Գաղութացում

Աշխարհի գաղութացումը 1492-2008 թվականներին

Գաղութացում (անգլ.՝ Colonialism), զարգացած երկրների խմբերի` աշխարհի մնացած մասին տիրապետելու համակարգ 16-20-րդ դարերում[1]։

Գաղութացման քաղաքականությունը նվաճման և ռազմական, տնտեսական մեթոդներով այլ ժողովուրդների, երկրների ու տարածքների (սովորաբար տնտեսապես ավելի ցածր զարգացում ունեցող) մասնակի շահագործման քաղաքականությունն է[2]։

Գաղութների ձեռքբերման նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն, առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բնական ու մարդկային ռեսուրսների շահագործում, մի շարք դեպքերում` յուրօրինակ, հազվագյուտ ռեսուրսների (այդ թվում` տարանցում) ուղղակի հասանելիություն, դրանց հանդեպ մենաշնորհների ձգտում։
  • Առևտրական ճանապարհների, շուկայի օպտիմալացում, ոչ ցանկալի միջնորդ այլ երկրների չեզոքացում։
  • Առևտրի` ավելի բարձր անվտանգության ձգտում, նրա առավել օպերատիվ, ուժային տիրապետում։
  • Առևտրի իրավական պաշտպանվածություն իրավական դաշտի հարմարեցման ճանապարհով, կայսրական իրավական չափանիշների ձևավորում։

Սոցիալական ոլորտ, սոցիալական հավասարակշռության օպտիմալացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համապատասխան նպատակների ձևավորում քրեական կողմնորոշում ունեցող սոցիալական շերտերի ջանքերով, նրանց բեռի թեթևացում մետրոպոլիայի հասարակության համար։
  • Գաղութների կառավարում, գաղութային վարչակարգի ձևավորում, որը կառավարողների համար լավ դպրոց է, իսկ ուժի կիրառումը տեղական հակամարտությունների լուծման համար լավ եղանակ է կայսրական զինված ուժերը զգոն պահելու համար։ Կայսրության կարիքների համար ձևավորվում է արհեստավարժ, ճկուն, փորձառու քաղաքացիական ու ռազմական բյուրոկրատական դպրոց` ապահովելով պաշտոնյաների նոր սերունդ, քաղաքական, ռազմական ու մշակութային էլիտա։
  • Մետրոպոլիայի համեմատությամբ առավել էժան, երբեմն նույնիսկ անվճար (ստրկություն) աշխատուժի ձևավորում, այդ թվում` ըստ անհրաժեշտության արտահանման համար։
  • Քաղաքական ու ռազմական նոր տեխոլոգիաների փորձարկում, սեփական արտադրության վնասակար թափոնների արտահանում, վտանգ պարունակող ռազմական, գիտական, արդյունաբերական, բնական փորձարկումներ, որոնց արդյունքը վտանգի տակ կարող էր դնել մետրոպոլիայի բնակիչների բարեկեցությունը, առողջությունն ու կյանքը։ Մի շարք դեպքերում նման գործունեությունը հարմար առիթ է փորձարկումները հասարակությունից գաղտնի պահելը։

Արտաքին քաղաքականություն, քաղաքակիրթ զավթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհառազմավարական հետաքրքրություններ, աշխարհի կարևոր հատվածներում հենակետերի ձևավորում սեփական ռազմական ուժերի շարժունակությունն ապահովելու համար։
  • Զորքերի, օդուժի, առևտրական կետերի, գաղութատիրական այլ կայսրությունների բնակչության տեղափոխման վերահսկում, վերջիններիս կողմից համապատասխան տարածքների ներթափանցման կանխում, նրանց դերի նվազեցում։
  • Կայսրական հեղինակության գիտակցում, աշխարհաքաղաքական մեծ կշռի ձեռքբերում միջազգային պայմանագրեր կնքելու, աշխարհում սեփական դերակատարման մեծացման նպատակով։
  • Քաղաքակիրթ մշակութային, լեզվական էքսպանսիա, մետրոպոլիայիայում, գաղութներում ու աշխարհի այլ հատվածներում սեփական հեղինակության, գործող իշխանությունների լեգիտիմության ամրապնդում։ Կայսրական քաղաքակիրթ ստանդարտների վերածում համընդհանուր ստանդարտների։

