի հետ առաջին ընդհարումն իմունիտետի բանակի զինվորների համար դառնում է այնպիսի դպրոց, որ նրանք այս պայքարից դուրս են գալիս կոփված ու անպարտելի ամբողջ կյանքի ընթացքում։ Մեկ անգամ ծաղկով հիվանդացած մարդն այլևս այդ հիվանդությամբ չի հիվանդանում։ Սա բնական ձեռքբերովի իմունիտետն է։ Սակայն մեզանից ոչ մեկը չի ցանկանա, որ իր օրգանիզմը վարժեցնի հիվանդության գնով։ Ուստի բնական իմունիտետին զուգընթաց գործում է նաև արհեստական իմունիտետը։ 1776 թ. անգլիացի բժիշկ Ջենները առաջարկեց բնական ծաղկով հիվանդանալը կանխելու միջոց, իսկ 1881 թ. ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորն ուսումնասիրեց հավի խոլերայի հարուցչի ազդեցությունը։ Նա նկատեց, որ հավի խոլերայի թուլացրած հարուցիչներով վարակված հավերը չեն մահանում։ Թուլացրած մանրէներով կուլտուրան նա անվանեց պատվաստուկ (վակցինա)։ Լ. Պաստյորին է պատկանում պատվաստման միջոցով մարդկանց նախապահպանումը կատաղություն, սիբիրյան խոց հիվանդություններից։ Հետագայում պատվաստումները միլիոնավոր մարդկանց փրկեցին պոլիոմելիտ, կապույտ հազ, դիֆթերիա հիվանդություններից։ Պատվաստմամբ առաջացրած իմունիտետը կոչվում է արհեստական ակտիվ իմունիտետ։ Այս դեպքում օրգանիզմում մշակվում են հակամարմիններ, որոնք երկրորդ անգամ տվյալ հարուցչին հանդիպելիս առաջացնում են հակածին-հակամարմին ռեակցիա։ Այժմ ստեղծվել են բազմաթիվ պատվաստուկներ, որոնցով կանխարգելում են տարբեր վարակիչ հիվանդություններ։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա կանխարգելիչ պատվաստումների նշանակությունն ու չխուսափի դրանցից։ Բուժական պրակտիկայում օգտագործվում են նաև պատրաստի հակամարմիններ՝ բուժիչ շիճուկներ, որոնց միջոցով օրգանիզմը ձեռք է բերում արհեստական պասիվ իմունիտետ որևէ հիվանդության հարուցչի նկատմամբ։

Քաղցը, հոգնածությունը, մրսածությունը, սթրեսը, դեղանյութերի չարաշահումը, ռենտգենյան ճառագայթները կարող են ճնշել օրգանիզմի իմունիտետը։

Շիճուկաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Պաստյորի աշակերտ Ռուսը նկատել է, որ դիֆթերիայի թույնի աճող դոզաներով պատվաստված ձին անընկալունակ է դառնում այդ հիվանդածին թույնի նկատմամբ։ Կենդանու արյան մեջ թույնի կրկնակի պատվաստումներն առաջացնում են մեծ քանակով հակամարմիններ։ Ռուսն անջատեց արյան շիճուկն ու ներարկեց դիֆթերիայով հիվանդներին։ Նրանք հեշտությամբ ապաքինվեցին։ Այժմ այս մեթոդով ստացված բուժիչ շիճուկները մեծ կիրառում ունեն։ Որոշակի հակածնի նկատմամբ հատուկ հակամարմիններ պարունակող շիճուկն օրգանիզմում ստեղծում է պասիվ իմունիտետի միայն տվյալ հիվանդության նկատմամբ։ Ձեռքբերովի պասիվ իմունիտետը վաղանցիկ է։

Մեր օրգանիզմը ջանասիրաբար պաշտպանող իմուն մեխանիզմները որոշ պարագաներում ուղղվում են մեր դեմ, և իմունիտետը հավատարիմ բարեկամից փոխակերպվում է ատելի թշնամու։ Շատ դեպքերում օրգանիզմն առանց պատճառի կարող է պատերազմել իր իսկ հյուվածքների ու բջիջների դեմ։ Իմունիտետն օրգանիզմին մեծ վնաս է հասցնում հատկապես օրգանների ու հյուսվածքների պատվաստման ժամանակ։ Օրգանիզմը չի ընդունում այն, ինչն իր համար գենետիկորեն օտար է ու ոչ միատարր։ Օրգանիզմի իմուն համակարգի համար լուրջ վտանգ են ներկայացնում նաև աղտոտված օդը, զանազան դեղանյութեր, պլաստմասսան, կապրոնը, նեյլոնը և այլն։ Առօրյան կյանքում հաճախ լսում ենք մարդկանց կողմից ճիշտ և հաճախ ոչ ճիշտ օգտագործվող «Ես այսինչ երևույթի նկատմամբ ալերգիա ունեմ» նախադասությունը։

