Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնություն
Российская Федерация
Ռուսաստանի դրոշ
Դրոշ
Ռուսաստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ «Государственный гимн России»
Ռուսաստանի ազգային օրհներգ  (տառադարձությամբ՝)
Գասուդարստվեննիյ գիմն Ռասիսկըյ Ֆեդերացիյի

Ռուսաստանի դիրքը
Ռուսաստանի դիրքը
Ռուսաստանի Դաշնության տեղագրություն
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Մոսկվա
Պետական լեզուներ ռուսերեն
Էթնիկ խմբեր 
Կառավարում Կիսանախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Վլադիմիր Պուտին
 -  Վարչապետ Միխայիլ Միշուստին
Կազմավորում[1]
 -  Կիևյան Ռուսիա 882 
 -  Մոսկվայի մեծ իշխանություն 1283 
 -  Ռուսական թագավորություն հունվարի 16, 1547 
 -  Ռուսական կայսրություն հոկտեմբերի 22, 1721 
 -  Ռուսաստանի հանրապետություն սեպտեմբերի 14, 1917 
 -  Ռուսաստանի ԽՖՍՀ նոյեմբերի 7, 1917 
 -  Խորհրդային Միություն դեկտեմբերի 30, 1922 
 -  Ռուսաստանի Դաշնություն դեկտեմբերի 25, 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 17.098.242 կմ²  (1-ին[2])
 -  Ջրային (%) 13 (այդ թվում ճահիճները)[3]
Բնակչություն
 -  2022 նախահաշիվը
  • 152,157,123 (2022-ի մարդահամար)[4]
  • (ներառյալ՝ Ղրիմը)[5]
  • 147,152,123
  • (առանց Ղրիմ)[5]
 
 -  Խտություն 8.3 /կմ² (209-րդ)
21.8 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $4.323 տրիլիոն[6] (4-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,040[6] (49-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.754 տրիլիոն[6] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $12,191[6] (67-րդ)
Ջինի (2015) 37.7 (98)
ՄՆԶԻ (2017) 0.816 (49-րդ)
Արժույթ Ռուբլի (RUB)
Ժամային գոտի (ՀԿԺ+2 to +12)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3 to +13)
Ազգային դոմեն .ru, .su, .рф
Հեռախոսային կոդ +7

Ռուսաստան (ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում[7]։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ մի մասը՝ Եվրոպայի արևելքում[8]։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է[9] և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/6-ը[10]՝ ներառելով տասնմեկ ժամային գոտիներ։ Բնակչության թվով 10-րդն է աշխարհում․ ըստ 2024 թվականի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 152 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է մայրաքաղաք Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի նշանավոր քաղաքների թվում են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների՝ այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Մասնավորապես՝ ցամաքային սահման ունի Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի (Կալինինգրադի երկրամասով), Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Օխոտի ծովով սահմանակցում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ ԱՄՆԱլյասկա նահանգին[11]։ Որպես իրեն սահմանակից երկիր Ռուսաստանը ճանաչում է նաև նորանկախ Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետություններին, որոնք անկախություն են ստացել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, սակայն դեռ միջազգային ճանաչում չունեն։

Մերօրյա ռուսների նախահայրերի՝ արևելյան սլավոնների գաղթը դեպի Եվրոպա տեղի է ունցել 3-8-րդ դարերում[12]։ 9-րդ դարում հիմնադրվել է Կիևյան Ռուսիան, որի Ռյուրիկովիչ արքա Վլադիմիրը 988 թվականին ընդունել է ուղղափառ քրիստոնեություն[13]։ Ռուսիայում մոնղոլական տիրապետության ավարտից հետո ստեղծվել է Մոսկվայի մեծ իշխանությունը, որը Իվան IV Ահեղ արքայի ջանքերով դարձել է կենտրոնացված ռուսական պետություն[14]։ Միապետությունը Ռուսաստանում պահպանվել է մինչև 1917 թվականի մարտը, երբ պատմության ասպարեզ է դուրս եկել Ռուսաստանի հանրապետությունը, որը վերահսկում էր նախկին Ռուսական կայսրության տարածքը։ Հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունների արդյունքում ստեղծվել է Խորհրդային Միությունը, որն առաջին սոցիալիստական պետությունն էր աշխարհում[15]։ Հետագայում խորհրդային բանակը հաղթանակել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վճռորոշ ճակատամարտում՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան[16][17]։ Ներկայիս Ռուսաստանը դաշնային կառուցվածքով կիսանախագահական հանրապետություն է, որը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը։ 20-րդ դարավերջից Ռուսաստանի քաղաքական համակարգում գերիշխում է Վլադիմիր Պուտինի վարչակարգը, որի օրոք երկիրն ապրում է ժողովրդավարական հետընթաց և ավտորիտարիզմի վերելք։ Վերջին տասնամյակներում Ռուսաստանը ռազմական ներգրավվածություն է ունեցել նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող շարք հակամարտություններում, ներառյալ՝ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, 2014 թվականի Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև արևելյան Ուկրաինայի չորս այլ շրջանների անեքսիան 2022 թվականից ընթացող ներխուժման շրջանակներում։

Միջազգային վարկանշային աղյուսակներում Ռուսաստանը զբաղեցնում է ստորին հորիզոնականներ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մամուլի ազատության ցուցանիշներով․ բնութագրական է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Ռուսաստանն աշխարհի տասներկուերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն է[18], իսկ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի՝ վեցերորդը[19]։ Հանքային և էներգետիկ հսկայածավալ ռեսուրսների պաշարներով այս երկիրը խոշորագույնն է աշխարհում և համարվում է նավթի և բնական գազի առաջատար արտադրողներից մեկը[20]։ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային հինգ միջուկային տերություններից է, որը տարածաշրջանային ուժ լինելուց բացի նաև պոտենցիալ գերտերություն է։ Ներկայումս ԱՄՆ-ի հետ սառը պատերազմը, որը մեծապես բնութագրվում է սպառազինության մրցավազքով, էլ ավելի է ընդգծում Ռուսաստանի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։

Դաշնությունն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների[21][22], ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, մեծ քսանյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՀԿ-ը և այլն։ ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություններից նշանավոր են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու ԵՏՄ-ն[23]

«Ռուսաստան» երկրանվանումը ծագում է արևելյան սլավոններից ամենահայտնի ժողովրդի՝ ռուսների անունից։ Որպես պետական-պաշտոնական անվանում սկսել է շրջանառվել ավելի ուշ շրջանում։ Կա տարբերակ, որ Կիևյան Ռուսիա անվանումը գալիս է ռուս կոչվող մարդկանց անունից, որը սկանդինավյան ժողովուրդներից՝ շվեդների ցեղախմբերից մեկն է, և ոչ թե տարածաշրջանի բնիկ ռուս ժողովրդի[24][24]։ Այս բացատրությունը պատաճառաբանվում է նրանով, որ Ռուսաստանն իշխած առաջին արքայատոհմը՝ Ռյուրիկովիչների դինաստիան, ուներ շվեդական ծագում։ Առաջին անգամ «Ռոսիա» տերմինը (հունարեն՝ Ρωσία) հանդիպում է բյուզանդական կայսր, Հայկական կամ Մակեդոնական արքայատոհմի ներկայացուցիչ Կոստանդին VII Ծիրանածինի «Արարողակարգերի մասին» և «Կայսրության ղեկավարման մասին» աշխատություններում՝ որպես Ռուսաստանի հունական անվանում[25]։ Հետագայում «Ռոսիա» (հին ռուսական տարեգրության մեջ «Россія» կամ «Россіа») տերմինով կոչվում է Կիևյան Ռուսիայից հյուիսիս-արևմուտք ընկած տարածքները, որոնք չեն մտել Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմի մեջ, և միացվել էր Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական անվանումը օգտագործվում է մինչև Իվան III իշխանի կառավարման տարիները (1462–1505), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия» (Ռուսաստան) է սկսում կոչվել Իվան IV Ահեղ-ի (1533–1584) թագադրոումից՝ 1547 թվականից[26] ի վեր։ Արևմտյան Եվրոպայում 16-17-րդ դարերում լատինականացված հունական անվան[27]՝ «Russia»-ին զուգահեռ օգտագործվում է նաև «Մոսկովիա»-ն։ Լատինական տարբերակը հնչում էր որպես «Ruthenia»՝ Ռուտենիա։