Գաղութի նախանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղաքական ոչ ինքնուրույնություն, իրավական հատուկ կարգավիճակ, որը, որպես կանոն, տարբերվում է մետրոպոլիայի գավառների կարգավիճակից։
  • Աշխարհագրական զատվածություն, մեծ մասամբ մետրոպոլիայից հեռացվածություն։
  • Բնական ռեսուրսների տնտեսական շահագործում, մետրոպոլիայի օգտին աշխատանքի շահագործում, որը հաճախ հանգեցնում է տնտեսական զարգացման արգելակման, գաղութի դեգրադացման։
  • Շատ դեպքերում էթնիկ, կրոնական, մշակութային կամ այլ տարբերություն մետրոպոլիայի բնակիչների համեմատությամբ, ինչը առաջիններին հիմք է տալիս իրենց համարելու առանձնացված, ինքնուրույն համայնք։
  • Պատմական գործոն
    • Մետրոպոլիայի կողմից տարածքի գրավում, բռնազավթում։
    • Գաղութի` իրավական կարգավիճակից զրկում։
      • Տեղական իշխանություններին ոչ իրավահավասար, կասկածելի բնույթ ունեցող պայմանագրերի պարտադրում, գաղութի տարածքում մետրոպոլիայի օգտին ինքնիշխանությունը սահմանափակող վասալության, կոնցեսիայի, պրոտեկտորատի պայմանների պարտադրում։
      • Ռազմական ուժով կամ հովանավորչությամբ գաղութի տարածքում խամաճիկային ռեժիմի հաստատում։
      • Տարածքի անեքսիայի եղանակով մետրոպոլիայի կողմից սեփական գաղութային վարչակարգի ձևավորում։
      • Գաղութի ուղիղ կառավարում մետրոպոլիայից։
    • Մետրոպոլիայից զգալի թվով բնակչության ներգաղթ գաղութի տարածք, նրանից տեղական իշխանությունների ձևավորում։
    • Մասնակիորեն (հատկապես մինչև 20-րդ դարի վերջին քառորդը) աբորիգենների քաղաքացիական իրավունքների սահմանափակում մետրոպոլիայի բնակչության համեմատությամբ, աբորիգենների համար օտարոտի մշակույթի, կրոնի, լեզվի, սովորույթների ամրապնդում, գոյատևման միջոցներից զրկում, տարբեր բնույթի զտում, մինչև իսկ ցեղասպանություն։
    • Շատ դեպքերում գաղութի բնակչության մեծամասնության ձգտում դեպի փոփոխությունները, սեփական դրության բարելավումը։
      • Մետրոպոլիայի կողմից նմանատիպ գործողությունների բռնի ճնշում։
      • Երբեմն գաղութի նկատմամբ տարածքային երկարաժամկետ հավակնություններ աշխարհագրորրեն, էթնիկապես, կրոնապես կամ մշակութապես ավելի հարմար երկրի կողմից։

Նոր ժամանակաշրջանի վաղ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութացման նախադրյալները ձևավորվել են 15-րդ դարում` աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում, երբ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման բացահայտել է Հնդկաստան տանող ճանապարհը, իսկ Կոլումբոսը` հասել Ամերիկայի ափերին։ Այլ մշակույթ ունեցող ժողովուրդներին հանդիպելով` եվրոպացիները ցուցադրել են իրենց տեխնիկական զարգացվածության առավելությունները (հրազեն, օվկիանոսային առագաստանավեր)։ Առաջին գաղութները Նոր աշխարհում հիմնել են իսպանացիները։ Ամերիկյան հնդկացիների պետությունների թալանումը նպաստել է եվրոպական բանկային համակարգի աճին, ֆինանսական ներդրումների հոսքին` խթանելով արդյունաբերությունը, որն իր հերթին պահանջել է հումքային նոր ռեսուրսներ։

