Արա Հարությունյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Հարությունյան (այլ կիրառումներ)
Արա Արմենի Հարությունյան (մարտի 28, 1928[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 28, 1999[2], Երևան, Հայաստան[2]), հայ քանդակագործ, մոնումենտալիստ, գծանկարիչ։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1988), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1964), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), պրոֆեսոր (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Հարությունյանը ծնվել է Երևանում, երաժշտի ընտանիքում։ 1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (գերազանցությամբ)։ 1955-1966 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է Կոմիտասի մահարձանը, որ տեղադրված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 1955 թվականին դարձել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1964 թվականից՝ ՀԽՍՀ նկարիչների միության նախագահության անդամ, 1977 թվականից՝ վարչության անդամ։ Նույն թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը։ 1988 թվականին ընտրվել է ԽՍՀՄ և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ և ստացել պրոֆեսորի կոչում։
Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր հուշարձանի՝ Մայր Հայաստան հուշարձանի հեղինակը (ընդհանուր բարձրություն՝ 54 մետր, 1967)[3]։ Առավել հայտնի աշխատանքներից են Սայաթ Նովայի հուշաղբյուրը (1963), Կոմիտասի հուշարձանը (1988), Կոմիտասի մահարձանը (1955)։
Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության տարածական համալիրներ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի քանդակահամալիրը (1966, թատրոնի մուտքը,Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, 1972, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երևան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ)։
Հեղինակ է նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների` Էրեբունի թանգարանի հարավային («Առյուծի որս») և հյուսիսային («Խալդ աստված») ճակատներ (1968, տուֆ), Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ (1961, հարթաքանդակներ, Երևան, «Պայքար առյուծի հետ», բազալտ, 300х300, «Աղվեսներ», բազալտ, 100х200):
40-ից ավելի հուշահամալիրների, քանդակագործա-ճարտարապետական համալիրների, հուշարձանների, մոնումենտների հեղինակ է, որոնք գտնվում են Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆիլիպիններում և այլուր։
Արա Հարությունյանը եղել է նաև հաստոցային քանդակի և գրաֆիկայի (գծանկարչության) մեծ վարպետ։
Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Ռուսական արվեստի (Սանկտ Պետերբուրգ) թանգարաններում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1963, 1982), Մոսկվայում (1983, 1995)[4][5][6]:
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Արմենի Հարությունյանը ծնվել է Երևանում 1928 թվականի մարտի 28-ին, երաժշտի ընտանիքում։ Հայրը նվագում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախմբում, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Կոնստանդին Սարաջևն էր։ Մանուկ հասակում Հարությունյանը հետաքրքրված էր թատրոնով, գեղանկարչությամբ, հատկապես Միխայիլ Վրուբելի արվեստով։ Մի անգամ՝ մանուկ հասակում, ձեռքի տակ եղած գործիքներով տուֆի կտորի վրա տաշել է Անահիտ աստվածուհուն նմանվող կանացի գլուխ։ Աշխատանքը բարձր է գնահատել հայկական զարդանախշի և մանրանկարչության գիտակ նկարիչ Տարագրոսը։
7-րդ դասարանն ավարտելուց հետո (1943) Հարությունյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ Սովորել է Գրիգոր Ահարոնյանի արվեստանոցում, ով ծանոթացնում էր աշակերտներին եվրոպական մշակույթի պատմությանը՝ ձևավորելով նրանց ճաշակը և ընդարձակելով մտահորիզոնը։ 1948 թվականին Հարությունյանի ուսանողական երկու աշխատանքներ ցուցադրվել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախասրահում[7]։
Ստեղծագործական ուղու սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնարանն ավարտելուց հետո Հարությունյանն ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թվականին։ Քանդակագործի դիպլոմային աշխատանքն էր Կոմիտասի բրոնզե արձանը, որը մրցույթում շահելով՝ տեղադրվեց երգահանի շիրիմին (Երևանի Կոմիտասի անվան պանթեոն)[8]։ Արվեստաբան Ա. Կամենսկու խոսքերով «…այդպիսով Հարությունյանն արժանացավ ազգային բարձր պատվի»[9]։
Վաղ աշխատանքներից են Վիսարիոն Բելինսկու (1957), գրող Ալեքսանդր Շիրվանզադեի (1958) կիսանդրիները, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Արուս Ոսկանյանի (1958), նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1958), բժիշկ Ս. Սողոմոնյանի մահարձանները (1962)։ Այդ շրջանի նշանակալի ստեղծագործությունը հայտնի անգլիացի ֆոտոնկարիչ, հայկական արմատներով Իդա Կարի դիմաքանդակն է (1957)։ Հայաստանում առաջին դեկորատիվ քանդակներից էր միջնադարյան Գեղարդի վանք տանող ճանապարհին տեղադրված կոթող-ուղենիշ «Առյուծը» (1958)[8]։
Հասունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներից Ա. Հարությունյանի ստեղծագործական կյանքում սկսվում է բեղմնավոր շրջան մոնումենտալ քանդակագործությունում։ Նա առաջիններից է ստեղծում ճարտարապետա-քանդակային համալիրները Խորհրդային Հայաստանում։ Հարությունյանի շնորհիվ Հայաստանում հայտնվեցին կառույցների ճարտարապետությանը համահունչ հարթաքանդակներ։ Արվեստաբան, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Ս. Օռլովը գրում է. «Հարությունյանն արտիստիկ կերպով վերածնեց հին արևելյան մոնումենտալ արվեստի ավանդույթները։ Նա ստեղծեց իր վառ ու ինքնատիպ ոճը»[10]։
1968-1969 թվականներին Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի։
