Ագռավներ

Ագռավներ
Ագռավներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ագռավներ
Լատիներեն անվանում
Corvidae
Vigors, 1825
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




     Բնական արեալ      Ինտրոդուկցիա (Նոր Զելանդիա, Մավրիկիոս, Ռեյունյոն)      Հավայներ, Մալթա, Պուերտո Ռիկո

Ագռավներ (լատին․՝ Corvidae), թռչունների դասի ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Ագռավների տեսակներից հայտնի է 100 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց։ Հայաստանում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ, կաչաղակ, կարմրակտուց, ալպիական, սովորական ճայեր, սերմնաքաղ։

Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ)։ Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն։ Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով։

Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու։ Ամենակեր են, երբեմն՝ վնասատու։ Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով։

Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում։ Օգտակար է՝ որպես բնական սանիտար։ Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ։

Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր։

Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Մոխրագույն ագռավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում։ Աղմկարար վարքով (հատկապես՝ ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում։ Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են։ Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես՝ ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին։

Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում։ Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ։ Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը։ Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։

Սովորական կաչաղակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Երևան է թափանցել 1970-ական թվականներին։ Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր։ Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ։ Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում։

Ալպիական ճայ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպիական ճայի Հայաստանում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը։ Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։

Կարմրակտուց ճայ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում։ Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր։

Մեծ անտառային կաչաղակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում։

Սովորական ճայ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում։ Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ։

Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում։

Ագռավն ու արջնագռավը չպետք է իրար հետ շփոթել։ Չնայած նրանք ցեղակիցներն են, բայց հեշտությամբ զանազանվում են նյունիսկ արտաքինով։ Արջնագռավը խոշոր թռչուն է։ Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է։ Փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Արջագռավն ամենակեր է, ուտում է մրգեր, հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն, ավերում նաև բներ՝ գողանալով, նույնիսկ, խոշոր որորների ձվերն ու ձագերին։ Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից։ Ունի սուր լսողություն և տեսողություն։ Կարողանում է ապրել թե՛ հյուսիսում ու արևադարձային գոտիներում և թե՛ անապատներում ու ավելի քան 4 հազար մետր բարձրությամբ խստաշունչ լեռներում։ Արաբներն այդ թռչնին անմահ էին համարում։ Առհասարակ, հնում կարծում էին, թե արջնագռավը երեք հարյուր տարի է ապրում։ Իրականում նրա կյանքը տևում է 70-75 տարի։ Ողջ կյանքում արջնագռավներն ապրում են համերաշխ զույգերով և միևնույն տեղում։ Միայն թե հաճախակի նոր բույն են հյուսում հնի մոտակայքում։ Այդ կերպ նրանք ազատվում են տարբեր մակաբույծներից, որ բազմանում են նրանց փափուկ ու տաք բներում։ Արջնագռավներն շատ զգուշավոր են և հեռու են մնում մարդկանցից։ Արջնագռավներին կարելի է խոսել սովորեցնել։ Դա, անշուշտ, ոչ թե իմաստավորված խոսք է, այլ նմանակում։ Նրանք շատ լավ կարողանում են օտարներից զանազանել իրենց մարդկանց ու կենդանիներին։ Այս թռչունները շատ են սիրում նաև փայլուն իրեր գողանալ։ Արջնագռավն իսկական սանիտար է. որսում է կրծողների, ոչնչացնում լեշն ու հիվանդ, սատկող կենդանիներին։ Ցավոք, նա հազվագյուտ թռչուն է դարձել, Եվրոպայի շատ վայրերում արջնագռավը լրիվ ոչնչացել է։ Այժմ նա պահպանության տակ է առնված։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ագռավներ հոդվածին
Ընթերցե՛ք «ագռավ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագռավներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 53