Կապիտալի սկզբնական կուտակման գաղութային քաղաքականությանը բնորոշ են նվաճված տարածքներում առևտրում մենաշնորհների հաստատումը, տեղի բնակչության նկատմամբ շահագործման ֆեոդալական ու ստրկատիրական ձևերի հաստատումը։ Այս քաղաքականությունը Եվրոպայի երկրներում հանգեցրել է գաղութների թալանի ու ստրուկների վաճառքի հաշվին մեծ կապիտալի կուտակման, որը հատկապես զգալի է եղել 17-րդ դարի երկրորդ կեսին` խթան հանդիսանալով Անգլիայի` ժամանակի առավել զարգացած երկիր համարվելու։

Ստրկացված երկրներում գաղութային քաղաքականությունը հանգեցրել է արտադրական ուժերի ջախջախման, արգելակել է այդ երկրների տնտեսական, քաղաքական զարգացումը, հանգեցրել է հսկայական տարածքների թալանին ու տեղի ժողովուրդների շահագործմանը։ Ռազմական բռնության մեթոդները գլխավոր դեր են խաղացել այդ ժամանակաշրջանում գաղութների շահագործման գործում։ Դրա վառ օրինակ է Բրիտանական արևելահնդկական ընկերությունը 1757 թվականին իր կողմից նվաճված Բենգալիայում։ Նման քաղաքականության հետևանք է եղել 1769-1773 թվականների սովը, որի զոհն են դարձել տասը միլիոն բենգալացիներ։ Իռլանդիայում 16-17-րդ դարերում բրիտանական կառավարությունը բռնազավթել և անգլիացի գաղութարարներին է փոխանցել գրեթե բոլոր հողերը, որոնք պատկանել են բնիկ իռլանդացիներին։

Նոր ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղի իշխանավոր, Նիգեր

Մանուֆակտուրաներից արտադրական մեծ գործարանների անցումով պայմանավորված` գաղութային քաղաքականության մեջ կատարվել են զգալի փոփոխություններ։ Գաղութները տնտեսապես ավելի սերտորեն են կապվել մետրոպոլիաների հետ, որոնք նրանց վերածել են ագրարային-հումքային կցորդների` գյուղատնտեսության զարգացման ուղղվածությամբ, և դարձել են արդյունաբերական ապրանքի սպառման շուկաների և մետրոպոլիայի կապիտալիստական աճող արդյունաբերության հումքի աղբյուր։ Այսպես` 1814-1835 թվականներին անգլիական բամբակաթղթային կտորների արդյունահանումը Հնդկաստան աճել է 65 անգամ։

Շահագործման նոր մեթոդների տարածումը, գաղութային կառավարման հատուկ մարմինների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կամրապնդեին տեղի ժողովուրդների նկատմամբ գերիշխանությունը, ինչպես նաև մետրոպոլիայում բուրժուազիայի տարբեր շերտերի մրցակցությունը հանգեցրին գաղութային առևտրական մոնոպոլիաների վերացմանը և գրավված երկրների ու տարածքների` մետրոպոլիայի կողմից պետական կառավարմանը։

Գաղութների շահագործման ձևերի ու մեթոդների փոփոխությունը չի ուղեկցվել դրանց ինտենսիվության նվազմամբ։ Դրանց կիրառումը հանգեցրել է Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալ-տնտեսական զարգացման արագացմանը։ Չնայած գաղութարարները հետաքրքրված են եղել գաղութներում գյուղատնտեսական ապրանքների աճով, սակայն նրանք հաճախ սատարել են ֆեոդալական ու մինչֆեոդալական հարաբերությունները` այդ խավը համարելով իրենց սոցիալական հենարանը գաղութներում։

Արդյունաբերական դարաշրջանի սկզբին գաղութային խոշոր տիրապետություն է համարվել Մեծ Բրիտանիան։ 18-19-րդ դարերի երկարատև պայքարում պարտության մատնելով Ֆրանսիային` այն Ֆրանսիայի, ինչպես նաև Նիդերլանդների, Իսպանիայի ու Պորտուգալիայի հաշվին մեծացրել է իր տարածքները։ Մեծ Բրիտանիան իրեն է ենթարկել Հնդկաստանը։ 1840-1842 թվականներին և Ֆրանսիայի հետ համատեղ 1856-1860 թվականներին նա Չինաստանի դեմ մղել է այսպես կոչված Ափիոնային պատերազմները, որոնց արդյունքում նա Չինաստանին պարտադրել է իր համար շահավետ պայմաններ։ Նա տիրել է Սյանգանին (Հոնկոնգ), փորձել է հպատակեցնել Աֆղանստանը, գրավել է հենակետային տարածքներ Պարսից ծոցում (Ադեն)։ Գաղութային մոնոպոլիան արդյունաբերական մոնոպոլիաների հետ ապահովել է Մեծ Բրիտանիայի` որպես գերտերության դիրքերը ամբողջ 19-րդ դարում։ Գաղութացում իրականացրել են այլ տերություններ ևս։ Ֆրանսիան հպատակեցրել է Ալժիրը (1830-1848), Վիետնամը (19-րդ դարի 50-80-ական թվականներ), իր գերիշխանությունն է հաստատել Կամբոջայի (1863) և Լաոսի (1893) նկատմամբ։ 1855 թվականին Կոնգոն անցել է բելգիական Լեոպոլդ II թագավորի տիրապետությանը, երկրում հաստատվել է հարկադիր աշխատանքի համակարգը։ 20-րդ դարի սկզբին Ցին կայսրությունը հայտարարել է Տիբեթի ու Մոնղոլիայի գաղութացման «նոր քաղաքականությունը»։

Գաղութային տերությունները վարչականորեն արտահայտվել են կա՛մ դոմինիոնի (գաղութի ուղղակի կառավարում փոխարքայի, գեներալ-կապիտանի կամ գեներալ-նահանգապետի միջոցով), կա՛մ պրոտեկտորատի ձևերով։

Գաղութացման գաղափարական հիմնավորումն ուղեկցվել է մշակույթի տարածման անհրաժեշտության պատրվակով։ Գաղութացման իսպանական տարբերակը ենթադրում էր կաթոլիկության էքսպանսիա, իսպաներենի հաստատում էնկոմիենդայի եղանակով։ Գաղութացման հոլանդական ձևը Հարավային Աֆրիկայում ենթադրում էր ապարտհեյդ, տեղի բնակչության վտարում։ Գաղութարարները ձևավորել են տեղի բնակչությունից լիովին անկախ համայնքներ, որոնք ներառում էին ամենատարբեր շերտերի մարդկանց` ներառյալ հանցագործների ու արկածախնդիրների։ Լայնորեն տարածված են եղել նաև կրոնական համայնքները (Նոր Անգլիայում` պուրիտաններ, Վայրի Արևմուտքում` մորմոններ)։ Գաղութային իշխանությունն իրականացվել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով` որով պայմանավորված այն սատարել է տեղի իշխանավորներին, որոնք հաճույքով ընդունել են իշխանության արտաքին նշանները և ղեկավարման մեթոդները։

Սովորական երևույթ է եղել թշնամի ցեղերի (գաղութային Աֆրիկայում) կամ կրոնական համայնքների (Բրիտանական Հնդկաստանում հինդուսների ու մուսուլմանների) կոնֆլիկտների հրահրումը նաև ապարտհեյդի միջոցով։ Հաճախ գաղութային վարչակազմը իր թշնամիների դեմ պայքարելու համար պահել է կեղեքող խմբեր և բնիկներից կազմավորել զինված ջոկատներ։ Այս ամենը պատասխան ռեակցիան են առաջացրել ապստամբությունների ձևով, ընդ որում, այն տարիները, որոնք աֆրիկյան աշխարհամասում խաղաղ են անցել, հազվադեպ են հանդիպում։ Այսպես` 1902-1903 թվականներին պորտուգալացիների դեմ ապստամբել է օվիմբունդու ցեղը Անգոլայում։ 1905 թվականին գերմանական վարչակարգի դեմ սկսվել է զինված պայքար Տանգանիկայում, վեց տարի է տևել ֆրանսիացիների դեմ պայքարը Մադագասկարում, որն ավարտվել է 1904 թվականին։ Թունիսում ապստամբություն են բարձրացրել իսլամականները[3]։

Ապագաղութայնացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահաթմա Գանդին 44 տարեկան հասակում

Գաղութային համակարգը վերջնական հարվածն է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հումանիստական ու ժողովրդավարական գործընթացների մեկնարկով պայմանավորված։ Ապագաղութացումը խրախուսվել է այն ժամանակվա երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի (Էյզենհաուեր) և ԽՍՀՄ-ի (Ստալին, Խրուշչով) կողմից։