Վաղ շրջանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են Հյուսիսային Կովկասում ու Մերձկուբանում, ուր մարդիկ հաստատվել են Հարավային Կովկասից՝ Հայկական լեռնաշխարհի տարածքից։ Անտիկ ժամանակաշրջանում Պոնտոկասպյան երկրամասում և հարակից շրջաններում ձգվում էր ընդարձակ Սկյութների թագավորությունը, որը զբաղեցնում էր մերօրյա Ռուսաստանի տարածքի մի մասը[28]։ Հնագույն աղբյուրները հավաստում են այն մասին, որ հին հույները բազմաթիվ գաղութներ են ստեղծել այս տարածաշրջանում։ Խոսվում է նաև այն մասին, որ նշանավոր գաղութարար Պիթեասը հասել է մինչև Բալթիկ ծովի ավազան՝ ժամանակակից Կալինինգրադի երկրամաս։ Ավելի ուշ հռոմեացիները հաստատվել են Կասպից ծովի արևմտյան հատվածում, որտեղով էլ վերջիններիս ստեղծած աշխարհակալությունը ծավալվում էր դեպի արևելք[29]։ 3-4-րդ դարերում գոթերի Ֆիլիմեր արքան հարավային Ռուսաստանում ստեղծում է Օյում պետությունը, որը, սակայն, կարճ ժամանակ անց նվաճվում է հոների կողմից։ 3-6-րդ դարերում այս տարածաշրջանում աչքի էր ընկնում նաև Բոսֆորի թագավորությունը, որն իր բնույթով հելլենիստական պետություն էր և միավորում էր Սև ծովի ափին ընկած հունական գաղութները[30]։ Իր գոյության ընթացքում Բոսֆորի արքաները քանիցս առճակատվել են երկրի արևելյան հողերն ասպատակող քոչվոր ցեղերի՝ հոների և ավարների հետ[31]։ 10-րդ դարում Վոլգայի ավազանից մինչև Կասպից և Սև ծովեր ընկած ընդարձակ տափաստաններում հիշատակվում են թյուրքական ծագմամբ խազարները, ովքեր 650 թվականին միավորվելով ստեղծում են Խազարական խաքանությունը[32]։ 7-րդ դարի երկրորդ կեսին խազարներն իրենց են ենթարկում մերձազովյան բուլղարների մի մասին, ինչպես նաև Դաղստանում գտնվող սավիրների ու հոների թագավորություններին։ Ներկայիս ռուսների նախնինները համարվում են արևելասլավոնական վաչկոտուն ցեղերը, ովքեր սկզբնապես բնակվել են Պինսկի ճահճուտների հարակից շրջաններում[33]։ Այս ժամանակաշրջանում սլավոնների գաղթը դեպի արևմտյան Ռուսիա տեղի է ունեցել երկու հիմնական ուղղություններով․ մի մասը շարժվում էր դեպի Կիև, իսկ մյուս մասը՝ Պոլոցկ, Նովգորոդ և Ռոստով։ 7-րդ դարից ի վեր արևելյան սլավոնները կազմել են Արևմտյան Ռուսաստանի բնակչության զգալի մասը[34] և ժամանակի ընթացքում ձուլվել տեղի ուգրո-ֆիննական ժողովուրդներին։

Կիևյան Ռուսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Վասնեցով. «Դյուցազունները»։ Նկարում պատկերված են բիլինաների հերոսներ Իլյա Մուրոմեցը, Ալյոշա Պոպովիչը և Դոբրինյա Նիկիտիչը։
Կյուրեղ և Մեթոդիոս՝ ռուս ուղղափառ եկեղեցու սրբեր, ազգությամբ՝ բյուզանդացի։ Ի սկզբանե եղել են քրիստոնեության քարոզիչներ, սակայն հետագայում ստեղծել են նաև սլավոնական գրերը։

9-րդ դարում արևելասլավոնական առաջին պետության ստեղծումը համընկնում է վարյագների արշավանքի հետ։ Վարյագները բալթիկ ծագմամբ ժողովուրդներ էին, ովքեր երբեմն ասոցացվում են վիկինգների հետ։ Վերջիններս 9-11-րդ դարերում Արևելյան Եվրոպայի գետերով արշավում էին ներկայիս Ուկրաինայի և Բելառուսի տարածք՝ նպատակ ունենալով դուրս գալ Սև և Կասպից ծով[35]։ Ըստ հին ռուսական տարեգրության՝ Ռյուրիկ անունով մի վարյագ 862-ին դառնում է Նովգորոդի կառավարիչը։ 882 թվականին նրա իրավահաջորդ Օլեգը արշավում է հարավ և խազարներից նվաճում Կիևը[36]։ Հետագա տարիներին Օլեգ Մարգարեն, Իգոր Ռյուրիկովիչը և Սվյատոսլավ Իգորևիչը կարողանում են Կիևյան Ռուսիայի իշխանության ներքո միավորել տեղի բոլոր արևելասլավոնական ցեղերին և ապա նպաստել Խազարական խաքանության կործանմանը։ Ամրապնդելով երկրի սահմանները՝ ռուսները ձեռնամուխ են լինում դեպի Բյուզանդիա և Պարսկաստան արշավանքների կազմակերպման։ 10-11-րդ դարերում Կիևյան Ռուսիան դառնում է Եվրոպայի ամենախոշոր և բարգավաճ երկրներից մեկը[37][38]։ 978 թվականին իշխանության գլուխ անցնում է Վլադիմիրը, ով հետագայում հորջորջվում է «Մեծ» պատվանունով։ Վլադիմիր Մեծի կառավարման տարիներին Ռուսիան 988 թվականին ընդունում է քրիստոնեությունը։ Հայտնի է, որ առաջին եպիսկոպոսարանները ստեղծվում են Կիևում և ապա Նովգորոդում։

Վիկտոր Վասնեցով․ «Վլադիմիր իշխանի մկրտությունը»։ Նկարում պատկերված է Վլադիմիր Մեծի օծումը Փոտ պատրիարքի կողմից։

Որոշ տարածքներում քրիստոնեությունը ընդունվում էր ստիպողաբար, որի ընթացքում վերացվում էին հեթանոսական կուռքային կառույցները, իսկ ընդդիմացողները ճնշումների էին ենթարկվում։ Վլադիմիրին հաջորդում է Յարոսլավը, որի օրոք Կիևյան Ռուսիան հասնում է իր հզորության գագաթնակետին։ Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվում է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմությանը հայտնի է դառնում «Ռուսկայա պրավդա» անվանմամբ։ 11-12-րդ դարը Ռուսիայի պատմության մեջ նշանավորվում է քոչվոր թյուրքական ցեղերի շարունակական հարձակումներով, որի արդյունքում տեղի սլավոնական բնակչությունը զանգվածային կերպով գաղթում է հյուսիսային ավելի ապահով շրջաններ։ Յարոսլավի օրոք Կիևյան Ռուսիայի բանակը 1030-1040 թվականներին արշավում է Լեհաստանում բնակվող լիտվական ցեղերի դեմ, իսկ 1036-ին ջախջախում պեչենեգներին։ Ռուս շատ պատմիչներ Վլադիմիրի և Յարոսլավի կառավարման տարիները համարում են Ռուսաստանի պատմության ոսկեդարը։ 12-րդ դարում Կիևյան Ռուսիան տրոհվում է մի քանի խոշոր իշխանությունների և կորցնում երբեմնի հզորությունը։ 1236 թվականին սկսվում է թաթար-մոնղոլների արշավանքը դեպի Ռուսիա[39]։ Ռուսները կազմակերպված դիմադրություն են ցույց տալիս հրոսակախմբերին, սակայն ի վերջո անձնատուր են լինում քանակապես մի քանի անգամ գերազանցող թշնամուն[40]։ Գրեթե նույն ժամանակ Ռուսիան հարձակման է ենթարկվում արևմուտքից․ 1240 թվականին հյուսիսից երկիր են ներխուժում շվեդական զորքերը, իսկ 1242 թվականին՝ գերմանացի ասպետները։ Վերջիններիս դեմ պայքարում Ալեքսանդր Նևսկու ղեկավարած ռուսական դրուժինաները հաղթանակում են, սակայն չեն կարողանում պահել երկրի անկախությունը և հայտնվում են մոնղոլական լծի տակ։

Մոսկվայի մեծ իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյը Կուլիկովոյի ճակատամարտից առաջ օրհնություն է ստանում ռուսիո պատրիարքից։

