Մելիք-Շահնազարյաններ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Շահնազարյան (այլ կիրառումներ)

Մելիք-Շահնազարյաններ, հայ իշխանական-մելիքական տոհմ Արցախում, XVI դ․ վերջին—XIX դ․ սկզբին։ Սերել են Դոփյանների իշխանական տոհմից։ Առաջին ճյուղի տիրույթներն էին Սոդք գավառը՝ Մեծ Մասրիկ մելիքանիստ ավանով, և Գեղարքունիք գավառի մի մասը (Սևանա լճի հարավարևելյան ափը)։ Սոդքի Մելիք-Շահնազարյանների այս տոհմը Դոփյաններից առանձնացել է դեռևս XVդ․, սակայն մելիքական տիտղոսին ժառանգաբար տիրելու իրավունք տոհմը ձեռք է բերել միայն Մելիքբեկ Բ-ի որդի Շահնազար Ա Մեծի օրոք (իշխել է 1580-ական թթ - 1606)։ Շահնազար Ա պարբերաբար հաղթող մարտեր է մղել Օսմանյան կայսրության և կովկասյան ասպատակիչ ցեղերի ոտնձգությունների դեմ և մեծ հեղինակություն վայելել Շահ Աբբաս 1-ի արքունիքում։ Վերջինիս հրամանով օրինականացվել է Շահնազար Ա-ի մելիքական իրավունքը, և տոհմը կոչվել է նրա անունով։ Նրա հաջորդներից մելիքական տիտղոսի են արժանացել Քամալբեկը (XVII դ․ 1-ին կես), Աստվածապովը (XVII դ․ կես), Մելիքբեկը (XVII դ․ 2-րդ կես), Մելիք-Շահնազար Բ (XVII դ․ վերջին քառորդ)։

XVIII դ․ աչքի են ընկել Մելիքջանը, նրա որդի Մանուչարը և ուրիշներ։ Մելիք-Շահնազարյանների մյուս՝ Վարանդայի ճյուղի տիրույթները, Ավետարանոց (Արցախի Ասկերանի շրջանում) իշխանանիստով, տարածվել են հին Բերդաձոր գավառից (համընկնում է ներկայիս Արցախի Շուշի շրջանին) մինչև Մուխանք գավառը (Մուղանի դաշտ)։ Ենթադրվում է, որ Վարանդայում 1603-ին շահ Աբբաս 1-ի հրամանով մելիք կարգված Միրզաբեկը, Սոդքի մելիք Շահնազար Ա-ի տոհմակիցն է։ Միրզաբեկին Վարանդայում հաջորդել է նրա որդի Բաղին (Բաղրխան, Բադրխան), սրան էլ՝ իր որդի Շահնազարը, որի անունով գավառապետական այս տիրակալությունը ևս կոչվել է Մելիք-Շահնազարյան։

Պահպանվել է շահ Աբբաս II-ի 1646-ին գրած հրովարտակը, որով Բաղուի որդի Շահնազարը հաստատվել է Վարանդայի մելիք։ Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղով պահպանված մի վիմագրի համաձայն՝ 1673-ին Վարանդայի մելիքն էր Շահնազար Ա։ Նրան հաջորդել է որդին՝ մելիք Հուսեինը (իշխել է մինչև 1736-ը), որը նշանավոր է օսմանյան թուրքերի դեմ մղած մի շարք հաջող ճակատամարտերով։ Հայտնի է նաև Հուսեինի դուստր Գայանեն, որի խիզախության շնորհիվ մի գիշերում ոչնչացվել է Արցախ թափանցած օսմանյան զորաջոկատը։ Մելիք Հուսեինի որդի Հովսեփը եղել է ուսումնասեր, բայց թույլ գավառապետ, և վերջինիս կրտսեր եղբայր Շահնազարը, հակառակ Արցախի մյուս մելիքների, իրեն հայտարարել է մելիք։ Արցախում գերագահություն նվաճելու նպատակով Շահնազարը (Շահնազար Բ) դաշնակցել է վաչկատուն սարջալի ցեղի գլխավոր Փանահի հետ, 1750- ական թվականներին նրան հանձնել Շուշի բերդը։ Շահնազար Բ-ի աջակցությամբ Փանահն իրեն հայտարարել է Ղարաբաղի խան և վարել թշնամական քաղաքականություն Արցախի ու հարևան գավառների հայության նկատմամբ։

Կյանքի վերջին տարիներին Շահնազար Բ զղջացել է, փորձել հաշտվել հարևան հայ մելիքների հետ, նույնիսկ նրանց հետ ռուս, կայսրին ուղղված թուղթ ստորագրել՝ ռազմական օգնության խնդրանքով, սակայն ժողովուրդը չի ներել նրան, և մեղքերը քավել փորձող դավաճանի մասին հյուսել է երգիծական ավանդություններ։ Շահնազար Բ-ի որդի մելիք Ջումշուդն ու մյուս հաջորդները դաշնակցել են հայ մելիքներին, կռվել պարսիկ և թուրք բռնակալների դեմ։ Մելիք-Շահնազարյանների վերջին պայազատները եռանդուն մասնակցություն են ունեցել ռուս-պարսկական պատերազմներին։ Մելիք-Շահնազարյանների երկու ճյուղերն էլ իրենց տիրույթներում մելիքական իրավունքով իշխել են մինչև Ռուսաստանին վերջնականապես միանալը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 391