Արցախի բուսական աշխարհ

Կաղնու տերևներ

Արցախի բուսական աշխարհ, Արցախի Հանրապետության տարածքում հանդիպող բույսերի բազմազանությունը։

Արցախի տարածքի 34-35 տոկոսը կազմում են անտառները։ Առավել անտառաշատ են Մարտակերտի և Հադրութի շրջանները։ Արցախի անտառները հիմնականում խառը տնկարքներ են։ Այստեղ խառը ձևով աճում է հաճարենին, կաղնին, բոխին, թխկին, թեղին, լորենին, հացին, կեչին, ճապկին։ Անտառներում սովորաբար հանդիպում ենք հոնի, խնձորենու, թզենու, տանձենու, ընկուզենու, սալորենու, շլորի, զկեռի, տխլենու կղզյակների։

Գետահովիտների երկարությամբ տարածված են ուռենիները։ Շատ են նաև մոշի և մասրենու թփերը։ Վայրի ծառատեսակների ու թփերի պտուղները հին ժամանակներից մինչև այսօր թարմ կամ չո­րացված ձևով օգտագործվում են որպես սննդամթերք, համեմունք և դեղամիջոց։ Մարդու անարդյունավետ տնտեսավարման հետևանքով անտառի անսպառ բերքի մեծ մասը հիմնականում փչանում է։

Անտառներում առատորեն աճում են սոխի համ ունեցող խազազ կոչվող բուսատեսակը, սունկը, բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ, նունուֆար, անթառամ և այլն։

Արցախը աչքի է ընկնում բուսական համայնապատկերների ու բուսատեսակների արտակարգ բազմազանությամբ։ Այստեղ առատ են մշակովի բույսերի վայրի ազգակիցները՝ ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորի­զավոր, ընդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ։

Երկրամասի տարածքում միմյանց են հաջորդում տափաստաններն ու անտառները, մարգագետնատափաստանները։ Ամենա­ցածր դիրք ունեն կիսաանապատներն ու տափաստանները (300-800 մ), ամենաբարձր՝ մերձալպյան, ալպյան մարգագետինները, բարձրախոտերը, քարաժայռային բուսականությունը (1300-2300 մ), իսկ 2300 մետրից բարձր տարածված են տունդրային յուրահատուկ բուսատեսակները։ Մարտունու և Մարտակերտի շրջանների արևել­յան ցածրադիր մասերում գտնվող գրեթե չոր, անջրդի հողատարածությունները ծածկված են անապատային և կիսաանապատային բուսականությամբ։ Այստեղ զգալի տոկոս են կազմում ուղտափուշը, կապարը, ոզնախոտը, երնջակը, տերեփուկը։ Այդ տարածքներում տիրապետող բույսը հոտավետ օշինդրն է։ Կիսաանապատային բուսականությունը վաղ գարնանը բավականին թարմ տեսք ունի։ Ծաղկում են էֆեմերները՝ առնասպարը, ճռճռուկը, եղջրագլխիկը, ճարճատուկը, կակաչը, սագասոխուկը, աստղաշուշանը։ Այդ տարածքը օգտագործվում է որպես ձմեռային արոտավայր։ Իսկ մարդու կողմից՝ որպես ուտեստ, օգտագործվում են սիբեխը, թրթնջուկը, կապարը, եղինջը, խատուտիկը, դանդուռը, որպես դեղաբույս՝ կուսածաղիկը, անթառամը, առյուծագը, լոշտակը, հազարտերևուկը, սրոհունդը։

Արցախի տափաստանները հիմնականում ծածկված են տափաստանային գուղձավոր և պնդաթուփ խոտաբույսերով։ Այստեղ տարածված են ավելուկը, եղինջը, ծնեբեկը, թրթնջուկը, կնձմնձուկը, ճռճռուկը, խնջլոզը, փիփերտը, շրիշը, իշակաթնուկը և այլն։

Նռնենի

Տափաստանային բուսական ծածկույթը, մյուս տիպերի համե­մատ, ավելի շատ է տուժել մարդկանց կողմից։ Ամեն տարի յուրաց­վել է մի քանի տասնյակ հեկտար խոպան, տափաստան, որի հետևանքով ռեգրեսիվ փոփոխման է ենթարկվել բուսական ծածկը։ Լեռնային տափաստանները տնտեսական խոշոր նշանակություն ունեն։ Նրանց զգալի մասը օգտագործվում են որպես խոտհարքներ և արոտավայրեր, վիտամինների ու դեղանյութերի հավաքման շտեմարան։ Արցախի տափաստանային բուսածածկույթի բնորոշ տի­պերից են չորասեր նոսր անտառները։ Սաղարթավոր նոսր անտառ­ներում ցածրաբուն, լուսասեր ծառերի ու թփերի՝ ցաքու, ասպիրակի, փռշնու, ցախակեռասների, հասմիկի, մահալեբյան բալենու, խնկե­նու, նռնենու, մասրենու, դրախտածառի հարևանությամբ աճում են փետրախոտեր, շյուղախոտեր, աղեղախոտեր։ Ամենուրեք տարած­ված են ուրցի երկու տեսակները, որոնց հոգեպարար բույրով պարուրվում է ողջ շրջապատը։ Անտառամերձ մարգագետիններում աճում են հացազգի և լոբազգի բազմաթիվ բույսեր։ Գարնան վերջե­րին սագասոխին, մկանասոխին, աստղաշուշանին, ձնծաղիկին փո­խարինելու են գալիս հրանուկը, անմոռուկը, որոնց դեղին և երկնակապտավուն գույնի հետ մեծ խայտաբղետություն են առաջացնում ոջլադեղի, վարդակակաչի, երեքնուկների և կակաչների ծաղիկները։ Արցախի տարբեր հանդամասերում կարելի է հանդիպել տատասկի, դաշտավլուկի, հրանուկի, գայլաթաթի, անմոռուկի։ Գետեզ­րերին տեսանելի է ճանճախոտը, մակարդախոտը, ջրկոտեմը, մացառաեղեգը, շերեփուկախոտը, ջրոսպը, ջրահարսը, տարատեսակ ջրիմուռները։ Վերոհիշյալ բույսերին ամենուր ընկերակցում են մոտ 100 տեսակի մամուռներ։ Արցախի բարեխառն կլիման հարմարավետ պայմաններ է ստեղծում խաղողի որթի և շահթթենու լիարժեք աճման համար։ Պատահական չէ, որ դարեր շարունակ հողագործ արցախցին մշակել է այդ երկու կուլտուրաները։ Ընդհանրապես երկրամասի տարածքի մի մասը ունի մերձարևադարձային կլիմայական պայմաններ, որտեղ լավ են աճում թուզը, նուռը, նուշը, արքայանարինջը։