14-րդ դարի վերջին ռուսները դառնում են աշխարհի պատմության ամենաընդարձակ պետության՝ Մոնղոլական կայսրության կործանման պատճառը[41]։ Մոնղոլական լծի տակ գտնվող ռուսները թաթարների անտարբերության պայմաններում 1263 թվականին ստեղծում են Մոսկվայի իշխանությունը, որը սկսում է իր ազդեցությունը հաստատել Ռուսաստանի կենտրոնական շրջաններում՝ աստիճանաբար դառնալով մի պետություն, որը պետք է ստանձներ ռուսական հողերի միավորման և ընդլայնման գործընթացները։ Ռուսական հողերի վրա իշխող Մոսկվայի ամենահզոր մրցակիցը՝ Նովգորոդի հանրապետությունը, բարգավաճել էր որպես մորթյա առևտրի կենտրոն և հանդիսանում էր Հանզայական միության արևելյան նավահանգիստը[42]։

Ռուսական բանակի կորիզն էին կազմում ստրելեցները, որոնք ստեղծվել են պիշչալնիկների (երկարափող հրացանավորներ) ջոկատների հիման վրա։

Մոնղոլական լծի դեմ պայքարի գլխավոր առաջամարտիկն էր Դմիտրի Դոնսկոյը, որի անվան հետ էլ կապված է Մոսկվայի առաջին քարակերտ կրեմլի կառուցումը։ 1375 թվականիին Դմիտրին Տվերի իշխանին ստիպում է ճանաչել իր ավագությունը և միություն կազմում ընդդեմ Ոսկե Հորդայի։ 1376 թվականին վերջինս իր ազդեցությանն է ենթարկում Կամավոլգյան Բուլղարիան և ամրացնում իշխանապետության սահմանները։ Մոնղոլական լուծը քայքայել էր երկրի տնտեսությունը՝ կասեցնելով սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը։ Երկրի տնտեսությունը փլուզվել էր մոնղոլների շարունակական թալանի հետևանքով։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում նաև փոքր սառցե դարաշրջանի սկիզբը։ 14-րդ դարավեջին Ռուսիայում վերստին ահագնանում է հակամոնղոլական շարժումը, որը կարճ ժամանակում վերածվում է ազգային-ազատագրական պայքարի։ 1380 թվականին տեղի է ունենում Կուլիկովոյի վճռորոշ ճակատամարտը, որտեղ Դմիտրի Դոնսկոյի գլխավորած ռուսական դրուժինան կարողանում է ծանր պարտության մատնել թաթարական հորդաներին և վտարել երկրի տարածքից։ Մոնղոլական տիրապետության վերացումից հետո Մոսկվայի իշխանությունը սկսում է նախկին մրցակիցների՝ Տվերի և Նովգորոդի հպատակեցումն ու միավորումը մեկ ընդհանուր ռուսական պետության կազմի մեջ։ Մոնղոլ-թաթարների դեմ հաղթանակից հետո Մոսկվայի իշխան Դմիտրի Դոնսկոյը ավելի է ամրապնդում Մոսկվայի գերիշխող դիրքը։ Նա առանց Ոսկե հորդայի խաների համաձայնության Մոսկվայի մեծ իշխանության կառավարումը հանձնում է իր որդուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ Վերջինիս կառավարման տարիներին ևս իշխանապետության տարածքն ընդարձակվում է դեպի հարավ և արևելք։ Մոսկվայի մեծ իշխանությունն իր հզորության գագաթնակետին հասնում է Իվան III Վասիլևիչի կառավարման տարիներին։ Նա 1480 թվականին վերջնականապես թոթափում է թաթար-մոնղոլական լուծը՝ գրավելով վերջին թաթարական հենակետերը Ռուսիայի տարածքում։ Վերջինս նաև պատերազմում է Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական պետության դեմ և նվաճում Ուկրաինայի տարածքը։ Այս ամենից հետո Իվանը ստանում է «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը[43], հետագայում որի հիմքի վրա էլ ստեղծվում է ռուսական ցարի տիտղոսը։ Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում 1502 թվականին Իվան III-ն գահը կտակում է իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոփիա Պալեոլոգոս իշխանուհուց ծնված ավագ որդուն՝ Վասիլիին։ 1453 թվականին օսմանյան թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից և Արևելյան Հռոմեական կայսրության անկումից հետո Մոսկվան հավակնում էր դառնալ այսպես կոչված Երրորդ Հռոմը[44]։

Ցարական Ռուսաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Ֆեոդորովիչ Ռոմանով՝ Ռոմանովների դինաստայի առաջին ներկայացուցիչը։Լեհ ինտերվենտներին Մոսկվայից վտարելուց հետո, 1613 թվականի փետրվարին Զեմստվային ժողովում ընտրվել է համայն ռուսիո ցար։

Զարգացնելով Երրորդ Հռոմի ստեղծման գաղափարը՝ Վասիլիի որդի Իվան IV Ահեղը 1547 թվականին պաշտոնապես օծվում է Ռուսաստանի առաջին ցար (համահունչ է Հռոմի կայսեր տիտղոսին)[44]։ Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվում է այսպես կոչված ընտրյալ ռադայի ստեղծմամբ։ Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով Իվան Ահեղը բարեփոխումներ է կատարում կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։ 1550-ին Իվանը հրապարակում է Ցարական Ռուսաստանի օրենքների ժողովածուն՝ «Դատաստանագիրք» անվանմամբ[45][46]։ Իվան IV-ի կառավարման տարիներին ռուսական պետության տարածքը գրեթե կրկնապատկում է․ վերջինս Ռուսաստանին է միացնում իր տիրակալությունից արևելք ընկած մոնղոլական պետությունները՝ Կազանի, Աստրախանի, ինչպես նաև Սիբիրի թաթարական խանությունները։ Արդյունքում՝ 16-րդ դարավերջին Ռուսաստանը վերածվում է բազմազգ և բազմամշակութային միապետության։

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։

Խանությունների անեքսիայից հետո Բալթիկ ծովի ավազանին տիրանալու նպատակով Իվան IV-ը պատերազմ է սկսում Լեհաստանի, Լիտվայի, Նորվեգիայի և Դանիայի կազմած ռազմական դաշինքի դեմ։ Լիվոնյան երկարատև և հյուծիչ պատերազմում ռուսները պարտվում են, իսկ Իվանը կարողանում է պահպանել միայն Նևայի գետաբերանը[47]։ Պատերազմից ուշքի չեկած ռուսական բանակի համար շուտով նոր խնդիրներ են ծառանում երկրի հարավում, որտեղ Ոսկե հորդայից նոր անջատված Ղրիմի խանության թաթարական խառնիճաղանջ բանակը ներխուժել էր կենտրոնական Ռուսաստան[48]։ Օսմանյան կայսրության զինակցությունը վայելող ղրիմյան թաթարները 1571 թվականին հասնում են Մոսկվա և հրկիզում քաղաքը[49]։ Հաջորդ տարում ռուսական բանակը կարողանում է բարեհաջող կերպով հակահարված հասցնել Ղրիմի խանությանը՝ ջախջախելով Մոլոդոյի ճակատամարտում։ Բոյարաիշխանական ընդդիմությանը վերացնելու և ինքնակալությունն ամրապնդելու նպատակով 1565–1572 թվականներին Իվան ցարը ապավինում է այսպես կոչված օպրիչնինայի քաղաքականությանը, որը ծայրահեղ դաժան միջոցառումների համակարգն էլ ավելի է վատթարացնում Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դրությունը։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում 17-րդ դարի սկզբին Ռուսաստանում բռնկվում է գյուղացիական պատերազմն, որն էլ որպես շարժառիթ օգտագործելով 1604 թվականին Ռուսաստան են ներխուժում լեհ-շվեդական միացյած զորքերը։ Արդյունքում՝ լեհերն առանց որևէ դիմադրության հանդիպելու նվաճում են թագավորանիստ Մոսկվան։ Ռուսները Մոսկվան զավթիչներից կարողանում են ազատագրել միայն 1612 թվականին, երբ Կուզմա Մինինի ու Դմիտրի Պոժարսկու գլխավորած ժողովրդական աշխարհազորը պարտության է մատնում լեհական կանոնավոր բանակին։ Այնուամենայնիվ, երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան որոշ տարածքներ շարունակում էին մնալ Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի տիրապետության տակ։ Ռոմանովների վերջին գահակալ Ֆեոդոր Իվանովիչի անժառանգ մահվանից հետո 1613 թվականին Ռուսաստանում հաստատվում է Ռոմանովների դինաստիան։

