Գորշ արջ

Գորշ արջ
Գորշ արջ
Գորշ արջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Արջեր (Ursidae)
Ցեղ Ursus
Տեսակ Գորշ արջ (U. arctos)
Միջազգային անվանում
Ursus arctos
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գորշ արջ (լատին․՝ Ursus arctos), կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։ Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում։ Ձմռանը քուն է մտնում (կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն) որջում (յուրաքանչյուրում՝ 1 արջ, իսկ մայրը՝ ձագերի հետ), որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից։ Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Գորշ արջը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Ալյասկայում, մասամբ՝ Կանադայում, որտեղ նրան անվանում են գրիզլի։ Հայաստանում (հարթավայրերում, լեռներում, այնտեղ, որտեղ կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ) բնակվում են կովկասյան և սիրիական գորշ արջերը։ Գորշ արջերը հիանալի որսորդներ են։ Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ։ Արջը մեղրի մեծ սիրահար է։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 200 սմ է, կենդանու զանգվածը՝ 190-300 կգ։ Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր։ Ոտքերն ամուր են՝ զինված մեծ ու կեռ, գորշ ճանկերով։ Ունի լավ զարգացած հոտառություն, թույլ տեսողություն։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արու գորշ արջը սաղմոնի ճարպառատ կաշին է ուտում

Սնվում է մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով ու դրանց թրթուրներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում են ընտանի կենդանիների վրա։ Կտղուցը հունիս-հուլիսին է։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունը տևում է 7 ամիս։ Ծինը տեղի է ունենում ձմռանը՝ որջում։ Ունենում են 1-2 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում մոր մոտ։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Մազափոխվում են ապրիլ-հունիսին։ Ապրում են 30-40 տարի։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է։ Հայաստանում հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր։ Գրանցվել է ծովի մակարդակից 400-500 մինչև 3000 մ բարձրություններում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է։ Արջերը վնաս են հասցնում պտղատու այգիներին և փեթակներին․ հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը։

Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը և մարդու կողմից անհանգստություն պատճառելը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ արջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ արջ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։