Պատմություն

Պատմության այլաբանական պատկերը
հեղինակ՝ Նիկոլաոս Գիզիս (1892).

Պատմություն (հին հունարեն՝ ἱστορία), գիտությունների ոլորտ, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։

Ավելի նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար[1][2][3][4]։

Պատմությունը սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները, գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների շարադրանքին։ Միայն 19-րդ դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն։

Հայ պատմագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են հայ պատմիչների աշխատությունները։ Հայ պատմագրության անդրանիկ երկը, «Վարք Մաշտոցի» գրվել է 440-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարված ընդօրինակությամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի գրած այս երկում նկարագրվում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տրվում է հայկական, վրացական և աղվանից գրերի ստեղծման պատմությունը (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1841), ֆրանսերեն (1869), անգլերեն (1952), ռուսերեն (1962) իտալերեն (1857)։

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387 թթ պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմությունը։ Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին, ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879), ֆրանսերեն (1867), ռուսերեն (1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մեջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել։ Մատենադարանում պահվում են նրա «Հայոց պատմության» 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագույնը իններորդ դարից է։ Հայաստանի պատմությունը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է հույն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղվածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին հայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով։ «Հայոց պատմութեան» համար աղբյուր են հանդիսացել նաև հայկական բանահյուսությունը և այլ ժողովուրդների ավանդական անցյալն ուսումնասիրելու համար։ Բավական է ասել, որ իրանական բանահյուսության հանրահայտ հերոս Ռոստամի անվան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսես Խորենացուն։ Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բյուրասպի Աժդահակի առասպելը։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս երկն արդեն ավելի քան երկու դար է ուսումնասիրվում է նաև օտար պատմաբանների և բանասերների կողմից։ 1736 թվականին այն թարգմանվել է լատիներեն և հայերեն բնագրի հետ միասին լույս է տեսել Լոնդոնում։ Իսկ մինչ այդ նրա համառոտ բովանդակությունը շվեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում։ 18-րդ դարի հրատարակություններին հաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակություններ՝ ռուսերեն (1809, 1858, 1893) ֆրանսերեն (1836, 1844, 1869, 1993), իտալերեն (1841, 1850) գերմաներեն (1869, 1881) հունգարերեն (1892), պարսկերեն (1992)։

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկում պատմում է Սասանյան Պարսկաստանի դեմ 451 թվականին հայերի մղած պայքարի, հայրենի երկրի ազատության ու անկախության համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին։ Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զորագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնյանի անունը։ «Վարդանանց պատմությունը» արժեքավոր տեղեկություններ է պարունակում զրադաշտական կրոնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կյանքի վերաբերեալ։ Աշխատությունը հրատարակվել է մոտ 40 անգամ հայերեն և օտար լեզուներով՝ անգլերեն (1830 թ, 1926 թ, 1952), իտալերեն (1840), ֆրանսերեն (1841, 1869), ռուսերեն (1853, 1884, 1971)։

Մատենադարանում են պահվում 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» երկու ընդօրինակությունները։ Պատմությունն ընդգրկում է 387-486 թվականների պատմական իրադարձությունների նկարագրությունը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բյուզանդական կայսրության սահմաններում, Վրաստանում, Աղվանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը։

Դեպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշավանքների վերաբերյալ հավաստի աղբյուր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը։ Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղվանների, խազարների և մյուս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերություններին վերաբերող որոշ տեղեկություններ, որ այլ աղբյուրներից հայտնի չեն։ Ղևոնդի Պատմությունը հետաքրքիր սկզբնաղբյուր է նաև արաբական բռնակալության դեմ մղված ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրման համար։ Հայ պատմագրության մեջ առանձնակի տեղ ունի Մովսես Կաղանկատվացին՝ հայտնի “Պատմություն Աղվանից” երկով։ 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցությամբ ստեղծված այս Պատմությունը համաշխարհային գրականության մեջ միակն է, որ նվիրված է հատկապես Աղվանից աշխարհի պատմությանը /"Աղվանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացվել է "Հայոց Արևելից կողմանք"-ը/։ 10-րդ դարի մյուս մատենագիրներից Հովհաննես Դրասխանակերտցու Թովմա Արծրունու, Ուխտանեսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերությունների և սոցիալական պայքարի մասին։ 11-րդ դարի պատմիչ Արիստակես Լաստիվերցին պատմել է սելջուկ թուրքերի և բյուզանդացիների արշավանքների մասին։ Այս շրջանում է, որ սկսվում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ։ Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասությունները վաճառականների և հարուստ մարդկանց անազնվության, խաբեբայության, կաշառակերության, շահամոլության, իշխանների անմիաբանության մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար։ 12-13–րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կյանքի զգալի աշխուժացում։ Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ։ Կիլիկիայում հիմնվում է հայկական իշխանություն, որը գոյատևում է շուրջ երեք դար (մինչև 1375)։ Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրության ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տվել է ավելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ։ 14-16-րդ դարերը հայ պատմագրության ամենաամուլ դարերն են։ Այս ժամանակաշրջանը տվել է ընդամենը մեկ նշանավոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա հաջորդների արշավանքների շրջանի Հայաստանի պատմությունը։ Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահվում են Գրիգոր Խլաթեցու Ծերենցի (1350-1425), Մովսես Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկիվրացու, Սիմեոն Ապարանցու չափածո պատմությունները, Անդրեաս Եվդոկացու, Բարսեղ Արճիշեցու, Հովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրություն” -ները, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կյանքի մասին։ 17-18-րդ դարերը խիստ տարբերվում են նախորդ շրջանից։ Նրանք հարուստ են ինչպես մանր, այնպես և խոշոր պատմական գործերով։ 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669 թ ) “Հայոց պատմությունն” ընդգրկում է 1601-1662 թթ տեղի ունեցած դեպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացվում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմությունը։ Մատենադարանում պահվում են նաև այդ շրջանի մյուս նշանավոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկավագի (ծ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդ Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալյանի (1728) և ուրիշների աշխատությունները, ինչպես և Հակոբ Շամախեցու (1763), կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1780) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը։

Որոշակի պատմագրական արժեք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատությունների հայերեն թարգմանությունները, որոնց թվում են ի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայել Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 4-րդ դարի առաջին կեսի հույն պատմիչ Եվսեբիոս Կեսարացու Ժամանակագրությունը (“Քրոնիկոն”), որի հունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրությանը հայտնի դարձավ 1787 թվականին, այժմ Մատենադարանում պահվող թիվ 1904 ձեռագրի միջոցով։ Հայկական պատմական մատենագրության ինքնուրույն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժեք են ներկայացնում Մատենադարանում պահվող օտար լեզուներով գրված պատմագրական աշխատությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Profesor Richard J. Evans (2001). «The Two Faces of E.H. Carr». History in Focus, Issue 2: What is History? (անգլերեն). University of London. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Professor Alun Munslow (2001). «What History Is». History in Focus, Issue 2: What is History? (անգլերեն). University of London. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Peter N. Stearns, Peters Seixas, Sam Wineburg (eds.), ed. (2000). «Introduction». Knowing Teaching and Learning History, National and International Perspectives. New York & London: New York University Press. էջ 6. ISBN 0-8147-8141-1. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  4. Nash, Gary B. (2000). «The "Convergence" Paradigm in Studying Early American History in Schools». In Peter N. Stearns, Peters Seixas, Sam Wineburg (eds.) (ed.). Knowing Teaching and Learning History, National and International Perspectives. New York & London: New York University Press. էջեր 102–115. ISBN 0-8147-8141-1. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)