17-րդ դարում Ռուսաստանը թևակոխում է պատմության նոր շրջան, որը բնութագրվում է բուրժուական հարաբերությունների և ազգային կապերի աստիճանական ձևավորմամբ[50]։ Ընդլայնվում է ժողովրդական զանգվածների վերաբնակեցումը պետության հարավային և արևելյան շրջաններում, որի արդյունքում ակտիվորեն յուրացվում է Սիբիրը։ Ռուս երկրագնացները հասնում են մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը։ Ռուսական պետության կազմի մեջ են մտնում յակուտները, բուրյաթները, խակասները, ալթայցիները, արևմտասիբիրական թաթարները և այլք։ Ազնվականության ուժեղացումը և բոյարության դիրքերի թուլացումը, ապրանքադրամային հարաբերությունների զարգացումը և ֆեոդալական պետության տնտեսական դիրքերի ամրապնդումը դառնում են հասարակարգային փոփոխության նախադրյալներ[51]։

Ցարական Ռուսաստանի պատմության նշանավոր դեպքեր և իրադարձություններ
Լեհերը մոսկովյան Կրեմլը հանձնում են արքայազն Պոժարսկուն 1612 թվականին։ Մինչ այդ, ռուսական պետության մայրաքաղաքը նվաճվել էր լեհ-շվեդական միացյալ բանակների կողմից և գտնվում էր Ռեչ Պոսպոլիտայի վերահսկողության ոլորտում Կեղծ Դմիտրիի և նրա ղեկավարած զորախմբերի մուտքը Մոսկվա։ 1608 թվականին պարտության է մատնում Վասիլի Շույսկու դրուժինաներին։ 1609 թվականին Ռուսաստանի դեմ լեհական բացահայտ ինտերվենցիայից հետո վարկաբեկվում է և սպանվում։
Մոսկվայի 1662 թվականի մեծ ապստամբությունը, որի պատճառը Լիվոնյան պատերազմներին հաջորդած օպրիչնինայի քաղաքականության դժնդակ հետևանքներն էին, ինչպես նաև գյուղացիական խավի հարկային ծանր պարտավորությունները։

Ռուսական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրոս (ռուսական իրականության մեջ՝ Պյոտր) I Ռոմանով՝ համայն ռուսիո առաջին կայսրը։
Ելիզավետա Պետրովնա՝ Պետրոս I կայսեր դուստրը։ Կայսրուհիների դարաշրջանի Ռուսաստանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Նիկոլայ Պավլովիչ՝ ռուսաց գահին բազմել է եղբոր՝ Ալեքսանդր I-ի հանկարծամահ լինելուց հետո։

1682 թվականին ռուսական պետության գահն անցնում է Պետրոս I Ռոմանովին։ 1721 թվականին վերջինս թագադրվում է կայսերական թագով և Ռուսաստանը դառնում է համաշխարհային գերտերություն։ 1700-1721 թվականներին Պետրոսը Հյուսիսային պատերազմում մարտնչում է Շվեդիայի թագավորության դեմ և վերջինիս պարտության մատնելով զավթում է արևմտայն Կարելիան և Ինգրիան (այդ տարածքները ռուսները կորցրել էին դժվարությունների ժամանակաշրջանում)[52]։ Էստոնիայի և Լիվոնիայի միջոցով ռուսական նավատորմը կարողանում է դուրս գալ Բալթիկ ծով և առևտրական կապեր հաստատել Արևմտյան Եվրոպայի հետ[53]։ Նույն տարում Պետրոս Մեծը Նևայի գետաբերանին հիմնադրում է Պետերբուրգ քաղաքը, որը դառնում է կայսերական Ռուսաստանի նոր մայրաքաղաքը։ Հետագայում Պետերբուրգը հայտնի է դառնում որպես Ռուսաստանի «պատուհանը դեպի Եվրոպա»։ Կայսերական հրովարտակով 1724 թվականին բացվում է Ռուսաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Պետրոսի Ռոմանովի բարեփոխումների արդյունքում Ռուսաստանը մերձենում է արևմտաեվրոպական մշակույթի հետ, որն էլ ապահովում է այս երկրի համընթաց քայլը ժամանակի հետ։ 1721 թվականին կայսեր եղերական մահը ցնցում է ամբողջ Ռուսաստանը։ Պետրոսին հաջորդում է կինը՝ Եկատերինա I-ը, իսկ ավելի ուշ՝ նրանց դուստրը՝ Ելիզավետա Պետրովնան։ Վերջինիս օրոք Ռուսաստանը ներքաշվում է Յոթնամյա պատերազմի ռազմական գործողությունների մեջ։ Հակամարտության ընթացքում ռուսական բանակները անեքսիայի են ենթարկում արևելյան Պրուսիան և նույնիսկ պաշարում Բեռլինը։ Սակայն Ելիզավետայի հանկարծամահ լինելուց հետո գրավյալ բոլոր տարածքները վերադարձվում են Պրուսիայի թագավորությանը։ Ռուսաստանի հաջորդ զորեղ կայսրուհին Եկատերինա II-ն էր, ում օրոք Սանկտ Պետերբուրգում բացվում է աշխարհահռչակ Էրմիտաժը։ Նրան բախտ էր վիճակված կառավարել Ռուսաստանի լուսավորության դարաշրջանում։ 1768 թվականին սանձազերծվում է ռուս-թուրքական արյունարբու պատերազմ, որը տևում է վեց տարի և ավարտվում ռուսական կողմի հաղթանակով։ Պատերազմների ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսը և Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է ներառվում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլ նաև Սև ծով։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է նույնիսկ Ամերիկա աշխարհամասում՝ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա երկրամասում և հարակից շրջաններում հիմնելով ռուսական գաղութավայր։ 1820-ին ռուսական հետազոտական էքսպեդիցիան՝ Ֆաբիան Գոթլիբ Բելլինգսհաուզենի գլխավորությամբ, հայտնագործում է Անտարկտիդա մայրցամաքը և առաջին անգամ ոտք դնույն անտեղ։ 19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ իրար ետևից գահ են բարձրանում գերմանական ծագում ունեցող կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը հոր կողմից հոր կողմից ուներ գերմանական ծագում էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, զտարյուն գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը։ Հաջորդ կես դարում իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը և Նիկոլայ I-ը։ Կայսր եղբայրները հավատարմորեն շարունակել են իրենց նախորդների որդեգրած նվաճողական քաղաքականությունը։

Դասակարգային պայքարը և կապիտալիզմի հաստատումը կայսերական Ռուսաստանում
Պետրոս I Մեծի մահից հետո ազնվականական խմբավորումների միջև պայքար բորբոքվում իշխանության համար, որը 18-րդ դարի 2-րդ քառորդում հանգեցնում է մի շարք պալատական հեղաշրջումների։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում արդեն պարզորոշ նշմարվում էին կապիտալիստական զարգացման տարրեր, որոնք արտահայտվում էին ապրանքադրամային հարաբերությունների ծավալմամբ, ազատ վարձու աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրաների տարածումով։ Կենտրոնական սևահողային նահանգները, որտեղ կոռային աշխատանք էր կատարում կալվածատիրական գյուղացիների 3/4-ը, ավելի ու ավելի մեծ քանակությամբ հացահատիկ էին արտադրում ներքին և արտաքին շուկայի համար։ Կենտրոնական ոչ սևահողային նահանգներում զարգանում էր գյուղացիական արդյունագործությունը։ 18-րդ դարի 2-րդ կեսին ռուսական առաջավոր մտավորականությունը ավելի ու ավելի վճռականորեն է հանդես գալիս ճորտատիրության բոլոր դրսևորումների դեմ։ 18-րդ դարի վերջին ռուս առաջին հեղափոխական-հանրապետական Ա․ Ն․ Ռադիշչևը, որպես ճորտատիրության վերացման անհրաժեշտ պայման, առաջ է քաշում հեղափոխությամբ ինքնակալության տապալման պահանջը։
Ալեքսանդր I Պավլովիչի հանդիպումը պարտված Նապոլեոնի, ինչպես նաև Պրուսիայի միապետի հետ։

Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ երեք տարի անց սկսվում է ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Այն ավարտվում է 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով, որով Ղաջարիական Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Հարավային Կովկասի նկատմամբ՝ բացառությամբ Երևանի ու Նախիջևանի խանությունների[54][55]։ 1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։ Դա թվով վեցերորդ ռուս-թուրքական պատերազմն էր, որն ավարտվում է 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով։ Ռուսները ոչ միայն չեն կորցնում Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճում են Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան։ 1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել եռաճակատ ձևաչափով։ Մեկ տարի տևած պատերազմում ռուսները ծնկի են բերում շվեդական կայազորներին՝ նրանից խլելով Ֆինլանդիայի իշխանության տարածքը։ Ռազմական նմանօրինակ չտենված հաջողությունների արդյունքում կայսերական բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելի համբավ։ 1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը։ Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել նաև Ռուսաստանը։ Ֆրանսիական բանակի դեմ ռուսների մղած առյուծամարտը ռուս պատմիչների կողմից նշանավորվում է որպես հայրենական առաջին պատերազմ։

Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին։ 1812 թվականի օգոստոսի 26-ի տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտում երկու կողմերն էլ կրում են մեծ կորուստներ և նախաձեռնությունը փոքրիշատե անցնում է ռուսների կողմը։ Ականավոր զորահրամանատար Միխայել Կուտուզովը կարողանում է զարգացնել ռազմավարական հաջողությունները և հիմնովին ջախջախել ֆրանսիական բանակը։ Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվում է համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնում են Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը։ 1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է եղբայրը՝ Նիկոլայը։ Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը։ Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով։ 1828 թվականին սկսվում է ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Բալկանյան թերակղզում ռուսական զորքերն նվաճում են Ռումինիայի և Բուլղարիայի տարածքը, գրավում Ադրիանապոլիսը և մոտենում մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Կովկասյան ճակատում ռուսները գրավում են Սև ծովի արևելյան ափերը՝ Աբխազիան, Իմերեթիան և Քութայիսը, ինչպես նաև՝ Ախալցխան և Ախալքալաքը։ 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագիրը նվաճյալ տարածքները հաստատում է Ռուսաստանի կազմում։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմում կրած պարտությունը սրում է իրավիճակը երկրում և հեղափոխական ալիք ստեղծում երկրում։ Հեղափոխության արդյունքում Ռուսաստանը դառնում է սահմանադրական հանրապետություն, հիմնադրվում է առաջին խորհրդարանը՝ պետական դուման[56]։

Փետրվարյան հեղափոխություն և հանրապետության հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II՝ Ռուսաստանի վերջին կայսրը։ Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո զրկվել է իշխանությունից։
Փետրվարյան հեղափոխությունից

Կիրակի օրը՝ հունվարի 9-ին Հայր Գապոնը սկսեց իր երթը։ Երթի մասնակիցները հանգիստ քայլում էին. նրանցից ոմանք ունեին քաղաքական ցուցանակներ, իսկ ոմանք՝ սրբապատկերներ։ Երթի ժամանակ մասնակիցները միասին երգեցին «Աստված պաշտպանի ցարին» օրհներգը։ Ժամը երկուսին նրանք հասան Ձմեռային Պալատի մուտքի մոտ և տեսան, որ այն ամբողջովին պաշարված է զինվորներով և հուսարներով։ Զինվորները սկսեցին կրակել երթի մասնակիցների վրա։

1914 թվականին Ռուսաստանը ներքաշվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ ի պատասխան դաշնակից Սերբիային Ավստրո-Հունգարիայի կառավարության ներկայացրած վերջնագրի։ Անտանտի դաշնակիցներից մեկուսացած Ռուսաստանը բազմաճակատ մարտեր է մղում Արևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ 1916 թվականին Ալեքսեյ Բրուսիլովի ղեկավարծ ռուսական բանակը ջախջախիչ հարվածքով դասալիքի է վերածում ամբողջ ավստրո-հունգարական զինված ուժերը։ Նման հարվածից հետո Ավստրո-Հունգարիան այլևս չի կարողանում լրջորեն առճակատվել պատերազմի շրջանակներում։ Հընթացս Ռուսաստանի մայրաքաղաքում 1916 թվականի հոկտեմբերից մինչև 1917 թվականի փետրվարը աճում էր աշխատավորական դասակարգային պայքարը։ Գործող վարչակարգը որևէ կերպ չէր վայելում ժողովրդի վստահությունը, քանզի երկրում համատարած տիրում էր պատերազմական մթնոլորտ, կոռուպցիա, անարդարություն և աղքատություն։ Չկարողանալով հանդարտեցնել ցուցարարների հոծ զանգվածներին՝ Նիկոլայ II ցարը ստիպված է լինում մայրաքաղաք մտցնել բանակային կորպուսներին։ Շուտով բանակին հրաման է տրվում կրակ արձակել քաղաքացիական անհնազանդություն իրականացնող ժողովրդի ուղղությամբ։ Սակայն փետրվարի 27-ին զինվորականների ճնշող մեծամասնությունը ևս անցնում են ցուցարարների կողմը[57]։ Որոշ ժամանակ անց չորրորդ վաշտը վերադառնում է զորանոց, որից հետո ամբողջ Պավլովսկի գունդն անցնում է հեղափոխության կողմը։ Չկարողանալով դիմադրել հեղափոխականների ցասումին՝ Նիկոլայ II-ը փետրվարի 27-ին հրաժարական է տալիս և երկրում հաստատվում է պլորետարիատի դիկտատուրայի իշխանությունը։ 1917 թվականի օգոստոսին, Նիկոլայը Եկատերինբուրգում՝ տնային կալանքում գտնվելու ժամանակ, իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին դաժանաբար սպանվում է։ Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո երկրում հաստատվում է քաղաքական կուսակցությունների անկայուն կոալիցիայի ղեկավարած ժամանակավոր կառավարությունը, իսկ միապետությունն սպառսպուռ անկում է ապրում։ 1917 թվականի սեպտեմբերի 1-ին ժամանակավոր կառավարության որոշմամբ Ռուսաստանը հռչակվում է հանրապետություն։ 1918 թվականի հունվարի 19-ին Ռուսաստանի սահմանադրական ժողովը վավերացնում է դաշնային հանրապետության ստեղծման մասին ժամանակավոր կառավարության որոշումը։

Խորհրդային կարգերի հաստատում և քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում հաստատվում է ժամանակավոր կառավարություն, որը սակայն էլ ավելի է խորացնում Նիկոլայ II-ի կառավարման տարիներից ի վեր սկզբնավորված ճգնաժամային իրադրությունը։ Այս պայմաններում 1917 թվականի նոյեմբերի 7-ին Վլադիմիր Լենինի գլխավորությամբ սկսվում է հեղափոխական շարժում։ Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակում է Ռուսաստանում խորհրդային կարգերի հաստատումը, ինչն էլ ազդարարում է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության փաստացի հաղթանակը։ Հաջորդ օրը իշխանության եկած բոլշևիկներն ընդունում են «խաղաղության մասին դեկրետ»՝ պատերազմող բոլոր պետություններին հորդորելով գալ փոխհամաձայնության։ Այսպիսով, ժամանակավոր կառավարության տապալումից հետո Վլադիմիր Լենինի նախաձեռնությամբ ստեղծվում է Խորհրդային Միությունը՝ սոցիալիստական ուղով ընթացող առաջին պետությունն աշխարհում։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանկից հետո Ռուսաստանում հակաբոլշևիկյան դիրքորոշում ունեցող քաղաքացիները սկսում են հակակառավարական զինված պայքար, որը վերաճում է քաղաքացիական պատերազմի։ Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը խոցած հեղափոխական ճգնաժամի արգասիքն էր, որը սկսվել էր Ռուսաստանում 1905-1907 թվականների դեպքերով և խորացել միապետության անկմանը, տնտեսության փլուզմանը, խոր սոցիալական, ազգային, քաղաքական և գաղափարական պառակտմանը հանգեցրած` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Խորհրդային իշխանությունների դեմ պայքարող գլխավոր ռազմաքաղաքական ուժը «Սպիտակ շարժում»-ն էր, որը միավորում էր բոլշևիկների բռնատիրությունը չհանդուրող սոցիալիստներին, դեմոկրատներին և մոնարխիստներին՝ «Անբաժանելի և միասնական Ռուսաստան» գաղափարախոսության ներքո։ 1918 թվականի մարտի 3-ին նոր իշխանությունները Բրեստ-Լիտովսկում ստիպված են լինում կնքել խայտառակ ծանր պայմաններով հաշտություն՝ հակառակորդներին զիջելով Ուկրաինան, Լեհաստանը, Մերձբալթյան տարածաշրջանը և Ֆինլանդիան։

