Շուշան հայկական

Շուշան հայկական
Շուշան հայկական
Հայկական շուշան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Ծաղկավոր բույսեր
Դաս Միաշաքիլավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Շուշան
Տեսակ Շուշան հայկական
Լատիներեն անվանում
Lilium armenum

Շուշան հայկական (լատին․՝ Lilium armenum), մինչև 100-110 սմ բարձրությամբ խոշոր, գեղեցիկ սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է։ Արմատները կարճ են, սովորաբար դասավորված երկու շարահարկով, 10-25 սմ խորության վրա։ Ցողունը խոտային է, ծաղկաբույլը` հուրանաձև, ծաղիկները` խոշոր, ոսկեդեղին։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Բազմանում է սոխուկներով։ Սոխուկները բավականին խոշոր են՝ 6-8 սմ տրամագծով, սպիտակավուն, ոչ կիպ կղմինդրաձև դասավորված թեփուկներով։ Դրանց թիվը սովորաբար կազմում է 30-40՝ միջին հաշվով թարմ վիճակում 50-75 և չոր վիճակում 25-30 գրամ քաշով։ Սոխուկները սովորաբար գտնվում են 20-25 սմ խորության վրա (կախված է հողի հզորությունից)[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական շուշանը դեկորատիվ տեսակետից մեծ արժեք է ներկայացնում։ Այն ունի նաև բուժիչ հատկություն։ Պարունակում է ալկալոիդներ։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, վերքերը բուժող և հակահոդացավային, տոնուսը բարձրացնող միջոց։ Մեծ ուշադրության արժանի մեղրատու բույս է։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Տարածված է Հյուսիսային Հայաստանի զգալի տարածությունների վրա։ Սակայն բարձր արժեք գեղազարդային հատկանիշների շնորհիվ բավական ակտիվ ոչնչացվում է ծաղկեփնջերի համար ինչը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տեսակի համար։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Սպառնալիքի կարգավիճակը, նկատի ունենալով տեսակի համեմատաբար լայն տարածումը և սահմանակից երկրներում (Ղարաբաղ, Հյուսիսարևելյան Անատոլիա) այլ պոպուլյացիաների առկայությունը, սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լ․ Վ․ Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան հայկական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան հայկական» հոդվածին։