1966-1967 թվականներին Հարությունյանը ստեղծում է իր սիրելի գործերից մեկը՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը։ Խորհրդային Հայաստանում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը։ Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, Գաբրիել Սունդուկյանի արձանից (1972) և «Սիրին» բարձրաքանդակից (1976)։ Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ։ Աջից վերևում պատկերված է մ. թ. ա. 53 թվականին Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավորը։ Ձախից շրջանաձև կոմպոզիցիայում է գտնվում գրող, հայ գրականության մեջ քննադատական ռեալիզմի և արևելահայ թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի արձանը։ Դրամատուրգի դիմաքանդակը տեղադրված է բեմահարթակի նմանվող պատվանդանին։ Համալիրի եզրափակող օղակը «Սիրին» բարձրաքանդակն է։ Նարնջագույն տուֆից ստեղծած հեքիաթային թռչունը հիշեցնում է միջնադարի հայ մանրանկարչության պատկերները[11]։
Հայ ժողովրդի պատմա-մշակութային իրադարձություներն իրենց մարմնավորումն են գտել Երևանի հյուսիսային և հարավային մուտքերի մոտ տեղադրված «Վահագն վիշապաքաղ» (1965) և «Արծիվ շինարարը» (1966) կոմպոզիցիաներում, Երևանի Գինու գործարանի «Պայքար առյուծի հետ» և «Աղվեսներ» հարթաքանդակներում (1961)։
1960 թվականին ճարտարապետ Վ. Սարգսյանի հետ միասին Գորիսում Հարությունյանը տեղադրում է Զանգեզուրի հերոսներին նվիրված հուշարձան։
1964 թվականին Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանի համար, որը համարվում է քաղաքային միջավայրում ճարտարապետա-քանդակային միկրոանսամբլի լավագույն օրինակներից մեկը[8]։ Պատահական չէր ձյունասպիտակ մարմարի ընտրությունը հուշարձանի կերտման համար։ Այն արտացոլում էր Սայաթ Նովայի ոգեշունչ բանաստեղծական կերպարը։ Իր ամբողջականության մեջ անթերի բանաստեղծի դեմքը նրբորեն քանդակված է հատիչով։ Ուղղանկյուն մարմարյա սյուների արանքից երևում են սաղարթախիտ ծառերին ընկած արևի ճառագայթները։ Հուշարձանի վերին հորիզոնական սալիկին պատկերված են ազգային գլխանոցներով կանացի գլխաքանդակներ։ Հակառակ կողմին՝ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող երկու արծիվների պատկերներն են։ Ներքին աջ անկյունից մարմարյա փորակով հոսում է ջրի շիթ։
Հայ գրականության դասական Սայաթ-Նովայի հուշարձանը բացվել է Երևանում 1963 թվականին՝ մեծ բանաստեղծի ծննդյան 250-ամյակի տոնակատարության օրերին։ Միջոցառումն անցկացվել է մեծ շուքով, ներկա էին հանրապետոթյան առաջին դեմքերը, արվեստի և մշակույթի գործիչներ։ Հնչել են Սայաթ-Նովայի բանաստեղծությունները, բացումն ուղեկցվել է երգչախմբային կատարումներով։
1963 թվականին Հարությունյանը ստեղծում է «Արշալույս» արձանը։ Կոփածո ալյումինից աղջկա ֆիգուրը տեղադրված է Երևան-Սևան մայրուղում։ 1975թ. իր ստեղծագործական խմբի հետ Հայաստան այցելած ականավոր բրիտանացի լուսանկարիչ Նորման Պարկինսոնը արձանի մոտ նկարում է հայտնի մոդել Ջերի Հոլլին։ Լուսանկարը տպագրվում է Vogue UK ամսագրում, և համարվում է լուսանկարչի լավագույն գործերից մեկը[12][13]։
1967 թվականին Հարությունյանն իրականացրեց իր կարևոր նախագծերից մեկը՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրվեց նրա «Մայր Հայաստան» հուշակոթողը։ Սա Հայաստանի ամենամեծ հուշակոթողն է՝ բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 54 մետր, կոփածո պղնձե արձանի բարձրությունը՝ 22 մ, քաշը՝ մոտ 22 տոննա[14]։
Հուշակոթողն առանձնանում է ձեռքերի ոճավորված կերպով և հագուստի պարզ ու անպաճույճ գծերով։ Հարությունյանի մտահղացմամբ՝ ուղիղ անկյամբ աջ ձեռքի թեքությունը խորհրդանշում է կնոջ ուժն ու վճռականությունը և Հայրենիքի հզորությունը։ Քանդակագործի աշխատանքը բարդացնում էր այն, որ արձանը պետք է կանգնեցվեր արդեն գոյություն ունեցող պատվանդանին, որտեղ նախկինում եղել էր Ստալինի արձանը։ Այս բարդ հանգամանքում մեկ անգամ ևս բացահայտվեց Արա Հարությունյանի վարպետությունն ու բարձր պրոֆեսոինալիզմը։
1968 թվականին Հայաստան այցելեց ականավոր պատմաբան Ա. Զ. Մանֆրեդը։ Ֆրանսիայի պատմությանը նվիրված նրա աշխատությունները զգալի ավանդ են ներդրել գիտության մեջ։ «Նապոլեոն Բոնապարտ» գրքի ներածականում Մանֆրեդն անթաքույց հիացմունքով գրել է «ազդեցության ուժով և գեղարվեստական բարձրարժեքությամբ ապշեցնող «Մայր Հայաստանի» թողած տպավորության մասին[15]։
Հուշակոթողի քաղաքաշինական գերակա դերը Երևանի ճարտարապետական նկարագրում բարձր է գնահատել ականավոր արվեստաբան Ա. Կամենսկին[16]։
«Մայր Հայաստան» հուշարձանի արարման ստեղծագործական նրբություններին է անդրադարձել Արա Հարությունյանը «Սովետական արվեստ « թերթին տված հարցազրույցում[14]։ Մասնավորապես նա նշել է, որ համաձայն իր գեղարվեստական մտահղացման՝ «Մայր Հայաստանը «պետք է դառնար ուժի, հերոսության և հաղթանակի խորհրդանիշ։
1968 թվականին Արա Հարությունյանը (ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի, քանդակագործներ Սամվել Մանասյանի և Արշամ Շահինյանի հետ միասին) ստեղծեց Սարդարապատի ճակատամարտին նվիրված հոյակերտ հուշահամալիրը, որը տեղակայված է Արմավիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա, այն վայրում, որտեղ 1918 թվականին հայերը հաղթանակ տարան թուրքական բանակի դեմ։ «Սարդարապատի հերոսամարտը» հուշահամալիրը բաղկացած է թևավոր ցուլերի ֆիգուրներից, դեպի «Հաղթանակի պատը» ձգվող «Արծիվների ճեմուղուց», «Հացատան» շենքից և Հայաստանի ազգագրական թանգարանից։
Վ. Ցելտները գրում է. «Հարությունյանի մոնումենտալ քանդակագործությունն իր անկրկնելի ուժով շարունակում է առաջ ընթանալ՝ ներառելով իր մեջ նրա սիրած հերոսական թեման... Գրեթե հերալդիկ են «Սարդարապատի հերոսամարտի» հուշահամալիրում «Հաղթանակի պատի» նրա թևավոր ձիերն ու արծիվը»[17]։ Հուշահամալիրի հիմական դերը վերապահված է Հաղթանակի պատին։ Նրա պլաստիկայում, պատկերավոր արտահայտչաձևում և հարթաքանդակային կոմպոզիցիաների կառուցվածքում զգացվում է կապը Արա Հարությունյանի նախորդ ստեղծագործությունների հետ[8]։ 1969 թվականին «Սարդարապատի հերոսամարտը» հուշահամալիրը ներկայացվել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։
1982 թվականին քանդակագործը ստեղծում է արվեստաբան Վ. Ցելտների խոսքով «իր համար ամենից գրավիչ հերոսական կերպարը «Փառք աշխատանքին» (Բանվոր) մոնումենտալ չուգունե արձանը։ Այն տեղադրվեց Երևանի գործարանային թաղամասում, Աշխատանքի հրապարակում։ Թափով առաջ ընթացող հզոր Բանվորի չուգունակերտ կերպարը մարմնավորում էր մարդկային ոգու ուժը[17]։ Բանվորի արձանը բարբարոսաբար ապամոնտաժվեց 1997 թվականին։