Իսկ երկրում սկզբնավորված քաղաքացիական անհնազանդություններն ավարտվում են կարմիր ահաբեկչությամբ[58], որի ժամանակ Խորհրդային պետության ներքին ու արտաքին թշնամիների դեմ ձեռնարկվում է արտակարգ միջոցառումների համակարգ, կիրառվում սաբոտաժը, դիվերսիա, ինչպես նաև կուսակցական-պետական գործիչների դեմ տեռորիստական գործունեությունը։ Այս քայլերը նպատակ ունեին վերացնել երկրում կապիտալիզմի վերականգնման փորձերը[59]։

Խորհրդային Միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունիզմի և սոցիալիզմի գաղափարախոսությունը որդեգրած ԽՍՀՄ երկու ականավոր գործիչներ
Վլադիմիր Լենին` նրա իշխանության օրոք Խորհրդային Միությունը վերածվում է միակուսակցական, կոմունիստական երկրի։
Իոսիֆ Ստալին` Լենինի իրավահաջորդը։ Նրա օրոք ԽՍՀՄ-ում հաստատվել է ավտորիտարիզմ և միահեծան իշխանություն։

1922 թվականի դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, ՌԽՖՍՀ-ի, Ուկրաինական ԽՍՀ-ի, Բելառուսական ԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի պատվիրակությունների միջև ստորագրվում է պայմանագիր` ԽՍՀՄ կազմավորման վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը հաստատվում է նույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ խորհուրդների 1-ին համամիութենական համագումարի ժամանակ։ Այսպիսով՝ պատմության թատերաբեմ է դուրս գալիս աշխարհի առաջին սոցիալիստական գաղափարախոսությամբ զարգացող երկիրը։ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնում էին սահմանադրորեն «ինքնիշխան» տասնհինգ հանրապետություններ, որոնք էին Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը։ Հռչակագրում նշվում էր այն մասին, որ ԽՍՀՄ-ն կառուցվ ած է ազգերի ինքնորոշման անօտարելի սկզբունքի հիման վրա և ցանկցած պետություն ազատ է տնօրինել միության կազմում մնալու իր որոշումը։ Այնուամենայնիվ, այս օրենքը միանշանակ ունեցել է ձևական բնույթ։

Վլադիմիր Լենինի մահից հետո՝ 1923 թվականին, երկրի ղեկավար շրջանակներում սկսվում է իշխանության հասնելու համար խիստ քաղաքական պայքար։ Այս հակամարտության արդյունքում երկրում հաստատվում է ավտորիտարիզմ, որն Իոսիֆ Ստալինի կողմից օգտագործվում էր միահեծան իշխանություն ստեղծելու նպատակով։ 1929 թվականին Ստալինյան վարչակարգի զոհ է դառնում «համաշխարհային հեղափոխության» ականավոր գործիչ Լև Տրոցկին, իսկ ԽՍՀՄ-ն վերջնականապես որդեգրում է Վլադիմիր Լենինի կողմից իմպերիալիզմի դարաշրջանի առանձնահատկություններին համապատասխան զարգացրած գիտական սոցիալիզմի գաղափարախոսությունը։ Արդյունքում՝ տասնյակ հազարավոր մարդիկ դատարարտվում են մահապատժի և աքսորի, ենթարկվել բռնաճնշումների[60]։

Խորհրդային Միության բոլշևիկյան կառավարությունն աչքի էր ընկնում իր խիստ կրոնատյաց քաղաքականությամբ[61][62]։ Բռնազավթվում էին տաճարապատկան հողերն ու կալվածքները, հավատացյալները հալածվում էին, իսկ ուսումնական հաստատություններում քարոզվում էր գիտական աթեիզմ[63]։ ԽՍՀՄ գոյության հիմքում ընկած էին Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ էնգելսի կողմից ստեղծված կոմունիզմի և սոցիալիզմի հայեցակետերը[64]։ Վերջիններիս գաղափարական նպատակը պրոլետարիատի վերափոխումն էր բուրժուազիայի դեմ պայքարող ինքնուրույն դասակարգային ուժի։

1935 թվականին ընդունվել է օրենք, որով մահապատիժ էր սահմանվում արտասահման փախչող խորհրդային քաղաքացիների համար[65]։

Հայրենական մեծ պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրի հերթ գերմանա-ֆիննական զորքերի կողմից պաշարված Լենինգրադում։ Քաղաքի շրջափակումը տևել է 872 օր՝ սկսվել 1941 թվականին սեպտեմբերին և ավարտվել 1945-ի հունվար ամսին։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի անտարբերության պայմաններում Գերմանիայում իշխանության եկած նացիստները կարողանում է անեքսիայի ենթարկել Ավստրիան և Չեխոսլովակիան՝ համակված լինելով համաշխարհային գերիշխանության հասնելու անսանձ ձգտումով։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին Գերմանիայի կառավարությունը դաշնակցում էր Խորհրդային պետության արևելյան ախոյան Ճապոնական կայսրության հետ։ 1939 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի և Երրորդ Ռայխի միջև կնքվում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, որն ինքնին ենթադրում էր փոխադարձ չհարձակման և դաշնակցության նախապայմաններ։ Կողմերը ունեին նաև ներքին պայմանավորվածություն Արևելյան Եվրոպայի բաժանման կապակցությամբ։

1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանական ուժերը ներխուժում են Լեհաստան․ վերջինիս պաշտպանությամբ հանդես են գալիս Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ովքեր վերջնագիր են ներկայացնում Ադոլֆ Հիտլերի կառավարությանը։ Միևնույն ժամանակահատվածում խորհրդային կարմիր բանակն օկուպացնում է արևմտյան Ուկրաինան, Հերցայի շրջանը և ապա արևելքից Լեհաստանը ինտերվացիայի ենթարկելով զինակցում Երրորդ Ռայխին։ Նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ն պատերազմ է հայտարարում Ֆինլանդիային, որի արդյունքում որակվում է ագրեսոր և հեռացվում Ազգերի լիգայից։ Ռազմական առճակատումների արդյունքում կարմիր բանակը վերստին զբաղեցնում է Մերձբալթյան տարածաշրջանը, իսկ ավելի հարավում նաև Բեսարաբիան։

Խորհրդային բանակում ծառայող զինվորը (ըստ հայկական վարկածի՝ Անդրանիկ Չիլինգարյանը) բարձրացնում է ԽՍՀՄ դրոշը Բեռլինի գերմանական Ռայխսթագի գագաթին։

1941 թվականի հունիսի 22-ին Ադոլֆ Հիտլերը խախտում է խորհրդա-գերմանական փոխադարձ չհարձակման պայմանագիրը և աննախադեպ մեծ քանակության զինուժով պատերազմ հայտարարում ԽՍՀՄ-ին[66]։ Սկսվում է խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը՝ միաժամանակ նաև ամբողջ աշխարհամարտի ամենաարյունարբու շրջանը։ Հակամարտության սկզբնամասում հաջողությունները նացիստների կողմն էին, սակայն Մոսկվայի ճակատամարտում կրած ռազմավարական պարտությունից հետո ԽՍՀՄ-ն նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։ 1942–1943 թվականներին գերմանական վերմախտը ջախջախվում է մարդկության պատմության ամենախոշոր ճակատամարտում՝ Ստալինգրադի դաշտում[67]։ 1943 թվականի ամռանը խորհրդային ուժերը հաղթանակ են տանում նաև Կուրսկի վճռորոշ ճակատամարտում։ Միևնույն ժամանակահատվածում գերմանական մի քանի դիվիզիաներ՝ ֆիննական և իսպանական ուժերի օժանդակությամբ, շրջափակել էին Լենինգրադը[68]։ 872 օր շարունակ ռուսների հյուսիսային մայրաքաղաքը դիմակայում է շրջափակմանը, իսկ 1943 թվականի հունվարի 18-ին խորհրդային ուժերը հասնում են Լենինգրադ և ճեղքում «առանցքի ուժեր»-ի պաշարումը։