Մեծ դժվարությամբ է ազգային անկախություն ձեռք բերել Հնդկաստանը՝ մեծ մասամբ շնորհիվ Մահաթմա Գանդիի սկսած պասիվ դիմադրության շարժման։ 1947 թվականին անկախություն է ձեռք բերել Հնդկաստանը, իսկ 1960 թվականին՝ աֆրիկյան մի շարք պետություններ։ Դիենբյենֆուի պարտությունից հետո ֆրանսիացիները հեռացան ֆրանսիական Հնդկաչինից։ Համեմատաբար հանգիստ է վերափոխվել Նիդերլանդների երբեմնի հզոր կայսրությունը։

Գաղութային կախվածությունը թոթափած երկրները ստացել են Երրորդ աշխարհի երկրները անվանումը։ Հետգաղութային շրջանում զարգացած երկրները տնտեսապես ու քաղաքականապես գերազանցել են Երրորդ աշխարհի երկրներին։ Երրորդ աշխարհի որոշ երկրներ դեռևս հանդես են գալիս որպես հումք մատակարարող երկրներ, ինչը թույլ է տալիս ապահովել բնակչության բարեկեցության որոշակի մակարդակ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է եվրոպական երկրներին (օրինակ՝ Արաբական Էմիրաթներ)։ Աշխատավարձի ցածր մակարդակը նրանց դարձնում է էժան աշխատուժի պահեստարան, ինչը հնարավորություն է տալիս միջազգային ընկերություններին նվազագույնի հասցնել իրենց ուշացումները՝ նրանց ընդգրկելով իր արտադրության մեջ՝ առաջին հերթին լայն սպառման ապրանքների։

Գաղութային համակարգի վերացման ոչ բոլոր հետևանքներն են եղել դրական, քանի որ մետրոպոլիայի ու տեղի իշխանավորների միախառնված վարչակարգի փոխարեն իշխանության են եկել կոռումպացված թույլ ռեժիմներ, որոնք ի վիճակի չեն եղել հասնելու ներքին շուկայում գների արդարացի ձևավորման, ապահովելու հարկերի հավաքումը սեփական կրթական ու գիտական ոլորտների զարգացման համար։ Զարգացող շատ երկրներում աճում է պարտքը։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային քաղաքականության ազդեցությունը պետության ու նրա բնակչության վրա զգալի է ու համընդգրկուն[4]։ Տարբեր են ազդեցությունները, որոնք կարող են լինել կարճաժամկետ և երկարաժամկետ․ դրանց թվում կարող են ներառվել հիվանդությունները, հասարակական ոչ հավասար հարաբերությունների հաստատումը, բնակչության շահագործումն ու ստրկացումը, եվրոպական որոշ էթնոսների էնթոցիդը, միևնույն ժամանակ բժշկության զարգացումը, սոցիալական նոր ինստիտուտները, աբոլիցիոնիզմը, ենթակառուցվածքների կատարելագործումն ու տեխնոլոգիական ընդհանուր առաջընթացը[5][6][7]։ Գաղութացումը նպաստել է նաև լեզուների, գրականության տարածմանը՝ երբեմն նաև հանգեցնելով մշակույթի ընդհանուր փոխարինման։

Գաղութացման համաճարակային հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբնիկ ժողովուրդների ու նոր հողերը նվաճողների շփումները հաճախ հանգեցրել են նոր հիվանդությունների դրսևորումների, որոնք որոշ դեպքերում վերածվել են տեղային համաճարակների՝ վիրուլենտության մեծ աստիճանով[8]։ Այսպես՝ մինչկոլումբոսյան Ամերիկայում չեն եղել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բնական ծաղիկը, կարմրուկը, մալարիան[9]։

