Հայերեն արմատական բառարան
Հայերեն արմատական բառարան | |
---|---|
Հեղինակ | Հրաչյա Աճառյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | հայերեն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Երկիր | ![]() |
«Հայերէն Արմատական Բառարան», Հրաչյա Աճառյանի ամենաարժեքավոր աշխատանքներից։ Բառարանում ստուգաբանված բառերի քանակն է 5,602։ Հրատարակված ապակետիպ է առաջին անգամ յոթ հատորով 1926-1935։ 1971 թվականին երկրորդ հրատարակությունը եղել է Երևանում։
Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» տիպական բառահոդվածները ներկայանում են հինգ բաժնով՝
- Բառագիտություն։ Գլխաբառ արմատի դիմաց տրված են քերականական նշումներ, բացատրվում է իմաստը, ուղենշվում նրա պատմական էվոլյուցիան, բերվում են համապատասխան վկայություններ (գրավոր աղբյուրներից), որոնց մեջ երևում է արմատի բառակազմական պլանը, ցուցադրվում են նրանից կազմված բառերը, հնչյունափոխված ձևերը, տարբեր գրչությունները և այլն։
- Ստուգաբանություն։ Բնիկ հայերեն բառի դիմաց տրվում են հնդեվրոպական նախալեզվի վերականգնված ձևը, ցեղակից լեզուների վկայությունները, իսկ եթե բառը փոխառյալ է, նշվում է աղբյուրը (փոխատու լեզուն)՝ համապատասխան բառի (արմատի) ցուցադրումով։
- Ստուգաբանությունների պատմություն։ Բերվում են տվյալ արմատի վերաբերյալ անցյալում արված բոլոր ստուգաբանությունները։ Այս բաժինը հիմնականում տեղեկատու նշանակություն ունի։
- Բարբառագիտություն։ Բերվում են արմատի համապատասխանությունները նոր հայերենի բարբառներում՝ ցուցադրելով դրա հնչյունական, իմաստաբանական, բառակազմական զարգացումները, փոփոխությունները։ Գավառական ձևերը վերցված են հայերենի մի քանի տասնյակ բարբառներից։
- Փոխառություն հայերենից։ Այստեղ նշվում է, թե տվյալ արմատը՝ իբրև հայերենից կատարված փոխառություն, որ լեզվում է առկա։
Բառարանի առաջաբանում հեղինակը հանգամանորեն պարզաբանում է իր աշխատության կառուցվածքը, մեկնաբանում ստուգաբանական այն սկզբունքները, որոնցով ղեկավարվել է ինքը։ Առաջաբանին կից տրված են համառոտագրական ընդարձակ ցանկեր։ Բառարանի առաջին հրատարակության 7-րդ հատորը հավելվածային է, և երկրորդ հրատարակության ժամանակ այն մուծվել է համապատասխան բաժինների մեջ։ Հ. Աճառյանի այս աշխատությունն անգնահատելի ներդրում է հայերենագիտության մեջ. այն իր նմանը չունի նաև համաշխարհային բառարանագրության մեջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 1971ի հրատարակութիւնը առ ցանց իր ամբողջութեամբ և որոնելի իր գլխաբառերով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։