Իոսիֆ Ստալինի ղեկավարած պետության զինված ուժերը՝ Գեորգի Ժուկովի և Կոնստանտին Ռոկոսովսկու ղեկավարությամբ, 1944-1945 թվականին ոչ միայն ազատագրում են Ռուսաստանը, այլև զբաղեցնում են Արևելյան Եվրոպայի գերմանահպատակ տարածքները և 1945 թվականին պաշարում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը։ Նույն տարվա օգոստոսին խորհրդային զորքերը տապալում են Մանջոու-Գոյի խամաճիկային պետությունը՝ ճապոնացիներին դուրս մղելով արևելյան Չինաստանից և Կորեա թերակղզու հյուսիսից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ն Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ միասին ճանաչվում է հաղթանակած կողմ և ձևավորում դաշնակից տերությունների «մեծ քառյակ»-ը[69]։ Հաջորդիվ վերջիններս դառնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համանախագահող երկրներ[70]։ Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում խորհրդային կողմը ունենում է ավելի քան 25 միլիոն մարդկային կորուստ, որը կազմում է ընդհանուր զոհերի շուրջ մեկ երրորդը[71]։ Պատերազմի արդյունքում ԽՍՀՄ տնտեսությունն ու ենթակառուցվածքներն անկում են ապրում, երկիրը բռնում է ետադիմական ուղի[72]։ Այնուամենայնիվ, համաշխարհային պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միությունը հայտնի է դառնում որպես մայրցամաքային ռազմական գերտերություն[73]։

Սառը պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը և ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդը 1974 թվականին Վլադիվոստոկում։

Աշխարհամարտի ավարտից հետո Պոտսդամի վեհաժողովում քննարկվում է կարմիր բանակի կողմից զբաղեցված պետությունների ճակատագիրը։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի օկուպացված երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում և Արևելյան Գերմանիայում, ԽՍՀՄ հովանու ներքո հաստատվում է կոմունիստական և սոցիալիստական վարչակարգ։ Դառնալով աշխարհի երկրորդ միջուկային տերությունը՝ Խորհրդային Միությունը որպես Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հակակշիռ ստեղծում է Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը։ Այսպիսով, սկսվում է քաղաքական և գաղափարական առճակատումների ժամանակաշրջանը` մի կողմից ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի երկրների, իսկ մյուս կողմից արևմուտքի երկրների միջև, որը 1947 թվականին ստանում է «Սառը պատերազմ»անվանումը։ Այն ուղեկցվում էր սպառազինությունների մրցավազքով և երկրագնդի տարբեր հատվածներում տեղային բախումներով։ ԽՍՀՄ-ն իր գոյության ընթացքում մշտապես աջակցում է աշխարհի տարբեր կետերում բռնկված հեղափոխական շարժումներին, այդ թվում՝ Չինաստանի նորաստեղծ ժողովրդական հանրապետությանը, ժողովրդադեմոկրատական Կորեայի հանրապետությանը, իսկ ավելի ուշ նաև Կուբային[74]։ Նիկիտա Խրուշչովի կառավարմամբ սկսվում է Խորհրդային Միության «ձնհալի» ժամանակաշրջանը։ Վերջինս քննադատում է Ստալինի կուլտի պաշտամունքը և վերականգնում բռնաճնշումներին զոհ գնացած մարդկանց արժանապատվությունը։ Վերջինս մեծ ուշադրությում է դարձնում ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, բնակարանային շինարարության և թեթև արդյունաբերության հետ կապված խնդիրներն ու հարցերը[75]։ Գիտական և արդյունաբերական ուժերի, գիտության և տեխնիկայի առանձին ուղղությունների վրա նյութական միջոցների կենտրոնացումը, թույլ տվեցին իրագործել և հասնել նշանակալի ձեռքբերումների։ 1954 թվականին ստեղծվում է աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը, 1957 թվականին Երկրի ուղեծիր է հանվում առաջին արհեստական արբանյակը, իսկ չորս տարի անց՝ առաջին տիեզերանավը` առաջին տիեզերագնացով։ 1964 թվականին Նիկիտա Խրուշչովը հեռացվում է իշխանությունից, իսկ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է Լեոնիդ Բրեժնևը։ Բրեժնևյան լճացման ժամանակաշրջանում խորհրդային ուժերը ԱՄՆ ԶՈւ-ի դեմ պատերազմում են Վիետնամում և Աֆղանստանում։ 1985 թվականի մարտին՝ Կոնստանտին Չեռնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ անցնում է Միխայիլ Գորբաչովը։ Նրա իշխանավարումը նշանավորվում է վերակառուցման նախադրյալների ի հայտ գալով։ Նրա օրոք է կենսագործվում նաև գլասնոստը՝ վերակառուցման ժամանակաշրջանում հռչակված հասա­րակության գործունեության կարևորագույն ժաղովրդավարական սկզ­բունքներից մեկը։

Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և Տնտեսական փոխօգնության խորհրդի փլուզմանն ու խորհրդային հանրապետությունների ազատատենչ ձգտումներին։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ն անկում է ապրում։

Ռուսաստանի Դաշնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատվածներ ռուս-չեչնիական հակամարտության ընթացքում տեղի ունեցած ռազմական առճակատումներից
Չեչնիական առաջին պատերազմի ժամանակ իսլամադավան չեչեն գրոհայինները Գրոզդնիում հարձակվում են ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի վրա
Չեչնիական երկրորդ պատերազմի ժամանակ ռուս զինվորը շրջում է ռազմական հրետանու համազարկից հետո դիակակույտի վերածված անջատողականների ճամբարի կողքով

1991 թվականի հունիսին Բորիս Ելցինը դառնում է Ռուսաստանի առաջին նախագահը, իսկ նորաստեղծ Դաշնությունը միջազգային իրավական հարթությունում ճանաչվում է որպես Խորհրդային Միության միակ և օրինական իրավահաջորդ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային երկրներում, այդ թվում և Ռուսաստանում, տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ, որոնք կապված էին կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ։ Մասնավորապես՝ տեղի է ունենում շուկայի և առևտրի ազատականացում, որը կարևոր նախադրյալ էր տնտեսական զարթոնքի համար[76]։ Այնուամենայնիվ, կտրուկ փոփոխություններն ուղեկցվում են տնտեսական ճգնաժամերով (1990–1995 թվականներին), որն էլ արտահայտվում է ՀՆԱ-ի բացասական (շուրջ 50% նվազում) ցուցանիշներում[77]։ Տնտեսության լճացումը հանգեցնում է ծառայությունների ոլորտի փլուզմանը[78], ծնելիության մակարդակի նվազմանն ու մահացության մակարդակի աճին[79]։

Աննախադեպ ծավալներ է ընդունում աղքատությունը․ Ռուսական ՖԽՍՀ-ի 1,5 %-ը 1993 թվականին կեսերին վերաճում է մինչև 39-49 %-ի[80]։ 1990-ական թվականների Ռուսաստանի սոցիալ-տնտեսական միջավայրի բնութագրիչներն են դառնում ծայրահեղ կոռումպացվածությունն ու համատարած անօրինականությունը, ինչպես նաև հանցագործությունների շարունակական աճը[81]։

1990-ականները նշանավորվում են Հյուսիսային Կովկասում մի շարք զինված հակամարտությունների (ազգայնամոլական բռնկումներ և իսլամադավան անջատողականների ապստամբություններ) ծագմամբ։ Նմանօրինակ ռազմական կոնֆլիկտի վառ օրինակ է Չեչնիական պատերազմը, որի պատճառը չեչեն ապստամբների անկախ պետություն ստեղծելու աննկուն ձգտումներն էր։ Հակամարտության շրջանակներում չեչեն գրոհայիններն ու անջատողականները կազմակերպում են նաև համառուսաստանյան մասշտաբի բազմաթիվ ահաբեկչություններ (ինչպիսիք են օրինակ Դուբրովկայի և Բեսլանի ահաբեկչական հարձակումները), որոնք դառնում են հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ։ Սոցիալ-քաղաքական նման պայմաններում ՌԴ-ն ստանձնում է ԽՍՀՄ-ի արտաքին պարտքերի իրավահաջորդությունը[82], որն է առաջ է քաշում բարձր բյուջետային դեֆիցիտ և հող նախապատրաստում ֆինանսական ճգնաժամի համար[83]։

Ռուսաստանի ռազմական գործողությունները 2000-ական թվականներից ի վեր
Խորհրդային արտադրության ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 58-րդ բանակային կորպուսի զինվորները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հարավային Օսիայում։ Պատերազմի արդյունքում ռուսական զորքերը օկուպացնում են Վրաստանի տարածքի 20%-ը։ Ղրիմի թերակղզու Պերևալնոե գյուղում կենտրոնացված ռուսական ռազմաբազայի զինվորները, որոնք հայտնի էին «կանաչ մարդիկ» անվանումով, շտապում են ռազմի դաշտ։ 2014 թվականին ՌԴ Զինված ուժերը ներխուժում են Ուկրաինայի Հանրապետություն և նույն տարում անեքսիայի ենթարկում խորհրդային տարիներին Ուկրաինային նվիրած Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը։
Ռուս ականազերծները Պալմիրա հնագույն քաղաքի ավերակների շրջակայքում հետազոտում են մինապատ տեղանքը։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն ու հատուկ ջոկատայինները Սիրիայի Արաբական Հանրապետությանը մարդասիրական օգնություն են ցուցաբերում 2015 թվականից ի վեր։

