Սրբեր
Սրբեր, աստվածահաճության, արդարության, բարեպաշտության, աստծո և մարդկանց միջև միջնորդության «հրաշագործ» գծերով «օժտված» առասպել կամ պատմական անձնավորություններ քրիստոնեության մեջ և իսլամում։ Սրբերի հավատքը միաստվածության և բազմաստվածության զուգակցման յուրահատուկ ձև է, որովհետև Սրբերը, ըստ էության, ընկալվում են որպես «ստորակարգ աստվածություններ»։
Քրիստոնեությունում Սրբերի պաշտամունքի ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել դիցաբանության հերոսների (հատկապես՝ հունա-հռոմիական) պաշտամունքը։ Հաճախ տեղական հին աստվածությունները նույնպես ներմուծվել են քրիստոնեության մեջ՝ որպես Սրբեր։ Սրբերի պաշտամունքի մասին ուսմունքը զարգացրել են IV դ․ եկեղեցական հեղինակները (Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի և ուրիշներ)։ Եկեղեցին հետևողականորեն պայքարել է Սրբերի պաշտամունքի հակառակորդների՝ պավլիկյանների, թոնդրակյանների, բոգոմիլների, ալբիգոյցիների, հուսյանների և ուրիշ աղանդավորական հոսանքների դեմ։
Տիեզերական 7-րդ ժողովը (787 թ.) բանադրանք է սահմանել ընդդեմ բոլոր սրբուրացների։ Եկեղեցին Սրբերից յուրաքանչյուրի համար սահմանել է հիշատակի օր։ Քրիստոնեական առանձին համայնքներն սկզբում ունեցել են իրենց Սրբերը, հետագայում սրբադասումը կանոնացման ուղիով կենտրոնացվել է, սրբադասվել են հավատի համար բազմաթիվ «նահատակներ» կամ «մարտիրոսներ», ճգնավորներ, պապեր, կաթողիկոսներ, իշխաններ, թագավորներ, զորավարներ։ Եկեղեցին ստեղծել է Սրբերի վարքեր (Վարք սրբոց)։ Իսլամում Սրբեր (վալիներ կամ մարաբուտներ) պաշտամունքը հիմնավորվել է մոտ X դարից՝ սուֆիզմի տարածմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |