Հռոմի ստատուտ

     Մասնակից պետություններ      Նախկին մասնակից-պետություններ      Հռոմի ստատուտը ստորագրած, սակայն չվավերացված պետություններ      Ստորագրած պետություններ, սակայն հետագայում հետ վերցրեցին      Ոչ մասնակից, չստորագրած պետություններ
Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ կենտրոնակայանը Հաագա քաղաքում, Նիդերլանդներ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ (անգլ.՝ Rome Statute of the International Criminal Court), միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում[1] և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից[2]։

1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ և մշտական դատարան։ 1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ «միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ավարտման և ընդունման համար»։ 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմի ստատուտն ընդունվեց քվեարկության միջոցով, որի ընթացքում 120 պետություն քվեարկեց «կողմ», 7-ը՝ «դեմ» (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա և Իսրայել) և 21 պետություն ձեռնպահ մնաց։

ՄՔԴ-ի Կանոնադրության ուժի մեջ մտնելու համար պայման էր հանդիսանում Կանոնադրության վավերացումը ոչ պակաս, քան 60 պետության կողմից։ Այդ «խոչընդոտը» հաղթահարվեց 2002 թվականի ապրիլի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2002 թվականի հուլիսի 1-ին։

Դատարանի իրավասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝

  • ցեղասպանություն
  • մարդկության դեմ հանցագործություններ
  • պատերազմական հանցագործություններ
  • ագրեսիա

Դատարանի իրավասությունը ժամանակի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի ստատուտի 11-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։

Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ, բացառությամբ ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆով սահմանված դեպքի։

Պայմանագիրը վավերացրած պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի դրությամբ, պայմանագիրը վավերացրել են 123 պետություններ (Պաղեստինը վավերացրել է Հռոմի ստատուտը 2015 թվականի հունվարի 2-ին)։

Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին[3] Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել[4]։ 2023 թվականի մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նաև նոր որոշման տեքստ՝ անդրադառնալով նաև 2004 թվականի որոշմանը։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը 60 կողմ և 22 դեմ ձայներով[5]։

Պայմանագիրը ստորագրած տարածաշրջանի պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ 115-րդ մասնակից-պետությունը 2011 թվականի օգոստոսի 1-ից դարձավ Գրենադան[6]։ 2019 թ. նոյեմբերի դրությամբ ստատուտի մասնակից են 123 պետություններ։ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վավերացնելու է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ամբողջությամբ[7]։

Ռուսաստան և Իրան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց չի վավերացրել այն։ 2016 թվականին, սակայն, երկիրը որոշել է չեղարկել իր ստորագրությունը, այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի՝ Ղրիմում իրականացրած գործողությունները որակել է «օկուպացիա»։ 2023 թվականի մարտի 17-ին դատարանը կայացրեց Ռուսաստանի և դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ևս մեկ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով[8]։

Իրանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել այս համաձայնագիրը[8]։

Թուրքիա և Ադրբեջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը[8]։

Վրաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1998 թվականի հուլիսի 18-ին, իսկ վավերացրել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Էդուարդ Շևարդնաձեի կառավարման օրերին։ Կանոնադրությունը սահմանում է դատարանի գործառույթները, իրավազորությունը և կառուցվածքը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Results of the Rome Conference for an International Criminal Court
  2. «United Nations Treaty Database entry regarding the Rome Statute of the International Criminal Court». United Nations Treaty Database (անգլերեն). ՄԱԿ.
  3. «Armenia and the Rome Statute». Parliamentarians for Global Action - Mobilizing Legislators as Champions for Human Rights, Democracy and a Sustainable World. (անգլերեն). 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=4820. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Civilnet (2023 թ․ հոկտեմբերի 3). «ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով». CIVILNET. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «ICC welcomes Grenada as a new State Party» (անգլերեն). Միջազգային քրեական դատարան.
  7. «Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու է ամբողջությամբ․ վարչապետ». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Հռոմի ստատուտը, ՄՔԴ-ն և Հայաստանը». fip.am. 2023 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]