1976 թվականին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտ տեղադրվեց 1915 թվականի թուրքական բանակի դեմ պայքարած մուսալեռցիների հիշատակին նվիրված Հարությունյանի հուշարձանը։ Հուշարձանը նմանվում է արծվի պատկերով բերդի։ Տուֆե կառույցի ճակատային պատը զարդարում են զինվորի կերպարանքով և նավի ուրվագծով հարթաքանդակները՝ ի պատիվ ֆրանսիական նավի, որտեղ իրենց փրկությունը գտան մահից սպրդած հայկական ընտանիքները։ Ռեժիսոր Ռ. Ֆրանգուլյանի «Քանդակագործ Արա Հարությունյան» վավերագրական ֆիլմում պահպանվել են բացառիկ կադրեր, որտեղ քանդակագործն աշխատում է հուշահամալիրի ստեղծման վրա[18]։
Հարությունյանը իր հարգանքի տուրքը մատուցելով պատմական այս դրվագը իր «Մուսա լեռան 40 օրը» վեպում ներկայացրած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին՝ հուշահամալիրին է նվիրել վերջինիս դիմաքանդակը։
1978 թվականին Հարությունյանը կոփածո պղնձից ստեղծում է «Մուսա» դեկորատիվ քանդակը, որը զարդարում է Երևանի լրագրողների շենքը։ Հենց այդ շենքում է 25 տարի ապրել քանդակագործը։
Հարությունյանի ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում կարմիր գծի պես անցել է Կոմիտասի կերպարը։ Նա ստեղծել է բազմաթիվ հաստոցային քանդակներ, գծանկարներ, իսկ 1988 թվականին իրականցավ Հարությունյանի երազանքը՝ Երևանի Կոնսերվատորիային կից այգում տեղադրվեց Կոմիտասի արձանը։ Ստեծագործական այս մտահղացման մասին նա պատմել է «Երեկոյան Երևան« թերթին տված հարցազրույցում 1977 թվականին. քանդակագործն ասել է. « Կոմիտասն ինձ համար սրբություն է, անվերջանալի գագաթ... Կոմիտասը միշտ մեզ հետ է, նա մեր մեջ է»[19]։
Վարպետի աշխատանքներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայոց պատմության և մշակույթի հանրահայտ գործիչների՝ գրող Հ.Թումանյանի, կոմպոզիտոր Կոմիտասի, բեմադրիչ Վարդան Աճեմյանի, երգչուհի Լուսինե Զաքարյանի, ՀԽՍՀ ժողովրդական դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանի և Ս. Սարգսյանի, ԽՍՀՄ հերոս փորձակող-օդաչու Ռ. Կապրիելյանի, պաղեստինցի քանդակագործ Մունա Սաուդիի դիմաքանդակները, ինչպես նաև ընդհանրական և ալեգորիկ կերպարները՝ «Անիի կործանումը» («Վերջին շունչ»), «Կանչ», «Հաղթողը», «Երկիր Նաիրի», «Հույս» և այլն։
Արա Հարությունյանը գծանկարի վարպետ էր, փայլուն գրաֆիկայի հեղինակ, արվեստաբան Վ. Ցելտների խոտովանությամբ՝ «անսպասելի ընդարձակ ու ծանրակշիռ, բացարձակապես ինքնուրույն բնագավառ՝ իր հիմնական մասնագիտությանն այդքան նվիրված քանդակագործի ստեղծագործական կյանքում»[17]։
Մոսկվայում, Երևանում և շատ այլ քաղաքներում մեծ հաջողությամբ են անցել Հարությունյանի անհատական ցուցահանդեսները, որտեղ քանդակների հետ միասին միշտ ցուցադրվել են նաև գրաֆիկական աշխատանքները, որոնց թվում «Թատրոն», «Աղերս», «Դերասանուհու դիմանկարը», «Մերկ կինը», «Կինն ու սատիրները» և այլք։
Արվեստաբան Ս. Կապլանովան գրում է. «... Հարությունյանի գծանկարներում կանացի մարմինները պատկերման մաքրությամբ և առաքինությամբ հիշեցնում են բոտիչելյան և ջորջոնեական կերպարներին»[20]։
1974-1999 թվականներին քանդակագործը դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում պրոֆեսորի կոչումով։ Հարությունյանի ուսանողները ուսուցչի մասին իրենց հուշերով կիսվել են «Վարպետ Արա Հարությունյանը իր աշակերտների աչքերով» հոդվածում[21]։
Հարությունյանի ստեղծագործական ժառանգության գեղարվեստական բարձր արժեքը և նշանակությունն են ընդգծել արվեստաբաններ Ա. Կամենսկին, Վ. Ցելտները, Գ. Կնաբեն, Ռ. Աբոլինան, Ս. Օռլովը, Ի. Իվանովան, Ա. Ստրիգալյովը, Ս.Կապլանովան, Բ. Զուրաբովը, Մ. Այվազյանը և շատ ուրիշներ։
Միջազգային նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Հարությունյանի արվեստը կարևոր դեր է ունեցել միջազգային կապերի հաստատման և ամրապնդման գործում։ 1965 թվականին Արա Հարությունյանը ներկայացրեց իր «Պատանեկություն» քանդակը Իտալիայում անցկացվող քանդակագործության միջազգային բիենալեում։ Մարմարի արդյունահանմամբ հայտնի Կարարա քաղաքում տեսնելով Քրիստոսի անավարտ արձանը՝ Հարությունյանը առաջարկեց տեղափոխել այն Երևան։ Քաղաքի վարչակազմի ղեկավար Գրիգոր Հասրաթյանը սատարեց քանդակագործին, և ներկայումս հայտնի «Կարարայի ձեռքերը« տեղադրվեցին Երևանի կենտրոնական զբոսայգիներից մեկում։ Երևանը և Կարարան դարձան քույր-քաղաքներ, և որպես բարեկամության խորհրդանիշ՝ Կարարայում և Երևանում տեղադրվեցին նաև Հարությունյանի ստեղծած հուշարձան-աղբյուրը։
1978 թվականին Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերանների խնդրանքով Հարությունյանը կերտեց Ֆրանսիայի հակաֆաշիստական Դիմադրության ղեկավար, Ֆրանսիայի ազգային հերոս, ազգությամբ հայ Միսաք Մանուշյանի հուշարձանը, որը տեղադրված է Փարիզի Իվրի (Ivry-sur-Seine) արվարձանում։ Արձանն իրենից ներկայացնում է Հարությունյանի նախընտրելի կարմիր տուֆից վեր հառնող կոթող, որի ներսում տեղադրված է Մանուշյանի բրոնզաձույլ գլուխը։
1988 թվականին Հարությունյանը ստեղծում է Ասիայի առաջին կին նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը։ Խորհրդային Միության կողմից դիմաքանդակը նվիրվեց Կորասոնին։ Այս իրադարձությունը զգալիորեն բարելավեց դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների՝ ԽՍՀՄ և Ֆիլիպիններին միջև։ Կորասոն Ակինոյի դիմաքանդակի համար 1988 թվականին Արա Հարությունյանն արժանացավ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին[22]։
Արա Հարությունյանի գործերը ներկայացված են աշխարհի թանգարաններում և մշակութային օջախներում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Նկարիչների միության միջազգային կոնֆեդերացիայում, ինչպես նաև Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում[23]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնումենտալ քանդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրող Մուրացանի հուշարձան-կիսանդրին, 1955 թվական։ Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, բազալտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 220: Տեղադրված է Երևանի Մուրացանի անվան դպրոցի մոտ։
- «Կոմիտասի մահարձան» (1955, բրոնզ, գրանիտ, Երևան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
- Վ. Գ. Բելինսկու հուշարձան-կիսանդրին, 1957 թվական։ Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, գրանիտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 225: Տեղադրված է Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան դպրոցի մոտ։
- Գրող Շիրվանզադեի հուշարձան-կիսանդրին, 1958 թվական։ Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, բազալտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 330: Տեղադրված է Երևանի Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ։
- Գնդապետ Սիմոն Զաքյանի հուշարձան-կիսանդրին։ Տեղադրված է Երևանում։
- «Գեղարդի առյուծը»։ Դեկորատիվ քանդակ։ Կոփածո պղինձ, բազալտ։ Բարձրությունը 400, 1958 թվական։ Տեղադրված է Գեղարդ տանող ճանապարհին, Հայաստան։
- 1920 թվականին Զանգեզուրի ազատագրության համար զոհված հերոսների հուշարձան, 1960 թվական։ Ճարտարապետ Վ. Սարգսյան։ Բազալտ։ Բարձրությունը 500։ Տեղադրված է Գորիս քաղաքում, Հայաստան։
- Պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի հուշարձանը, 1960 թվական։ Ճարտարապետ Ա. Ալեքսանյան։ Բազալտ։ Բարձրությունը 300։ Տեղադրված է Գորիս քաղաքում, Հայաստան։
- Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ, 1961 թվական։ Բարձրաքանդակներ։ Երևան։
- «Պայքար առյուծի հետ»։ Բազալտ։ 300х300
- «Աղվեսներ»։ Բազալտ։ 100х200
- Մեծ հայրենականի տարիներին Սևաստոպոլի ազատագրության համար զոհված 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշարձան, 1961 թվական։ Ճարտարապետ Դ. Թորոսյան։ Կոփածո պղինձ, գրանիտ։ Բարձրությունը 1100։ Տեղադրված է Սևաստոպոլի մերձակայքում։ Ղրիմ։
- «Արշալույս»։ Պատկերաքանդակ, 1963 թվական։ Ալյումին, քանդակադրոշմ։ Բարձրությունը 440։ Տեղադրված է Երևան-Սևան մայրուղում։
- Սայաթ-Նովայի հուշաղբյուրը, 1963 թվական։ Ճարտարապետ Էդուարդ Սարապյան։ Մարմար։ 300х375х400: Տեղադրված է Երևանում։ Այս գործի համար Հարությունյանն արժանացել է ՀԽՍՀ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի։
- «Հայ և էստոնացի ժողովուրդների բարեկամություն» հուշարձան-աղբյուր, 1964 թվական։ Տուֆ։ Բարձրությունը 450։ Տեղադրված է Երևանում։
- «Երևանի և Կարարայի բարեկամություն» հուշարձան-աղբյուր, 1964 թվական։ Տուֆ։ Բարձրությունը՝ 300: Կարարա, (Իտալիա)
- «Երևանի և Կարարայի բարեկամություն» հուշարձան-աղբյուր, 1964 թվական։ Տուֆ։ Երևանի օղակաձև այգի
- 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի հուշարձան-աղբյուր, 1965 թվական։ Բազալտ։ Բարձրությունը 240։ Տեղադրված է Երևանում։
- «Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի» (1965 թվական, Էջմիածին)
- «Վահագն Վիշապաքաղ» հուշարձան-ուղենիշ, 1965 թվական։ Տուֆ։ Բարձրությունը 1100։ Երևանի հյուսիսային մուտք։
- «Արծիվ-շինարարը», 1966 թվական։ Պղինձ, քանդակադրոշմ, տուֆ։ Բարձրությունը 1500։ Երևանի հարավային մուտք։
- «Վահագնի պայքարը վիշապի հետ», 1966 թվական։ Ալյումին, քանդակադրոշմ, բազալտ։ Բարձրությունը 1100։ Տեղադրված է Կապան քաղաքի մուտքին։ Հայաստան։
- Գաբրիել Սունդուկյանի անվան Հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային անսամբլ։ Ճարտարապետներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կոնստրուկտոր Ռ. Բադալյան, 1966-1967 թվականներ։ Երևան։
- Ճակատամաս, 1966 թվական։ Հարթաքանդակ։ 500х1400
- Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, 1972 թվական։ Տուֆ։ Գլխի բարձրությունը՝ 170, պատվանդանի բարձրությունը՝ 295:
- Հուշկապարիկ («Սիրին»), 1976 թվական։ Տուֆ, բազալտ։ Հարթաքանդակ։ 146х168: Ճարտարապետական լուծումը՝ Ա. Հարությունյանի։
- Հուշակոթող «Մայր Հայաստան», 1967 թվական։ Պատկերաքանդակ, պղինձ, քանդակադրոշմ, տուֆ։ Բարձրությունը՝ 2200: Տեղադրված է Երևանի Հաղթանակի զբոսայգում[24]։
- «Սարդարապատի Ճակատամարտը» ճարտարապետա-հուշարձանային համալիր, 1968 թվական։ Համահեղինակներ՝ Ս. Մանասյան, Ա. Շահինյան։ Ճարտարապետ՝ Ռ. Իսրաելյան, տուֆ։ Հայաստան։
- Զանգակատուն։ Բարձրությունը 3500։
- Ցուլեր։ Բարձրությունը 800։
- Արծիվներ։ Բարձրությունը 400։
- Հաղթանակի պատը։ 700х5400:
- «Էրեբունի» թանգարան, 1968-1969 թվականներ։ Ճարտարապետներ՝ Շ. Ազատյան, Բաղդասար Արզումանյան։ Տուֆ։ 770х2500: Երևան։
- Գլխավոր ճակատ։ «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները»։ «Էրեբունի» թանգարանի հարթաքանդակների համար 1970 թվականին ստացել է ՀԽՍՀ Ճարտարապետների միության դիպլոմ։
- Հարավային ճակատ։ «Առյուծաորս»։
- Հյուսիսային ճակատ։ «Խալդ աստվածը»։
- Բանաստեղծ Հակոբ Հակոբյանի հուշարձանը, 1969 թվական։ Բրոնզ, տուֆ։ Բարձրությունը 360։ Տեղադրված է Կիրովի անվան Մշակույթի տան դիմաց։ Երևան։
- «Բերրիություն»։ Դեկորատիվ քանդակ, 1974 թվական։ Տուֆ։ Բարձրությունը 370։ Տեղադրված է Քիշինևի Բարեկամության այգում։
- Մուսա լեռան հերոսների հուշարձանը, 1975 թվական։ Տուֆ։ Բարձրությունը 1800։ Տեղադրված է Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում։ Հայաստան։
- Վ. Ի. Լենինի հուշարձանը, 1977 թվական։ Ճարտարապետ Ա. Ադամյան։ Տուֆ։ Բարձրությունը 1200։ Երևան։ Ապամոնտաժված է։
- «Մուսա»։ Դեկորատիվ քանդակ, 1978 թվական։ Ճարտարապետ Ռ. Բադալյան։ Պղինձ, քանդակադրոշմ։ Բարձրությունը 150։ Երևանի Ժուռնալիստի տուն։
- Միսակ Մանուշյանի հուշարձանը, 1978 թվական։ Բրոնզ, տուֆ։ Բարձրությունը 280։ Տեղադրված է Փարիզում (Իվրի արվարձան )
- Ստեփան Շահումյանի հուշարձանը, 1978 թվական։ Բազալտ։ Բարձրությունը 550։ Տեղադրված է Ստեփանավան քաղաքում։ Հայաստան։
- Հրազդանի միկրոշրջանի Մշակույթի տան ճակատամասի քանդակազարդումը, 1979 թվական։ Տուֆ։ Հայաստան։
- «Փառք աշխատանքին» հուշարձան, 1982 թվական։ Չուգուն, գրանիտ։ Բարձրությունը 11մ։ Երևան։ Ապամոնտաժվել է 1997 թվականին։
- Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին, 1982 թվական։ Բրոնզ։ Բարձրությունը 265։ Բաթումի։
- Կոմիտասի հուշարձանը, 1988 թվական։ Բրոնզ։ Տեղադրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում։
- Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը, 1988 թվական։ Բրոնզ։ Տեղադրված է Մանիլայի Մալականյան պալատում։ Ֆիլիպիններ։
- Երաժիշտ Զարեհ Սահակյանցի դիմաքանդակը։ Բրոնզ։ Տեղադրված է Աբովյան քաղաքի Զարե Սահակյանցի անվան Մանկական երաժշտական դպրոցում։ Հայաստան։
Հաստոցային քանդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսանողուհու դիմաքանդակը։ Բրոնզ։ 1954: 52х30х30. Վանաձորի կերպարվեստի թանգարան։
- Կոմիտաս։ Մարմար։ 1954: 54x47x30. Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան։
- Բանաստեղծ Հակոբ Հակոբյանը։ Մարմար։ 1956: 56х100х50: 1956, Մանուկ Աբեղյանի թանգարան։ Երևան։
- Իդա Կարի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1957: 36x26х26.
- Կնոջ դիմաքանդակը։ Պղինձ, քանդակադրոշմ։ 1962:29х31х31
- Պատանեկություն։ Տերրակոտա։ 1962.123х60х40: Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան։
- Պատանեկություն։ Ներկած գիպս։ 121х57х35: Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան։
- ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանի դիմաքանդակը։ 1970: Տուֆ։ 21х43х30: Վանաձորի կերպարվեստի թանգարան։
- Երկիր Նաիրի։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1970: 55х53х35: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
- Բերրիություն։ Բրոնզ։ 1970, 50х15х10: Վանաձորի կերպարվեստի թանգարան։
- Կոմիտաս /գլուխ/: Մարմար։ 1972, Հայաստանի երգչախմբային ընկերության նախասրահ։ Երևան։
- Կոմիտաս։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1972, Երգչախմբային ընկերություն։ Երևան։
- Կոմիտաս։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1972, 63х16х13, Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
- Գաբրիել Սունդուկյան։ Գլուխը։ Բրոնզ։1972, 45х45х48, Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի նախասրահ։ Երևան։
- Բեմադրիչ Վարդան Աճեմյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1974, 34х25х30, Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
- Խորհրդային միության հերոս, փորձարկող-օդաչու Ռ. Կապրիելյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1975, 50х55х40, ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников): Մոսկվա։
- Հռիփսիմե, բրոնզ, 1976, 33х18х18
- Ֆրանց Վերֆել։ Գլուխը։ 1976: Մուսա լեռան ճարտարապետա-հուշարձանային համալիրի թանգարան։ Էջմիածնի շրջան։ Հայաստան։
- Կոմիտաս։ Բրոնզ, 25х25х28, Կոմիտասի թանգարան,Երևան։
- Գլադիատորը։ Բրոնզ։ 1977, 30х46х10:
- Աղոթք (Աղերս)։ Բրոնզ և քար։ 1977: 58х25х25. ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников), Մոսկվա։
- Կոմիտաս։ Բրոնզ։ Գլուխը։ 1977, 33х25х25: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
- Մտածողը։ Բրոնզ։ 1978, 68х58х48, Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
- Հետերա։ Պատկերաքանդակ։ 1978, բրոնզ, 60х24х12
- Հաղթողը։ Բրոնզ։ 1978, 74х39х16, Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան։
- Անիի կործանումը։ Բրոնզ։ 1978, 23х40х20: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
- Դստեր՝ Սուսաննայի դիմաքանդակը։ Մարմար։ 1978, 46х46х30: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников) : Մոսկվա։
- Կանչ։ Բրոնզ, 1978, 55х74х30: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
- Հայկական ԽՍՀ ժողովրդական դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի դիմաքանդակը։ 1979: Բրոնզ։ 1979, 36х22х36: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
- Ռուզանի դիմաքանդակը։ Տերրակոտա։ 1980, 33х23х23:
- Բժիշկ Կ. Ղարագուլյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1980:36х33х30:
- Գ. Լիլոյանի դիմաքանդակը։ 1980: Բրոնզ։ 1980: 36х21х30:
- Լ. Ներսիսյանի դիմաքանդակը։ 1980: Բրոնզ։ 35х25х30:
- Երգչուհի Լուսինե Զաքարյանի դիմաքանդակը։ Մարմար։ 1980: 41х50х30
- Խաղողագործը։ Բրոնզ։ 1978: 37,5х15х19. Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան։
- Պաղեստինցի քանդակագործ Մունա Սաուդիի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1982: 48х29х32: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников) : Մոսկվա։
- Հայկական ԽՍՀ ժողովրդական դերասան Ս. Սարգսյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1982: 36х25х29: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
- Բերրիություն։ 1983. Փայտ։
- Բանաստեղծ Վահագն Դավթյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1983: 46х68х38:
- Առատություն։ Բրոնզ։ 1983: 64х28х28:
- Հույս։ Բրոնզ։ 1984: 93х38х28:
- Ակադեմիկոս Գ. Բրուտյանի դիմաքանդակը։ Մարմար։ 1984: 40х58х29:
- Կարա-Մուրզա։ Գիպս։ 45х160х40: Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան։
- Հացագործ Ադալյանը։ Ներկած գիպս։ 50х50х30: Հայաստանի նկարիչների միություն։ Երևան։
- Մեսրոպ Մաշտոց։ Գիպս։ 109х55х25: Բուժավայրերի և առողջարանների վարչություն։ Երևան։
- Տրդատ ճարտարապետը։ Բրոնզ։ 1987: 79х24,5х34: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников)։ Մոսկվա։
Դիմաքանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոմիտաս», 1972, բրոնզ
- «Վարդան Աճեմյան», 1974, բրոնզ»
- «Մհեր Մկրտչյան», 1979, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
- «Հովհաննես Թումանյան», 1981, բրոնզ
- «Զարեհ Սահակյանց»
- Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ, Մուսալեռ
- Կոմիտաս
- Վարդան Աճեմյան
- Մհեր Մկրտչյան
- Հովհաննես Թումանյան
- Պաղեստինցի քանդակագործ Մունա Սաուդիի դիմաքանդակը, բրոնզ, 1982, Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ
- Դստեր՝ Սուսաննայի դիմաքանդակը, մարմար, 1978, Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ
- Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ
Հուշատախտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը Հայաստանի երաժշտական ընկերության պատին, բրոնզ, 70х140
Հաստոցային գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 թվական, անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 1982 թվական, անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 1983 թվական անհատական ցուցահանդես, Նկարչի կենտրոնական տուն, Մոսկվա
- 1995 թվական, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահներ, Մոսկվա
Մասնակցել է տասնյակ խմբակային ցուցահանդեսների ինչպես Խորհրդային Միության տարածքում, այնպես էլ Եվրոպայում և Ասիայում։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկովյան Արևելքի պետական թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Ռուսական արվեստի թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում և արտերկրում։
Հետմահու ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 Արա Հարությունյանի 85-ամյակին նվիրված հուշ-երեկո Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում[25], Մոսկվա
- 2015 Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հովանու ներքո Արա Հարությունյանի գործերի (քանդակ, գծանկար) ցուցահանդես՝ «Արա Հարությունյան. Եղեռնի թեման ստեղծագործական ժառանգության մեջ», Հայկական տաճարային համալիրի թանգարան, Մոսկվա
- 2015 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպվել է Արա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության անցկացված ընդունելության շրջանակներում
- 2017 թվականին Ռուսաստանում Հայաստան մշակույթի օրերի շրջանակում Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում անցկացվեց «Արևը քարի մեջ» անհատական ցուցահանդեսը[26], Մոսկվա
- 2018 թվականին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց Արա Հարությունյանի 90-ամյակին նվիրված «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը[27], Երևան
- 2018 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է Արա Հարությունյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո և ստեղծագործությունների ցուցադրություն, Մոսկվա[28]
Պարգևներ, մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու արձանի նախագծի համար արժանաժացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մրցանակի, 1952
- Երևանում կայացած երիտասարդության I փառատոնում «Ուսանողուհու դիմանակարը» քանդակի համար ստացել է բրոնզե մրցանակ, 1957
- Սայաթ-Նովայի հուշաղբյուրի (Երևան) համար արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի, 1964
- Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1964
- «Սարդարապատի հերոսամարտի» հուշարձանային համալիրն առաջադրվեց ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1969
- Շնորհվել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմ՝ «Էրեբունի» թանգարանի շենքի հարթաքանդակների համար։ Արժանացել է Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված «Աշխատանքի արիության» մեդալով, 1970
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1972
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1977
- «Պատվո նշան» շքանշան, 1981
- «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (Ֆիլիպինների և Ասիայի առաջին կին նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակի համար), 1988
- ԽՍՀՄ և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, 1988
- Պրոֆեսոր, 1988
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է Արա Հարությունյանին նվիրված հուշ-երեկո։
2014 թվականի նոյեմբերի 3-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում բացվել է քանդակագործ, գրաֆիկ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ՌՖ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանի անվան արվեստանոցը[29][30][31]։
2015 թվականի մարտի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հովանու ներքո կազմակերպվել է Արա Հարությունյանի գործերի (քանդակ, գծանկար) ցուցահանդես՝ «Արա Հարությունյան. Եղեռնի թեման ստեղծագործական ժառանգության մեջ», Հայկական տաճարային համալիրի թանգարան։ Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9։
2018 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է Արա Հարությունյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո և ստեղծագործությունների ցուցադրություն, Մոսկվա։
Մեջբերումներ Արա Հարությունյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարությունյանի ճարտարապետական և քանդակագործական լուծումներով են պայմանավորված ժամանակակից Երևանի պլաստիկ-գեղագրական արտահայտչականությունը, խորհրդանիշների լեզուն և պատմական զուգորդումները։ - արվեստաբան Ա.Կամենսկի[32] |
Արա Հարությունյանի արվեստը, նախ և առաջ, հանդիսանում է օրգանական, ոչնչով չխաթարվող միասնություն։ Նա մեկն է այն վարպետներից, ովքեր նշմարեցին գեղարվեստական փնտրտուքների ուղղությունը և արարման գործող պրակտիկայում հաստատեցին արվեստի նոր գաղափարներ։ - Նկարչի կենտրոնական տան գլխավոր արվեստաբան Վ. Ցելտներ[33] |
Քանդակագործին տրված էր մարդկանց, ժողովուրդների ճակատագրերում ու պատմական հեռու և մոտիկ ժամանակների մթնոլորտներում մտովի ներթափանցման շնորհ։ Նրա քանդակներում կենդանություն էին առնում արևելյան դիցաբանության կերպարները։ Նա սեփական արտիստիզմով էր առարկայացնում Հին Արևելքի մոնումենտալ արվեստի ավանդույթները։ Հարությունյանը ստեղծեց վառ ինքնատիպությամբ առանձնացող իր ոճը։ Նա ստեղծագործական մեծ դիապազոնի տեր էր։ Նրա բոլոր գործերում զգալի են վարպետությունը, հոգու բարձր թռիչքը, անսպառ եռանդն ու ինքնատիպությունը։ - արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Սերգեյ Օռլով[34] |
Միայն մեծ վարպետը կարող է միահյուսել իր արվեստում անցյալի մշակութային գանձերի նկատմամբ խոնարհումը, ժամանակակից կյանքի ռիթմի զգացողությունը և զմայլանքը մարդկային գեղեցկության հանդեպ։ - Ս.Կապլանովա[35] |
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Капланова С. Ара Арутюнян. Монография. М.: Советский художник, 1968.