Ալերգիա (հունարեն «ալոս» ուրիշ, «էրգոն» գործողություն) հասկացությունը բնորոշվում է օրգանիզմի գերզգայնությունը որոշ նյութերի նկատմամբ։ Վերջիններս ստացել են ալերգածին (ալերգեն) անվանումը։

Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է մեծ քանակով նոր քիմիական նյութերի, դեղանյութերի, նույնիսկ սննդամթերքների սինթեզին։ Դրանցից որոշ նյութեր, ընկնելով օրգանիզմ, կարող են ազդել իմունիտետի վրա։ Դրանց նկատմամբ զգայնությունն այնքան է բարձրանում, որ նույնիսկ չնչին քանակներով կարող են առաջացնել ուժեղ հակազդումներ։ Բարձրացած զգայնության վիճակը կոչվում է ալերգիա։ Արտաքին միջավայրից օրգանիզմ ներթափանցող ալերգածինները լինում են վարակիչ (մանրէ, վիրուս, սունկ) և ոչ վարակիչ (փոշի, ընտանի կենդանիների մազեր, դեդանյութեր, քիմիական նյութեր, բուսական ու կենդական ծագում ունեցող սննդանյութեր)։ Օրինակ, ծաղկած խոտաբույսերից օդի մեջ անցած ծաղկափոշին կարող է դառնալ ալերգածին, քանի որ, ընկնելով աչքի ու քթի մեջ, գրգռում է լորձաթաղանթը և առաջացնում փռշտոց, հազ, արցունքազատում։ Որոշ դեպքերում զարգանում է խոտատենդ հիվանդությունը, որի ժամանակ բարձրանում է մարմնի ջերմությունը, բորբոքվում աչքի լորձաթաղանթը, առաջանում է հարբուխ, հազ։ Ալերգիկ ռեակցիաներ են առաջանում նաև որոշ դեղանյութեր (հակաբիոտիկներ), օծանելիքը, մազի լաքը, ներկը, մաքրող քիմիական փոշիները։ Ալերգիայի տարածված ձևերից է նաև եղնջատենդը, որի ժամանակ մաշկի վրա առաջանում են քորով ուղեկցվող բազմաթիվ բշտեր։ Բրոնխային հեղձուկը նույնպես ալերգիկ հիվանդություն է, որի հարուցիչները տարբեր են, իսկ ազդեցությունը՝ միատեսակ։ Դրանք ընկնելով մարդու շնչուղիներ, առաջացնում են բրոնխների կծկանք, որի հետևանքով դժվարանում է օդի մուտքը թոքեր։ Հաճախ երեխաների մոտ սննդամթերքներից (ելակ, ձու, լոլիկ, շոկոլադ և այլն) առաջանում է դիաթեզ՝ մաշկը որոշ հատվածներում կեղևակալում է, երեխան տանջվում է քորից։

Չնայած ալերգենների բազմազանության, ալերգիկ ռեակցիաները զարգանում են գրեթե նույն մեխանիզմով։ Առաջին անգամ օրգանիզմ ներթափանցած մարմինների դեմ սինթեզվում են հակամարմիններ, որոնք բարձրացնում են օրգանիզմի զգայնությունը նրա հանդեպ։ Այս ռեակցիան ընթանում է առանց նկատելի հետևանքների։ Սակայն նույն օտարածին մարմինը երկրորդ անգամ ներթափանցելիս, օրգանիզմում առաջանում է ալերգիկ ռեակցիա, այսինքն այն դառնում է ալերգածին մարդու համար։ Օրգանիզմը սկսում է հակածին հակազդել փոփոխված ձևով։ Ալերգենի և հակամարմնի միացման հետևանքով առաջացած նյութերն ախտահարում են նյարդային կենտրոնները, առաջացնում ֆունկցիաների բազմատեսակ խանգարումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 332