Պետրոս Առաջին (վեպ)

Պետրոս Առաջին
ռուս.՝ Пётр Первый
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
ՏեսարանՌուսաստան
Հրատարակվել է1930

«Պետրոս Առաջին», Ալեքսեյ Տոլստոյի անավարտ պատմական վեպը, որի վրա նա աշխատել է 1929 թվականից մինչև իր մահը։ Առաջին երկու գրքերը հրատարակվել են 1934 թվականին։ Իր մահվանից կարճ ժամանակ առաջ՝ 1943 թվականին, հեղինակն սկսել է աշխատել երրորդ գրքի վիա, բայց հասցրել է գրել մինչև 1704 թվականի իրադարձությունների մասին։

Խորհրդային տարիներին «Պետրոս Առաջին» վեպը ներկայացվել է որպես սոցիալիզմի ոգով գրված պատմական վեպի չափանմուշ[1]։ Հեղինակը զուգահեռներ է անցկացրել Պետրոս Առաջինի և Ստալինի միջև՝ Պետրոս Առաջինի օրինակով արդարացնելով ամեն գնով ավանդական հասարակության վերացումը և «բռնության վրա հիմնված իշխանական համակարգը»[2]։

Վեպում պատկերված են 17-րդ և 18-րդ դարերի սահմանագծին տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարի սպանությունից մինչև ռուսների կողմից Նառվայի գրավումը։ Պատմական լայնածավալ նյութի միջոցով ներկայացված է Ռուսաստանի պատմության բեկումնային ժամանակաշրջանը՝ մեկ բացառիկ անձի կողմից նոր պետության՝ Ռուսական կայսրության ստեղծումը։

Վեպում պատկերված դեպքերից ու անձանցից են Ազովյան արշավանքները, Ստրելեցյան խռովությունը, արքայադուստր Սոֆիան, նրա ֆավորիտ Վասիլի Գոլիցինը, Լեֆորտը, Մենշիկոնը, Կառլ XII-ը, Աննա Մոնսը։ Որոշակիորեն իդեալականացված ցարը ցուցադրում է իր կամքի ուժը, էներգիան, հետաքրքրասիրությունն ու համառ բնավորությանը։ Նա պայքարում է իր որոշումների իրականացման համար, որոնք հաճախ չէին կատարվում խարդախ ու ալարկոտ պալատականների կողմից[Ն. 1]։ Առանձին մարդկանց զգացմունքներն ու կյանքերը հաճախ զոհաբերվում են հանուն պետական հետաքրքրությունների հաղթանակի[Ն. 2]։

«Պատերազմ և խաղաղություն» վեպի օրինակով պատմական խոշոր դեմքերի կողքին ներկայացված են հասարակ ժողովրդի ներկայացուցիչներ։ Պատմական կոլորիտի ներկայացման համար հեղինակը շռայլորեն պատկերում է կենցաղային դետալներ. «Վեպի գործողությունները տեղափոխվում են պալատից թոնրատուն, իշխանական կալվածքից ծխով լի գինետուն և այլն»[3]։

  • Պետրոս Ալեքսեևիչ – Ռուսաստանի ցար
  • Ալեքսանդր Դանիլովիչ Մենշիկով – ցարի զինակից, պալատական ձիապանի որդի, հետագայում ամենապայծառափայլ իշխան
  • Ֆրանց Լեֆորտ – Պետրոս Առաջինի զինակիցը, գեներալ
  • Աննա Մոնս – Պետրոս առաջինի ֆավորիտուհին
  • Սոֆիա Ալեքսեևնա – արքայադուստր, Պետրոս Առաջինի քույրը
  • Վասիլի Վասիլևիչ Գոլիցին – Սոֆիայի կառավարության ղեկավար
  • Արտամոր Սերգեևիչ Մատվեև – բոյար
  • Պատրիարք Իոակիմ – պատրիարք
  • Նատալյա Կիրիլովնա Նարիշկինա – թագուհի
  • Լև Կիրիլովիչ Նարիշկին – թագուհու եղբայրը
  • Ալեքսեյ Իվանովիչ Բրովկին (Ալյոշկա) – Իվաշկա Բրովկինի որդին, Ալեքսաշկայի ընկերը
  • Իվան Արտեմիչ Բրովկին (Իվաշկա Բրովկին) – ճորտ գյուղացի, հետագայում հարուստ վաճառական, Ալյոշկայի հայրը

Վեպի վրա աշխատելիս Ալեքսեյ Տոլստոյն օգտագործել է պատմական աղբուրների լայն շրջանակ, որոնցից են՝

  • Նիկոլայ Ուստրյալով, «Պետրոս Մեծի թագավորման պատմություն» (ռուս.՝ «История царствования Петра Великого»),
  • Սերգեյ Սոլովյով, «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից» (ռուս.՝ «Истории России с древнейших времен»), հատոր 13-15,
  • Իվան Գոլիկով «Պետրոս Մեծի գործերը» (ռուս.՝ «Деяния Петра Великого»),
  • Պատրիկ Գորդոնի, Իվան Ժելյաբուժսկու, Յոհան Կորբի, Ջոն Պերիի, Բորիս Կուրակինի, Յուստ Յուլի, Իվան Նեպլյուևվի, Պյոտր Տոլստոյի, Ֆրիդրիխ Բերխգոլցի և այլոց օրագրերն ու նոթերը,
  • 17-րդ դարի վերջին տեղի ունեցած խոշտանգումների մասին գրությունները, որ հավաքվել են պրոֆեսոր Նիկոլայ Նովոմբերգսկու կողմից և 1916 թվականի վերջին փոխանցվել գրողին պատմաբան Վ. Կալմաշի կողմից։

Հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը, որ հավանաբար ստեղծվել է Ստալինի սոցիալ-գաղափարախոսական պատվերով[4], դուր է եկել Խորհրդային Միության ղեկավարին և արժանացել Ստալինյան մրցանակի։ Մաքսիմ Գորկին «Պետրոս Առաջին» վեպը համարել է առաջին իսկական պատմական վեպը խորհրդային գրականության մեջ։ 1947-1990 թվականներին վեպը ԽՍՀՄ-ում վերահրատարակվել է 97 անգամ[1]։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պետրոս Առաջին» (1937 թվական)
  • «Պետրոսի պատանեկությունը» (1980 թվական)
  • «Փառավոր գործեր սկզբում» (1980 թվական)
  1. Տոլստոյը վերակենդանացնում է ռուս ժողովրդի գիտակցության մեջ ամրացած «բարի ցար, վատ բոյարներ» կարծրատիպը։
  2. Մասնավոր մարդու ու պետության՝ ի դեմս «ճակատագրի հզոր տիրակալի» հակամարտությունն ավանդական թեմա է ռուսական գրականության մեջ սկսած Պուշկինի «Պղնձե հեծյալից»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://books.google.am/books?id=_R_x43EzjNwC&pg=PA16(չաշխատող հղում)
  2. В. М. Соловьев. Русская культура. Белый город, 2004. ISBN 9785779308342.
  3. Литературная энциклопедия (1939). Том 11. Статья «Толстой, Алексей Николаевич».
  4. http://www.slav.su.se/polopoly_fs/1.205480.1416319734!/menu/standard/file/t_olsson.pdf