Կարսի պայմանագիր
Կարսի պայմանագիր | |
---|---|
Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | ապօրինի պայմանագիր |
Ստորագրվել է — վայր | 1921 թ. հոկտեմբերի 13 Կարս |
Ստորագրել են | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Քյազիմ Կարաբեքիր, Վելի, Մուխտար, Մեմդուհ Շևքեթ, Հայկական ԽՍՀ-ի անունից՝ Ասքանազ Մռավյան, Պողոս Մակինցյան |
Կողմեր | Հայկական ԽՍՀ |
Վիքիդարան պարունակում է տեքստը. hy:Կարսի պայմանագիր |
Կարսի պայմանագիրը (թուրքերեն՝ Kars Antlaşması, ռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։
Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում[1]։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտված Հայկական կողմին պարտադրվել են Բոլշևիկյան ղեկավարության և Թուրքական նորակազմ իշխանությունների կողմից։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին մղված ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունը տիրացավ ժամանակակից Անդրկովկասի տարածքի մեծագույն մասին։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցան նաև Կարսի, Արդահանի, Արդվինի և Բաթումի շրջանները։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գրավված տարածքները բաժանված էին Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թիֆլիսի ու Քութայիսի նահանգների և Կարսի ու Բաթումի մարզերի միջև։
Ռուսաստանը և Թուրքիան կրկին բախվեցին 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմում։ Պարտության մատնելով Էնվերի գլխավորած թուրքական բանակը Սարիղամիշի ճակատամարտում՝ ռուսները տիրեցին ռազմական նախաձեռնությանը։ Էնվերն իր պարտության մեջ մեղադրեց հայերին. արդյունքում մերձճակատային գոտուց ռուսամետ հայերի հեռացման պատրվակով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ Մեծ եղեռնը։ 1915-1916 թվականներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915 թվականի ապրիլին, Էրզրումը՝ 1916 թվականի փետրվարին, Բիթլիսը և Մուշը՝ մարտին, Տրապիզոնը՝ ապրիլին, Երզնկան՝ հուլիսին։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դադարեցրեցին ակտիվ գործողությունները, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լքել իրենց դիրքերը։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարով պատերազմական գործողությունները Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ավարտվեցին, որից հետո ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Կովկասյան ճակատից՝ թողնելով դիրքերը հայկական ջոկատներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը, որը 1918 թվականի փետրվարի 24-ին հռչակեց անկախ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը։
Օգտվելով ռուսական զորքերի հեռացումից՝ թուրքերը 1918 թվականի փետրվարին անցան հարձակման ճակատի գծի ողջ երկարությամբ՝ երկու ամսվա ընթացքում հետ գրավելով Արևմտյան Հայաստանի տարածքները։ Ապրիլին թուրքերը ներխուժեցին նախկին ռուսական տարածք՝ գրավելով Կարսը և Ալեքսանդրոպոլը։ Մինչ այդ, մարտի 3-ին, ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչեց Կարսի, Արդահանի և Բաթումի անցումը Թուրքիային։ Մայիսին թուրքական զորքերն անցան նոր հարձակման. նրանց առաջխաղացումը դեպի Երևան կանգնեցվեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայկական զորքերի հաղթանակից հետո, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական բանակը պարտվեց։ Մայիսի վերջին Անդրկովկասյան ֆեդերացիան մասնատվեց՝ մայիսի 26-ին Վրաստանի անկախության հայտարարումից հետո։ Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Նորաստեղծ հանրապետությունը ստիպված էր կնքել Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում էր 14 հազար կմ² տարածքով՝ կորցնելով ոչ միայն Կարսը և Արդահանը, այլև Շիրակը, Սուրմալուն, Նախիջևանը, Շարուր-Դարալագյազը, Զանգեզուրը, Ղարաբաղը և այլն։
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը լքեցին Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր վերահսկողությունը կորցված տարածքների զգալի մասի նկատմամբ։ Սակայն թուրքերի նահանջից հետո դեկտեմբերի 1-ին իսլամիստները Կարսում հռչակեցին Հարավ Արևմտյան Կովկասյան հանրապետությունը։ Վերջինս լուծարվեց 1919 թվականի ապրիլին անգլիացիների կողմից, որից հետո Կարսի մարզի տարածքի մեծ մասը փոխանցվեց Հայաստանին։ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մեկամյա բանակցություններից հետո 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլև Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս։ Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով. 1920 թվականի ապրիլին Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երբևէ չճանաչեց այդ պայմանագիրը և Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշևիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ հայերի համար ոչ նպաստավոր մի շարք պայմանագրերի կնքմանը։
1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում։ Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա։ Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին։ Դրան զուգահեռ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից։
1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը։ Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը։ Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։
Պայմանագրի դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսի պայմանագիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.
- Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։
- Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։
- Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։
- Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։
Պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Թյուրըմբռնումների և տասնամյակներ տևած նենգափոխումների պատճառով առ այսօր տիրում է այն սխալ տեսակետը, որ Կարսի պայմանագիրն է որոշում այսպես կոչված հայ-թուրքական սահմանը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթի քննումն ակնհայտ է դարձնում, որ այն երբեք չի ունեցել և չունի իրավական ուժ, հետևաբար չի ստեղծում պարտավորություններ կողմերի համար[2]։
Կնքող կողմերի լիազորությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հայկական ՍՍՀ-ի իրավական կարգավիճակի և Կարսի պայմանագրի օրինականության և իրավականության (legitimacy and legality) հարցերը սերտորեն շաղկապված են։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»[3]։ Այսինքն, պայմանագրի օրինականության և իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։
Հայկական ՍՍՀ-ի կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՍՍՀ-ն անկախ երկիր չէր, թեև այդպես էր գրված մի շարք ներքին օգտագործման փաստաթղթերում (օրինակ՝ ՀՍՍՀ կամ ԽՍՀՄ սահմանադրություններում)։ Անկախ չէր համարվում, որովհետև միջազգային իրավունքում միակողմանի իրավական փաստաթղթերը (unilateral legal acts), ինչ ձևով էլ դրանք արտահայտված լինեն (հռչակագրերի, հայտարարագրերի, սահմանադրությունների և այլն), չեն կարող շնորհել ավելի շատ իրավունքներ, քան դա հասնում է ըստ միջազգային իրավունքի[4]։ ՀՍՍՀ-ի գոյությունը, հետևաբար դրա իրավական կարգավիճակը, բաժանվում է 2 ժամանակահատվածի՝
- 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1922 թվականի դեկտեմբերի 30-ը՝ «ՀՍՍՀ» կոչված տարածքի առանձին, բայց ոչ անկախ գոյության ժամանակահատված, որի ընթացքում ունեցել է բռնազավթված տարածքի[5] (occupied territory) կարգավիճակ[6]։ ՀՍՍՀ-ում 1920 թվականի դեկտեմբերի 2-ից իշխանության բերված վարչախմբի իրավական կարգավիճակը շատ կարևոր է, քանի որ այդ կարգավիճակից են ածանցվում Հայաստանի անունից Կարսի պայմանագիրը ստորագրած անձանց լիազորությունները։ ՀՀ օրինական իշխանությունները, ռուս-թուրքական համադրված ռազմական գործողությունների հետևանքով[7] հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված էին իշխանության փոխանցման մասին համաձայնագիր կնքել «Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. լիազոր ներկայացուցիչ ընկ. Լեգրանի» հետ, որը հանդես էր գալիս «Ռ.Կ.Կ.Կ.Կ.-ի (Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե) լիազորությամբ, ի դեմս Ռուսաստանի Սովետական կառավարության»[8]։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այստեղ կարևորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված մարդկանց խումբը, որը նախապես հանդես էր գալիս Հայհեղկոմ անունով[9], օտարերկրյա և անօրինական վարչակարգի դրածո վարչախումբ էր։ Կարսի պայմանագիրը ստորագրած վարչախմբի ներկայացուցիչների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի, լիազորությունը խարսխված էր ոչ թե օրինական իշխանության, այլ երկիրը բռնազավթած օտարերկրյա բանակի քաղաքական ղեկավարության կամքի վրա և իրականացվում էր պարտադրանքի տակ։ Դա է փաստում նաև այն իրողությունը, որ նման քաղաքական պարտադրանքի պարտավորությունը մինչ այդ ամրագրվել էր Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան 16.03.1921 թվականի պայմանագրի 15-րդ հոդվածում[10]։ Պատմական անվիճելի փաստ է, որ ՀՀ-ն բռնազավթվել էր 1920 թվականի օգոստոսի 24-ին կնքված ռազմական դաշնագրով[11] նախատեսված բոլշևիկ-քեմալական գործողությունների հետևանքով[12], և այդ միասնական ուժով Հայաստանում իշխանության էր բերվել «խամաճիկային վարչախումբ»։ Այս առումով միջազգային իրավունքը միանշանակ է. զավթիչ ուժի և նրա կողմից իշխանության բերված խամաճիկային կառավարության միջև (a puppet government) կնքած որևէ պայմանագիր կամ բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանքազուրկ է (are not effective)[13]։ Ավելին, երկրի համար ընդհանրապես իրավական հետևանք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով[14]։