- Аболина Р. Скульптура Арутюняна // Творчество. 1963. № 9.
- Базазьянц С. Декоративность и дар // Декоративное искусство СССР. 1964. № 4.
- Мкртчян Б. Визитные карточки города // Неделя. 1966. № 12.
- Воронов Н. Добрый город // Декоративное искусство СССР. 1967. № 4.
- Иванова И., Стригалев А. Современная советская монументально-декоративная скульптура. М., 1967.
- Капланова С. Городской ансамбль и монументально-декоративная скульптура А. Арутюняна // Искусство. 1967. № 6.
- Базазьянц С. Бурная декоративность // Мювесет (Искусство). Будапешт. 1968. № 11 (на венг. яз.).
- Агабекова С. Певец камня // АПН. Мадрид. 1969. № 26 (на исп. яз.).
- Светлов И., Шкаловский Г. Скульптура Армении 60-х годов / Советская скульптура наших дней. 1960–1970. М., 1973.
- Степанов Г. Взаимодействие искусств. Л., 1973.
- Иванов И. Скульптура и город. М., 1975
- Монументальное искусство СССР.Альбом.Автор-составитель В.Толстой.,М.,1978
- Ղ. Հայրապետյան. Արվեստի ճշմարտությունը հավերժական է. Հարցազրույց Ա.Հարությունյանի հետ// «Երեկոյան Երևան», №163, 1977
- Монументальное искусство СССР. Альбом. Автор-составитель В. Толстой. М., 1978
- Айрапетян Г. Вечная правда искусства // Литературная Армения. 1978. № 1.
- Аболина Р. Ленинский план монументальной пропаганды в действии // Искусство. 1978. № 4.
- Красный камень в память о мужестве // За рубежом. 1978. № 48.
- Айвазян М. Искусство 1945–1970 гг. / Очерки по истории армянского изобразительного искусства. Ереван, 1979.
- Ара Арутюнян. Каталог персональной выставки. Автор вступительной статьи Л. Токмаджян. Ереван, 1982.
- Ара Арутюнян. Каталог персональной выставки. Автор вступительной статьи Б. Зурабов. Москва, 1982.
- А. Арутюнян / Армянская энциклопедия. Т. 6. 1980.
- Каменский А. Судьбы и характеры // Творчество. 1983. № 7.
- Цельтнер В. Мир искусства Ара Арутюняна // Искусство. 1983. № 12.
- Кнабе Г. А. Арутюнян. Надежда // Декоративное искусство. 1984. № 1.
- Воронов Н. Советская монументальная скульптура 1960–1980. М.: Искусство, 1984.
- Айвазян М. Изобразительное искусство Армянской ССР / История искусства народов СССР. Т. 9. Кн. II. М., 1984.
- Зурабов Б. А. Арутюнян. Мастера советского искусства. Москва. Советский художник,1986.
- Малхасян Э. Режиссер формы // Ереван. Март 2008.
- Арутюнян С. Мудрость и неповторимость таланта. К 85-летию скульптора-монументалиста А. А. Арутюняна // Независимая информационно-аналитическая международная армянская газета «Ноев Ковчег». Сентябрь 2013 г. № 16.
- Арутюнян С. Мастер. К 85-летию скульптора-монументалиста А. А. Арутюняна // Общественно-политическая газета «Голос Армении». 29 июня 2013 г. № 70.
- Самый большой памятник // Армянское бюро путешествий.
- Арутюнян С. Мастер Ара Арутюнян глазами учеников // Общественно-политическая газета «Голос Армении». 26 марта 2014 г.
- Вечер памяти Ара Арутюняна в Российской Академии Художеств. Белый зал РАХ, Пречистенка 21, 26 ноября 2013 г.
- Орлов С. Творческий вечер памяти профессора А. А. Арутюняна // Портал современноймеждународная армянская газета «Ноев Ковчег». 16–31 российской скульптуры. Объединение Московских Скульпторов.
- В Москве прошел вечер памяти скульптора А. Арутюняна // Независимая информационно-аналитическая декабря 2013 г. № 23–24.
- Ахинова Л. Искусство как инструмент международных отношений // Общественно-политическая газета «Голос Армении». 26 февраля 2015 г.
- 24 марта 2015 - Открытие персональной выставки А. Арутюняна «Тема геноцида в творческом наследии». В рамках правительственных мероприятий, посвященных 100-летию геноцида армян, в храмовом комплексе Армянской Апостольской Церкви. Москва: Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на NovostiNK
- Арутюнян С. Посмотри, какая интересная женщина, я бы ее вылепил//Лица//Независимая общественно-политическая газета "Новое время"
- Հորս համար սին խոսքեր չէին հայրենասիրությունն ու սերը//Առավոտ. 21 января 2016
- [https://web.archive.org/web/20190327101738/https://www.shrimptoncouture.com/blogs/curate/13512525-uk-vogues-1st-journey-in-the-ussr-in-1976 Արխիվացված 2019-03-27 Wayback Machine Журнал Vogue UK 1976]
- Арутюнян С.А. Папино солнце. Москва. Издательство "Перо". 2016
- Հարությունյան Ս.Ա. Հայրիկի արևը//Անդին. ամսագիր № 2, 2017
- Арутюнян С.А. "Мать-Армения" - часть истории нашей страны//Ноев Ковчег.№11(298) ноябрь 2017
- Арутюнян С. А. Фотография на память//Голос Армении. 21 марта 2018
- Հարությունյան. Ս. Հայրենիքին նվիրաբերած կյանք Մայր Հայաստան հուշարձանի հեղինակը կդառնար 90 տարեկան//Իրավունք, 11.09.2018
Կինոֆիլմեր, վիդեոռեպորտաժներ
- Վավերագրական ֆիլմ «Քանդակագործ Արա Հարությունյան», Երևան,1976
- Телерепортаж Общественного телевидения Армении H1, Открытие персональная выставки А. Арутюняна “Солнце в камне” в Государственном музее современной истории России. (Тверская 21. В рамках мероприятий проведения Дней культуры Армении в Росиии.14 ноября 2017 г. Москва
- Телерепортаж Общественного телевидения Армении H1. Вечер памяти Ара Арутюняна в Российской академии художеств, посвящённый 90-летию Мастера. 28 ноября 2018 г. Москва Արխիվացված 2019-02-07 Wayback Machine
- Գերդաստաններ. Արա Հարությունյան
- Вечер памяти скульптора монументалиста Ара Арутюняна в Российской Академии Художеств.
