Կասպից ծով
Կասպից ծով (պարս.՝ دریای خزر ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), լիճ Եվրոպայի և Ասիայի միջև։ Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[2][3]։ Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11-13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[4]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։
Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կասպից» անվանումը առաջացել է Կասպեր (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից Հարավային Կովկաս տարածաշրջանում[5][6]։ Ստրաբոնն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»[7]։ Բացի այդ Կասպիական Դարպասը, որն Իրանի Թեհրանի նահանգի շրջանի պատմական անվանում է, հուշում է այն մասին, որ կասպք ցեղերը ժամանակին գաղթել են ծովից դեպի հարավ։ Ծովի արաբական անվանումն է Բահր ալ Ղազվին (Ղազվինյան ծով)[8]։
Հնում հունական, պարսկական և այլ աղբյուրներում Կասպից ծովը կոչվել է նաև Հիրկանաց ծով անվանումով[6][9]։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը[6]։ Նշված անվանումները առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով[6]։
Հին սլավոնական աղբյուրներում հանդիպում են ծովի Խվալինյան և Խվալիսյան անվանումներին[10]։ Թյուրքական աղբյուրներում ծովին տրվել է Խազարական ծով անվանումը[11]
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպից ծովը, ինչպես նաև Սև ծովը, Նամակ և Ուրմիո լճերը հանդիսանում են կայնոզոյի դարաշրջանում գոյություն ունեցած Պարատեսիս ծովի ջրային մնացորդներ։ Կասպիցը դարձել է դեպի բաց ծով ելք չունեցող ջրավազան տեկտոնական վերելքի և ծովի մակարդակի նվազման հետևանքով մոտավորապես 5,5 միլիոն տարի առաջ։ Տաք և չոր կլիմայական ժամանակաշրջաններում դեպի բաց ծով ելք չունեցող Կասպիցը գրեթե ցամաքել է։
Կասպից ծովը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։
Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝
- Հյուսիսային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 25 %-ը,
- Միջին Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 36 %-ը,
- Հարավային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 39 %-ը
Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով[12]։
Ափամերձ տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։
Թերակղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են
- Ապշերոնյան թերակղզի, որը գտնվում է արևմտյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Մեծ Կովկասի հյուսիս-արևելյան վերջավորությունն է։ Այստեղ են տեղակայված Բաքու և Սումգայիթ քաղաքները։
- Մանգըշլակ թերակղզի, որը տեղակայված է արևելյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ղազախստանի կազմի մեջ։ Այստեղ է տեղակայված Ակտաու քաղաքը։
- Ագրախանյան թերակղզի, որը տեղակայված է հյուսիս-արևմտյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության կազմի մեջ։
- Բուզաչի թերակղզի, որը տեղակայված է հյուսիս-արևելյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ղազախստանի կազմի մեջ։
- Միանկալե թերակղզի, որը տեղակայված է հարավային մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Իրանի կազմի մեջ։
Կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2
Առավել խոշոր կղզիներից են
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=4282
- ↑ «Caspian Sea – Background». Caspian Environment Programme. 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.(անգլ.)
- ↑ «ESA: Observing the Earth – Earth from Space: The southern Caspian Sea». ESA.int. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.(անգլ.)
- ↑ Resolution of conference «Climate and Water Balance Changes in the Caspian Region» (October 2010)․(անգլ.)
- ↑ Caspian Sea in Encyclopædia Britannica.(անգլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ «Strabo. Geography. 11.3.1». Perseus.tufts.edu. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)
- ↑ Iran (5th ed., 2008), by Andrew Burke and Mark Elliott, p. 28 Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, Lonely Planet Publications, 978-1-74104-293-1(անգլ.)
- ↑ Hyrcania Արխիվացված 2011-06-04 Wayback Machine. www.livius.org. Retrieved 2012-05-20.(անգլ.)
- ↑ Max Vasmer, Etimologicheskii slovar' russkogo yazyka, Vol. IV (Moscow: Progress, 1973), p. 229.(անգլ.)
- ↑ Drainage Basins – Caspian Sea․(անգլ.)
- ↑ Особенности недропользования на территории Республики Калмыкия / Сангаджиев М. М. — М.-Берлин: Директ-Медиа, 2015.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպից ծով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 277)։ |