- 1922 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1991 թվական սեպտեմբերի 21-ը՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության կազմում «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորի գոյության ժամանակահատված, որի ընթացքում ունեցել է բռնակցված տարածքի (annexed territory) կարգավիճակ[15]։
Միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն երբեք չի եղել պետություն և, բնականաբար, երբեք ճանաչված չի եղել որպես այդպիսին։ Պետության ճանաչումը մեկ այլ պետության կողմից վճռորոշ նշանակություն ունի պետության կայացման գործում[16]։ ՀՍՍՀ-ն իր գոյության և ոչ մի հատվածում երբեք ճանաչված չի եղել որևէ օրինական ճանաչում ունեցող պետության լիազոր իշխանությունների կողմից։ ՀՍՍՀ-ի, այսպես կոչված, ճանաչումները չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից[17]։ Հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն ի սկզբանե չի ունեցել միջպետական հարաբերություն իրականացնելու որևէ կարողություն և իրավասություն, մասնավորապես՝ միջազգային պայմանագիր կնքելու լիազորություն։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922 թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից[18]։ Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (հոկտեմբերի 30, 1918) ոտնահարումը։ Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920 թվականի մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թվականի հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով[19]։ Կարսի պայմանագիրը ստորագրած Քյազըմ Կարաբեքիրը 1921 թվականին չէր հանդիսանում իրավականորեն ճանաչված թուրքական պետության լիազոր ներկայացուցիչը, այլ Քեմալի մարտախմբի ներկայացուցիչն էր։
Պայմանագրի վավերացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ խնդրահարույց է նաև Կարսի պայմանագրի օրինապես վավերացված լինելու հարցը։ Ըստ պայմանագրի 20-րդ հոդվածի՝ պայմանագիրը ենթակա էր վավերացման։ Սակայն տպագիր աղբյուրներում չի գտնվել հիշատակում ՀՍՍՀ որևէ կառույցի կողմից Կարսի պայմանագրին պաշտոնական անդրադարձած, առավել ևս՝ վավերացրած, լինելու մասին։ Կարսի պայմանագրի վերաբերյալ սովետական աղբյուրները[20] նշում են միմիայն վավերագրերի փոխանակման մասին (Երևան, 11.09.1922 թ.), սակայն չեն նշում Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի կողմից պայմանագրի վավերացման մասին։
Օտար աղբյուրները նշում են, որ Կարսի պայմանագիրը վավերացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից (16.03.1922 թ., օրենք #207) և, ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ ՌՍՖՍՀ-ի կողմից[21]։ Եթե սա իրողություն է, ապա, ըստ այդմ, Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր նաև վավերացման գործընթացի կոպիտ խախտման պատճառով։ Ըստ միջազգային իրավունքի հստակ է. յուրաքանչյուր երկիր կարող է որևէ պայմանագիր վավերացնել միմիայն իր անունից և իր համար ու չի կարող դա անել ուրիշի փոխարեն։
Այսպիսով, Կարսի պայմանագիրը ստորագրելու գործընթացը ոտնահարել է մի շարք jus cogens-ներ։ Ըստ այդմ, եթե սահմանի հստակեցման և հաստատման գործընթացը խախտել է միջազգային իրավունքի որևէ անբեկանելի սկզբունք՝ jus cogens, ապա տվյալ սահմանն անօրինական է և անվավեր (illegal and void)[22], քանի որ անօրինական և անվավեր է այն ամրագրող պայմանագիրը։ Այս սկզբունքն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի մասին օրենքի կոնվենցիայի 53-րդ հոդվածի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 527
- ↑ Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012, էջ 72-78
- ↑ Manual of Terminology of Public International Law (by Paenson I.), UN, NY, 1983, p. 38.
- ↑ Jankovic B.M. Public International Law. NY, 1984, p. 271.
- ↑ Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
- ↑ Ըստ միջազգային իրավունքի, բռնազավթող ուժը չի հանդիսանում տվյալ երկրի de jure իշխանությունը, այլ միայն իրականացնում է de facto կառավարում, հետևաբար այն լիազորված չէ հանդես գալու երկրի անունից։ (“The authority exercised by an occupying power is, as far as international law is concerned, a de facto, not de jure authority. … The occupying power’s ability to enforce respect for its legitimate interests is not an authority to create law.” From: Bothe M. Occupation, Belligerent. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1997, v. III, p. 764.)
- ↑ ԱՄՆ Սենատի թիվ 245 բանաձևը (3 հունիսի, 1924 թ.) միանշանակորեն ամրագրել է, որ Թուրքիան և Ռուսաստանը միասնաբար են գործել Հայաստանի կործանման ուղղությամբ։ (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State, brutally murdered hundreds of thousands of Armenians ... Senate Resolution, 245, June 3, 1924. The Armenian Review, vol. 30, No. 3-119, 1977, p. 286)
- ↑ Վրացեան Ս. Հայաստանի Հանրապետութիւն. Թեհրան, 1982, էջ 501։ Անգլերեն տեքստի համար տե՛ս՝ Vratzian S. How Armenia was Sovietized (part IV). The Armenian Review 1948;I(4):89-90
- ↑ 1921 թ. մայիսի 21-ին Հայհեղկոմը վերանվանվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի
- ↑ «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»։ (Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթե¬րում. Երևան, 1972, էջ 504)
- ↑ Էնվեր փաշայի Մոսկվայից գրված նամակը (26 օգոստոսի, 1920 թ.), գերմանացի գեներալ Ֆոն Սեկտին (Von Seckt): Նա մասնավորապես գրում է. «Երեկ չէ առաջին օրը մենք ստորագրեցինք թուրք-ռուսական բարեկամության դաշնագիր։ Այդ դաշնագրի հիման վրա ռուսները մեզ օգնելու են փողով և բոլոր այլ միջոցներով»։ (The other day we signed a Turco-Russian friendship pact. On the basis of that pact, the Russians will help us with money and all other means. From: Vemian V.,Two Little Known Letters of Enver Pasha, Written from Moscow. The Armenian Review 1948;I(3):57)
- ↑ Բոլշևիկների և քեմալականների սերտ համագործակցության մասին տե՛ս՝ Hovannisian R.G. Armenia and the Caucasus in the Genesis of the Soviet-Turkish Entente. The Armenian Review 1974;27(1-105):33-52
- ↑ Fiedler W. Continuity. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 808
- ↑ Brownlie I. Ibid, p. 449.
- ↑ “Annexation is the forcible acquisition of territory by one State at the expense of another”. From: Bindschedler R.L. Annexation. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 168.
- ↑ Williams S., De Mestral A. An Introduction to International Law. Toronto-Vancouver, 1987, p. 44.
- ↑ Moore J.B. Digest of International Law. Washington, 1906, vol. I, p. 73
- ↑ Chen T.-C. The International Law of Recognition, London, 1951, p. 138.
- ↑ Amnesty Declaration and Protocol, signed 24 July 1923.
- ↑ Տե՛ս, օրինակ՝ Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1960, с. 429; Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում. Երևան, 1972, էջ 527
- ↑ Okcun G.A. A Guide to Turkish Treaties (1920-1964). Ankara, 1966, p. 4.
- ↑ Bothe M. Boundaries. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 448.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25)։ 341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարսի պայմանագիրը
- Կարսի պայմանագրի տեքստը (անգլերեն) Արխիվացված 2001-01-27 Wayback Machine
- Հայտարարություն 1921 թ․ Կարսի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին Արխիվացված 2021-06-02 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 347)։ |