- Репортаж АРМ ТВ. В рамках правительственных мероприятий, посвященных 100-летию геноцида армян, в храмовом комплексе Армянской Апостольской Церкви в Москве открылась персональная выставка скульптора-монументалиста, графика Ара Арутюняна, народного художника Армении, члена Академии Художеств СССР и РФ под названием: «Тема геноцида в творческом наследии». Выставка организована Российской и Ново-Нахичеванской Епархией Армянской Апостольской Церкви. 24 марта 2015 г. На открытии выступили Архиепископ Езрас, дочь скульптора А. Арутюняна Сусанна и представители посольства Республики Армения в Российской Федерации. Часть работ Мастера представлена из Фонда Государственной Третьяковской галереи и экспонируется впервые за 40 лет
- Մարտի 28-ը քանդակագործ Արա Հարությունյանի ծննդյան օրն է(չաշխատող հղում)
- Էպիզոդ 7, Անծանոթ Երևան, ATV TV
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրեբունի թանգարանի ճակատային քանդակը՝ «Արգիշտի արքան և Երևանի հիմնադրումը»
- «Մուսա», Պուշկինի փողոց, Երևան
- Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ
- Միսաք Մանուշյանի հուշարձանը, տուֆ, բրոնզ, 1978, Փարիզ, Իվրի սյուր Սեն
- «Վահագն Վիշապաքաղ» հուշարձան-ուղենիշ, 1965 թվական: Տուֆ։ Բարձրությունը 1100: Երևանի հյուսիսային մուտք։
- «Արծիվ-շինարարը», 1966 թվական: Պղինձ, քանդակադրոշմ, տուֆ։ Բարձրությունը 1500: Երևանի հարավային մուտք։
- Մեծ հայրենականի տարիներին Սևաստոպոլի ազատագրության համար զոհված 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշարձան, 1961 թվական: Ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան։ Կոփածո պղինձ, գրանիտ։ Բարձրությունը՝ 1100մ: Տեղադրված է Սևաստոպոլի մերձակայքում։ Ղրիմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Зурабов Б. А. Арутюнян. Мастера советского искусства. Москва. Советский художник 1986.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ««Հորս համար սին խոսքեր չէին հայրենասիրությունն ու սերը»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ . «"Посмотри, какая интересная женщина, я бы ее вылепил"». www.nv.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ Բ. Զուրաբով «Արա Հարությունյան« մենագրություն, Սովետսկի խուդոժնիկ, Մ,1986. ռուսերեն։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Բ. Զուրաբով «Արա Հարությունյան» մենագրություն, Սովետսկի խուդոժնիկ, 1986. ռուսերեն
- ↑ Ա.Կամենսկի.Ճակատագրեր և բնավորություններ // Տվորչեստվո, № 7, 1983. ռուսերեն
- ↑ Ս. Ի. Օռլով. Պրոֆեսոր Ա. Ա. Հարությունյանին նվիրված ստեղծագործական հուշ-երեկո։ Ժամանակակից ռուսական ճարտարապետության կայք։ Մոսկովյան ճարտարապետների միավորում. ռուսերեն.
- ↑ Վավերագրական ֆիլմ «Քանդակագործ Արա Հարությունյան«, 1976թ. Երևան ստուդիա 10 րոպե. (287 м), սև-սպիտակ. Սցենարի հեղինակ Ռ.Մանուկյան, Գ, Հայրապետյան, ռեժ. Ռ. Ֆրանգուլյան, օպ. Է. Մաթևոսյան, հայերեն
- ↑ «UK VOGUE'S 1ST JOURNEY IN THE USSR IN 1976». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ ФОТОГРАФИЯ НА ПАМЯТЬ
- ↑ 14,0 14,1 Քաղաքն և քանդակագործը։ Հարցազրույց Ա. Հարությունյանի հետ։ Սովետական արվեստ//, № 9, 1973
- ↑ Մանֆրեդ Ա. Զ. Նապոլեոն Բոնապարտ. Երևան. Հայաստան, 1975թ. Ներածական. հայերեն
- ↑ Ա. Կամենսկի. Ճակատագրեր և բնավորություններ. Տվորչեստվո, 1983, №7. ռուսերեն
- ↑ 17,0 17,1 17,2 Վ. Ցելտներ. «Արա Հարությունյանի արվեստի աշխարհում» // Իսկուսստվո, № 12, 1983. ռուսերեն
- ↑ Sculptor Ara Harutyunyan
- ↑ Ղ. Հայրապետյան. Արվեստի ճշմարտությունը հավերժական է // Երեկոյան Երևան, № 163,1977
- ↑ Ս. Կապլանովա, Արա Հարությունյան , Մ, 1968. ռուսերեն
- ↑ МАСТЕР АРА АРУТЮНЯН ГЛАЗАМИ УЧЕНИКОВ
- ↑ ИСКУССТВО КАК ИНСТРУМЕНТ МЕЖДУНАРОДНЫХ ОТНОШЕНИЙ
- ↑ «ТВОРЧЕСКИЙ ВЕЧЕР, ПОСВЯЩЕННЫЙ 90-ЛЕТИЮ СО ДНЯ РОЖДЕНИЯ АРА АРУТЮНЯНА (1928-1999)». Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին. Վերցված է 2019-07-11-ին.
- ↑ «МАСТЕР». golosarmenii.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Ара Арутюнян - вечер памяти в Москве». noev-kovcheg.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Արևը քարի մեջ». Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը
- ↑ Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում
- ↑ Творческий вечер, посвященный 90-летию со дня рождения ара арутюняна (1928-1999)(չաշխատող հղում)
- ↑ Արա Հարությունյանի արվեստանոց(չաշխատող հղում)
- ↑ Արա Հարությունյանի 85-ամյակին (1928-1999)(չաշխատող հղում)
- ↑ «Ստեղծագործական երեկո պրոֆեսոր Արա Հարությունյանի հիշատակին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Ճակատագրեր և բնավորություններ», «Ստեղծագործություն», 1983, №7 (А. Каменский.Судьбы и за характеры.Журнал «Творчество», 1983, №7.
- ↑ «Արա Հարությունյանի արվեստի աշխարհը», «Արվեստ»,1983,№12 (В. Цельтнер. Мир искусства Ара Арутюняна. Журнал «Искусство».1983, № 12.
- ↑ Ա.Ա.Հարությունյանին նվիրված ստեղծագործական հուշ-երեկո։ Ժամանակակից ռուսական քանդակագործության կայք։ Մոսկովյան քանդակագործների միավորում.2013 թ։ (Сергей Орлов. Творческий вечер памяти профессора А. А. Арутюняна. Портал современной российской скульптуры. Объединение Московских Скульпторов.2013 г.
- ↑ Արա Հարությունյան։ Մ., 1968 ( С. Капланова. Ара Арутюнян. Монография.М., 1968.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- МАСТЕР АРА АРУТЮНЯН ГЛАЗАМИ УЧЕНИКОВ
- ФОТОГРАФИЯ НА ПАМЯТЬ
- ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԿՅԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ(չաշխատող հղում)
- Գերդաստաններ. Արա Հարությունյան
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հարությունյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 316)։ |