Քարագլուխ (Ասկերանի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարագլուխ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Քարագլուխ | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Ասկերան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 640 մարդ (1897) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Քարագլուխ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Խաչեն գետի աջ ափին, Շիկաքար կոչված ժայռի շրջակայքում։ Մտնում էր Փառուխ համայնքի մեջ[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարագլուխ անվանումն առաջացել է գյուղի ունեցած բարձր լեռնային դիրքից։ Տեղավայրին անդրադարձել են մի շարք հեղինակներ, այդ թվում տեղագրողներ Սարգիս Բ Հասան-Ջալալյանցը և Մակար Բարխուդարյանը[2]։ 17-18-րդ դարերի տվյալներով սնակավայրը հիշատակվում է Քարագլուխ անվանումով, 19-րդ դարի կեսերին և խորհրդային իշխանության տարիներին՝ Դաշբաշի, որը Քարագլուխ անվան թարգմանությունն է։ Երբեմնի գյուղը հայտնի էր նաև «Արավուս» անվամբ, քանզի այնտեղ էին հաստատվել բնակիչներ Սյունյաց համանուն բնակավայրից։ Նախկինում անվանվել է նաև Արավուզ, Արավուս, Արաուս, Շիկաքար, Քրըգլոխ, վերանվանվել է Քարագլուխ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Խաչեն գետի աջ ափին, Շիկաքար կոչված ժայռի գլխին, Ասկերան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք, շրջապատված է սեպաձև բարձր ժայռերով։ Գտնվում է Ստեփանակերտ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից ավելի քան 1100 մ է, կլիման զով է, օդը մաքուր։ Գեղատեսիլ, անտառածածկ բնություն ունի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարագլուխ գյուղը հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ ավելի ուշ՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Գյուղը հյուսիսից և հարավից շրջապատված է լեռներով, մուտքը միայն արևելյան և արևմտյան կողմերից է։ Գյուղի բնակիչների նախնիները մասամբ բնիկ են, մի մասն էլ տեղափոխվել են Սյունիքի Արավուս (Արևիս), Դարապաս (Դարբաս) գյուղերից, Բարկուշատից։ Եղել է Գանձասարի վանքապատկան գյուղերից մեկը։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Արցախյան ազատամարտի ավարտից հետո՝ մինչև 1995 թվական Քարագլուխ գյուղը եղել է անբնակ, ներկայումս էլ բնակեցված չէ։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը[3]։
Գյուղի պատմությունը սկսվում է XIII-րդ դարից։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական նշանավոր վայրերից է և կարևոր դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Մինչև 1977 թվականը գործել է թերի միջնակարգ դպրոց։
Գյուղը Հայրենական մեծ պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս և հարևան Փառուխ գյուղերից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 96 մարդ, զոհվել է 56-ը։ Խրամորթում կանգնեցվել է միացյալ հուշարձան[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և շրջակայքում պահպանվել են 14-րդ դարի սբ․ Աստվածածին փայտածածկ եկեղեցին, 12-13-րդ դարերի «Քարագլուխ» կամ «Շիկաքար» բերդը[5], որն ունի 12-րդ դարի երկու եկեղեցիներ, մեկը կանգուն է, մյուսը՝ փլված, 1253 թվականի թվագրությամբ տապանաքարով, 12-13-րդ դարերի մահարձաններով և 13-րդ դարի խաչքարերով հարուստ հին գերեզմանոցը, Հասան-Ջալալյան իշխանի 13-րդ դարի դղյակ-դիտարանը, աղբյուր-հուշարձանները։ Գյուղի եկեղեցու հարավային կողմում պահպանվել է մի խաչարձան, որի վրա կա արձանագրություն․
Ես Սումպատ կանգնեցի զխաչս Համ․․մ․․ կողակից իմ Հաւասայ և Հեղան։ |
Աղաքար կոչվող անտառոտ հանդամասում պահպանվել են 16-17-րդ դարերի հին գյուղատեղի, գերեզմանոցի մնացորդներ, 16-17-րդ դարերի տապանաքարեր և խաչքարեր։ Գյուղից դեպի հյուսիս պահպանվել են գյուղատեղի և գերեզմանոց, իսկ դեպի հարավ՝ ավերակ եկեղեցի, գերեզմանոցներ։ Գյուղի շրջակայքում, ամրոցից ներքև, պահպանվել են քարայրներ՝ արևելյան կողմում՝ երեք, մի քարայր հյուսիսային, մի քարայր էլ արևմտյան կողմում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 390.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Սարգսյան, Սլավա (2018). Արցախի բնակավայրերը. Երևան. էջ 33.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 147–148.
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 144
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 311
|