Հիվանդությունը 16-րդ դարում ոչնչացրել է Կանարյան կղզիների տեղաբնիկներին ամբողջությամբ․ 1518 թվականին ծաղիկից մահացել է Հաիթիի հնդկական բնակչության կեսը։ Բնական ծաղկի համաճարակ է բռնկվել նաև Մեքսիկայում 1520-ական թվականներին, որտեղ միայն Տենոչտիտլանում մահացել է 150,000 մարդ՝ ներառյալ կայսրը, իսկ Պերուում 1530-ական թվականներին նույն հիվանդությունը որոշակի օգնություն է եղել եվրոպական նվաճողների համար։ 17-րդ դարում Մեքսիկայի բնիկները տուժել են ծաղիկից, որի հետևանքով նահացել է մոտ երկու միլիոն մարդ։ 1618-1619 թվականներին ծաղիկի համաճարակից Մասաչուսեթսի ծոցի ամերիկյան հնդկացիների շրջանում մահացությունը կազմել է 90 %[10]։ Այս հիվանդության համաճարակներ են բռնվել 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին Մեծ հարթավայրերի հնդկացիների շրջանում, որը նույնպես հանգեցրել է տեղաբնիկների թվաքանակի զգալի կրճատման[11]։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ Ամերիկայի բնակչության մոտ 95 %-ը մահացել է հիվանդությունից, որոնք Ամերիկա են թափանցել Հին աշխարհից[12]։ Հիվանդությունների բազմադարյան շփման ընթացքում եվրոպացիները այդ հիվանդությունների հանդեպ ձեռք էին բերել որոշակի կայունություն, մինչդեռ ամերիկյան տեղաբնիկները դրանց հանդեպ ոչ մի իմունիտետ չեն ունեցել[13]։

Բրիտանական գաղութացման վաղ շրջանում բնական ծաղիկը թափանցել է նաև Ավստրալիա, որտեղ դրանից մահացել է աբորիգենների մոտ 50 %-ը[14]։ Դրանից տուժել են նաև Նոր Զելանդիայի տեղաբնիկները[15]։ 1848-1849 թվականներին Հավայան կղզիներում տարածվել են կապույտ հազն ու գրիպը, որի արդյունքում մահացել է այնտեղ ապրող 150,000 բնակիչներից 40,000-ը։ Ներմուծված հիվանդությունները, հատկապես ծաղիկը, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Զատկի կղզու բնակչությունը[16]։ 1875 թվականին Ֆիջի կղզում բռնկված ծաղկի համաճարակի հետևանքով մահացել է մոտ 40,000 մարդ, որը կազմել է բնակչության մոտ մեկ երրորդը[17]։ Բացի այդ՝ 19-րդ դարում էականորեն կրճատվել է այնուների թվաքանակը հիմնականում վարակիչ հիվանդությունների պատճառով, որոնք ներթափանցել էին Հոկայդո կղզու ճապոնացի վերաբնակիչների միջոցով[18]։

Գիտնականները ենթադրում են, որ իր հերթին մյուս մայրցամաքներից Եվրոպա են ներթափանցել որոշ հիվանդություններ, օրինակ՝ սիֆիլիսը։ Այս ուղղությամբ հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեցող արևադարձային բակտերիան, որոնք բերել են վերադարձող եվրոպացիները, իր համար նոր պայմաններում մուտացիայի է ենթարկվել՝ առողջության համար ավելի վտանգավոր դառնալով[19]։ Վերածննդի շրջանում հիվանդությունը բնորոշվել է մահացության ավելի բարձր աստիճանով, քան ներկայումս է[20]։ Բենգալիայում սկսվել է խոլերայի առաջին համաճարակը, որը տարածվել է ամբողջ Հնդկաստանով․ այնտեղ հիվանդությունից մահացել են մոտ 10,000 բրիտանացի զինվոր և բազմաթիվ հնդկացիներ[21]։ Վլադիմիր Խավկինը, ով աշխատել է Հնդկաստանում 19-րդ դարի վերջին, մշակել է խոլերայի ու բուբոնային ժանտախտի պատվաստանյութ։

Հիվանդությունների դեմ պայքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1803 թվականին իսպանական գահը կազմակերպել է առաքելություն, որի նպատակը եղել է բնական ծաղկի պատվաստանյութով ապահովել գաղութներն ու իրականացնել բնակչության զանգվածային պատվաստում[22]։ 1832 թվականին ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը հաստատել է բնիկ հնդկացիների զանգվածային պատվաստման ծրագիրը[23]։ Համանման ծրագիր է ընդունվել Հնդկաստանում Մաունտստյուարտ Էլֆինստոնի նախաձեռնությամբ[24]։ 20-րդ դարի սկզբից գաղութային տերություններն իրենց ջանքերը կենտրոնացրել են հիվանդությունների դեմ պայքարին և արևադարձային երկրներում դրանց վերահսկմանը[25]։ Այսպես՝ Աֆրիկայում կանխվել է քնախտի տարածումը՝ շնորհիվ մոբիլային խմբերի աշխատանքի, որոնք պարբերաբար հետազոտել են միլիոնավոր մարդկանց՝ հիվանդության ռիսկային գոտում գտնվող[26]։ Արդյունքում 20-րդ դարում մարդկության թվաքանակի աննախադեպ աճ է գրանցվել՝ հիմնականում շատ երկրներում մահացության մակարդակի նվազեցման շնորհիվ․ դա պայմանավորվել է բժշկության առաջընթացով[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rodney, W. (1972). How Europe underdeveloped Africa. Black Classic Press.
  2. Veracini, Lorenzo (2010). Settler Colonialism: A Theoretical Overview. New York: Palgrave Macmillan. էջ 5. ISBN 978-0-230-22097-3.
  3. Welt im Umbruch. 1900—1914.Verlag das Beste:- Stuttgart,Zürich,Wien. 1999. ISBN 3-87070-837-9
  4. «Come Back, Colonialism, All is Forgiven». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Lovejoy, Paul E. (2012). Transformations of Slavery: A History of Slavery in Africa. London: Cambridge University Press.
  6. Ferguson, Niall (2003). Empire: How Britain Made the Modern World. London: Allen Lane.
  7. [Thong, Tezenlo. Civilized Colonizers and Barbaric Colonized: Reclaiming Naga Identity by Demythologizing Colonial Portraits, History and Anthropology 23, no. 3 (2012): 375—397]
  8. Kenneth F. Kiple, ed. The Cambridge Historical Dictionary of Disease (2003).
  9. Alfred W. Crosby, Jr., The Columbian Exchange: Biological and Cultural Consequences of 1492 (1974)
  10. Smallpox — The Fight to Eradicate a Global Scourge Արխիվացված 2008-09-07 Wayback Machine, David A. Koplow.
  11. «The first smallpox epidemic on the Canadian Plains: In the fur-traders' words» Արխիվացված 2020-06-01 Wayback Machine, National Institutes of Health.
  12. The Story Of… Smallpox — and other Deadly Eurasian Germs.
  13. Stacy Goodling, «Effects of European Diseases on the Inhabitants of the New World» Արխիվացված 2008-05-10 Wayback Machine
  14. «Smallpox Through History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. New Zealand Historical Perspective Արխիվացված 2010-06-12 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն)
  16. How did Easter Island’s ancient statues lead to the destruction of an entire ecosystem? Արխիվացված 2011-09-12 Wayback Machine, The Independent.
  17. Fiji School of Medicine Արխիվացված 2014-10-20 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն)
  18. Meeting the First Inhabitants (չաշխատող հղում — պատմություն), TIMEasia.com, 21 August 2000.
  19. Genetic Study Bolsters Columbus Link to Syphilis, New York Times, January 15, 2008.
  20. Columbus May Have Brought Syphilis to Europe, LiveScience
  21. Cholera’s seven pandemics. CBC News. December 2, 2008.
  22. Dr. Francisco de Balmis and his Mission of Mercy, Society of Philippine Health History. Արխիվացված 2004-12-23 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն)
  23. «Lewis Cass and the Politics of Disease: The Indian Vaccination Act of 1832». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  24. Smallpox History — Other histories of smallpox in South Asia. Արխիվացված 2012-04-16 Wayback Machine
  25. Conquest and Disease or Colonialism and Health? Արխիվացված 2008-12-07 Wayback Machine, Gresham College | Lectures and Events.
  26. WHO Media centre Fact sheet N°259: African trypanosomiasis or sleeping sickness.(անգլ.) : journal. — 2001.
  27. The Origins of African Population Growth, by John Iliffe, The Journal of African History, Vol. 30, No. 1 (1989), pp. 165—169.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղութացում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 670