Նորք (գրական հանդես)

Նորք
Տեսակհանդես
Լեզուհայերեն

«Նորք», գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական ամսագիր։ Հայաստանի գրողների միության հրատարակություն։

Լույս է տեսնում 1933 թվականից Երևանում (1933-1940 թվականներին կոչվել է «Խորհրդային գրականություն», 1940-1943 և 1955-1988 թվականներին՝ «Սովետական գրականություն», 1943-1955 թվականներին՝ «Սովետական գրականություն և արվեստ»)։ «Վերելք» և «Նոր ուղի» գրական հանդեսների շարունակությունն է։

Ականավոր խմբագիրներից են եղել՝ Հարություն Մկրտչյան, Նորայր Դաբաղյան, Հմայակ Սիրաս, Ռուբեն Զարյան, Էդուարդ Թոփչյան, Հովիկ Մելիքյան, Սողոմոն Սողոմոնյան, Հրաչյա Քոչար, Վազգեն Մնացականյան, Էդվարդ Ջրբաշյան, Ստեփան Կուրտիկյան, Հրաչյա Հովհաննիսյան, Ռուբեն Հովսեփյան, Ֆելիքս Մելոյան (1998-ից)

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ամսագիրը շոշափել է հայ ժողովրդի պատմության և գրականության, գրական լեզվի մաքրության, հին շրջանի գրականության արժեքավորման խնդիրներ, ներկայացրել ռուս և խորհրդային մյուս ժողովուրդների գրականության ընտիր էջերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամսագրում տպագրվող ակնարկների, պատմվածքների, նովելների, չափածո գործերի, հրապարակախոսական հոդվածների հիմնական թեման դարձել են հայրենիքի պաշտպանությունը, թիկունքի հնրոսական աշխատանքը, ԽՍՀՄ, ժողովուրդների անխախտ բարեկամությունն ու եղբայրությունը, հայ ռազմիկների սխրանքը։

1943-1955 թվականներին «Սովետական գրականություն և արվեստ»-ը լուսաբանել է կերպարվեստի, երաժշտության, թատրոնի, ճարտարապետության հարցերը, կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատանքը։ Հանդիսանալով հանրապետության ամենախոշոր գրական հանդեսը, «Սովետական գրականությունը» զգալի դեր է կատարել սովետահայ գրականության զարգացման գործում։ ժամանակակից արձակին, դրամատուրգիային, պոեզիային, հայ գրաքննադատությանը, գրական լեզվին, երիտասարդական պոեզիային նվիրված բանավեճերը, գրական ընթացիկ խնդիրներին վերաբերող տեսական-քննադատական հոդվածները օգնում են ճիշտ որոշելու գրական ընթացքի հետագա ուղիները, հայ սովետական գրողներին առաջադրում նոր ծրագրեր։ Ամսագրում տպագրվում են վեպեր, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ, պոեմներ, բանաստեղծություններ, պիեսներ, գրախոսություններ, հրապարակախոսական հոդվածներ, հուշագրություններ, հայ դասականների նամակներ ու անտիպ գործեր, արխիվային նյութեր, լուրեր, «Եռաժանի» խորագրով՝ երգիծանք և հումոր։ Զգալի տեղ է հատկացվում սփյուռքահայ գրողների ստեղծագործությանը։ Սովետական գրականությունը կանոնավորապես ներկայացնում է երիտասարդ գրողներին, օգնում նրանց գրական աճին ու հասունացմանը։ Ամսագիրն իր էջերը տրամադրել է նաև այլ ժողովուրդների գրականությանը։

Ամսագրում լույս տեսած հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյամ Սարոյան

Տարբեր ժամանակներում լույս են տեսել Ալեքսանդր Պուշկինի, Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Տարաս Շևչենկոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Միխայիլ Շոլոխովի, Իլյա Էրենբուրգի, Ա․ Սաբիրի, Կոնստանտինե Գամսախուրդիայի, Ի. Դրիշաշվիլու, Իվան Ֆրանկոյի, Չինգիզ Այթմատովի, Էդուարդաս Մեժելայտիսի, Ռասուլ Համզաթովի և ուրիշների գործերը։ Ընթերցողին են ներկայացվել նաև Ռոմեն Ռոլանի, Լուի Արագոնի, Ն․ Տիքմեթի, Անրի Բարբյուսի և այլոց ստեղծագործությունները։

Ամսագրում լույս տեսած հայ հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրը նշանակալի ավանդ ունի Վիլյամ Սարոյանի երկերը հայերեն ներկայացնելու գործում։ Տարբեր տարիների ամսագրի խմբագրական կազմի աշխատանքներին աջակցել են Ալեքսանդր Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Հրաչյա Քոչարը, Պարույր Սևակը, Վիգեն Խեչումյանը, Հովհաննես Շիրազը, Վախթանգ Անանյանը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ա․ Ինճիկյանը, Սուրեն Աղաբաբյանը, Վ․ Մնացականյանը, Տ․ Թամրազյանը և ուրիշներ։ Ամսագրի էջերում լայն տեղ է հատկացվել պատմահայրենասիրական գործերին («Վարդանանք», «Պապ թագավոր» և այլն)։ Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Մարիետա Շահինյանի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի, Հովհաննես Շիրազի, Հրաչյա Քոչարի և ուրիշների բոցաշունչ խոսքը ոգևորել ու համախմբել է հայ աշխատավորությանը, նրա մեջ ամրապնդել խոր հավատ վերջնական հաղթանակի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 518
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։