1999 թվականի դեկտեմբերի 31-ին գործող նախագահն անսպասելիորեն հայտարարում է իր հրաժարականի մասին որոշումը և ՌԴ ղեկավարի պաշտոնը հանձնում Վլադիմիր Պուտինին։ Վերջինս հաղթանակ է տանում 2000 թվականի նախագահական ընտրություններում և վերահաստատվում այդ պաշտոնում։ Պուտինը կառավարման սկզբնական շրջանում արյան մեջ խեղդում է չեչնիական ապստամբությունը և բռնություններ կիրառում նաև Հյուսիսային Կովկասի այլ ազատատենչ երկրամասերում։ Նավթի գնի աճը, ներքին պահանջարկի, արտադրողականության և արտաքին ներդրումների ավելացումը երկիրը դուրս են բերում ճգնաժամային կացությունից[84]։ Այնուամենայնիվ, 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը և նավթի գնի հետագա անկումը վերստին լուրջ վնասներ է հասցնում տնտեսական ենթակառուցվածքներին, իսկ աղքատությունը կրկին գլուխ է բարձրացնում[85]։ Պուտինի նախագահության օրոք կատարված փոփոխությունները քանիցս քննադատվել են արևմտյան աշխարհի առաջնորդների կողմից՝ պիտակվելով հակաժողովրդավարական[86]։

ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները Լաթակիայում, հոկտեմբերի 3, 2015

2008 թվականի մարտի 2-ին Դմիտրի Մեդվեդևը դառնում է ՌԴ նախագահ, իսկ Վլադիմիր Պուտինը՝ վարչապետ։ Նույն տարվա օգոստոսի 7-ին ռուսական ցամաքային և ռազմածովային ուժերը ներխուժում են Վրաստան՝ օկուպացնելով նախկին ԽՍՀՄ-ի կազմում ինքնավարություն ունեցող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքը[87][88]։ Ռուս-վրացական կարճատև, բայց բեկումնային պատերազմի արդյունքում ՌԴ-ն զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 %-ը։ 2012 թվականին Պուտինը կրկին դառնում է ՌԴ նախագահ, իսկ Մեդվեդևը վերադառնում է վարչապետության։ Հեղափոխության արդյունքում Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից հետո Ռուսաստանը ցանկանում է ամեն կերպ միջամտել Ուկրաինայի ներքին գործերին[89][90][91]։ Այդ նպատակով 2014 թվականին ռուսական զորքերը ներխուժում են Ուկրաինա՝ իրականացնելով մի շարք ռազմական գործողություններ[92][93]։ Ղրիմում անցկացված հակասահմանադրական հանրաքվեի արդյունքում ՌԴ ԶՈւ-ն անեքսիայի է ենթարկում թերակղզին[94][95][96]։ Հետագայում Ուկրաինայի Դոնբասի երկրամասի տարածքում ռուսամետ խմբերի ցույցերը վերաճում են զինված հակամարտության՝ ուկրաինական իշխանության և ռուսամետ անջատողականների միջև[97][98]։ Արդյունքում՝ Ռուսաստանի անուղղակի օժանդակությամբ նվիրակոչվում են ինքնահռչակեցին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները։ Այսուհանդերձ, միջազգային հարթությունում Ղրիմը դիտարկվում է որպես Ուկրաինայի Հանրապետության մաս կազմող անբաժանելի տարածք[99], իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ՝ ագրեսիայի դրսևորում[100]։

2015 թվականի սեպտեմբերից ի վեր Ռուսաստանը ռազմական առաքելություն է իրականացնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ պայքարելով «Իսլամական պետության» ռազմական խմբավորումների և հակակշիռ ուժերի դեմ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանը աշխարհի խոշորագույն պետությունն է՝ ըստ զբաղեցրած տարածքի։ Եվրասիական այս երկրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 17 միլիոն քառակուսի կիլոմետր։ Այսպիսով՝ ահռելի այս երկիրը տարածքային ցուցանիշով շատ ավելի մեծ է քան Եվրոպան, Օվկիանիան և Անտարկտիդան միասին վերցված։ Ռուսաստանը ցամաքային սահման ունի թվով 18 պետությունների հետ և այս տվյալով ևս անգերազանցելի է։ Մասնավորապես՝ արևմուտքում սահմանակցում է Նորվեգիային, Ֆինլանդիային, Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Բելառուսին և Ուկրաինային, հարավում-արևմուտքում՝ Վրաստանին, Ադրբեջանական Հանրապետությանը, Աբխազիային և Հարավային Օսիային, հարավում՝ Մոնղոլիային, Չինաստանին և Ղազախստանին, իսկ ծայր հարավ-արևելքում՝ Կորեայի Ժողովրդական Հանրապետությանը։ Ռուսաստանին պատկանող Կալինինգրադի անկլավը սահմանակցում է Լեհաստանին։ Դաշնային այս երկիրը Օխոտի ծովով բաժանվում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ Միացյալ Նահանգներից։

Ռուսաստանի ամբողջ տարածքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Եվրասիա մայրցամաքի ծայր հյուսիսում։ 37 653 կմ ընդհանուր ափագծով վերջինիս ափերը ողողում են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բալթիկ, Սև, Ազովի ծովերի ջրերը։ Ուրալյան լեռները և Կումա-Մանիչի իջվածքը Ռուսաստանը բաժանում են եվրոպական և ասիական մասերի։

Ռուսաստանի Դաշնության ցամաքային ծայրակետերն են՝

Ռելիեֆ և երկրաբանական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր կետը՝ Էլբրուս լեռնագագաթ (5642 մետր բարձրություն)
Եվրասիայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբուխը՝ Կլյուչևսկայա Սոպկան (4750 մետ բարձրությամբ) Կամչատկայի թերակղզում։

Ռուսաստանի աշխարհագրական նկարագիրը չունի որևէ միանշանակ գնահատական, քանզի նման վիթխարի տարածքը ենթադրում է թե՛ բնակլիմայական պայմանների, թե՛ ներքին աշխարհագրական տեղանքների տեղաբաշխվածության և թե՛ բուսակենդանական աշխարհի բազմազանություն։ Դա է պատճառը, որ այս երկրի տարածքում առանձնացվում են ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ և նույնիսկ ծայրահեղ անբարենպաստ դիրք ունեցող աշխարհագրական լայնություններ։ Առհասարակ, Ռուսաստանին բնորոշ է նախ և առաջ մակերևույթի ձևերի բազմազանությունը։ Տարածքը մեծապես ձևավորում են Ռուսական հարթավայրը, Արևմտասիբիրական դաշտավայրը, Մերձկասպյան ցածրավայրը, Սիբիրական սարահարթը, տարբեր բարձրության խոշոր լեռնաշղթաները և ընդարձակ բարձրավանդակները։ Արևմուտքում ձգվող Ռուսական (այլ կերպ անվանվում է արևելաեվրոպական) հարթավայրի սահմաններում են Վալդայան, Միջին ռուսական և Մերձվոլգյան բարձրությունները, ինչպես նաև Պեչորայի, Մերձկասպյան և այլ դաշտավայրեր։ Հարթավայրի արևելյան սահմանը Ուրալի լեռնային համակարգն է (առավելագույն բարձրությունը՝ 1895 մետր, Նարոդնայա լեռ)։

Ուրալից արևելք Արևմտասիբիրական հարթավայրն է, որի կենտրոնական մասում առանձնանում են Կոնդինյան, Միջինօբյան և Բարաբայի խիստ ճահճացած դաշտավայրերը։ Ենիսեյ և Լենա գետերի ջրկիցում է գտնվում Միջին սիբիրական սարահարթը, որի առանձին շրջաններում բարձրանում են Պուտորանի սարավանդը (մինչև 1701 մետր) և Ենիսեյի բլրաշարը (մինչև 1104 մետր)։ Միջինսիբիրական սարահարթից աևելք ընկած է կենտրոնայակուտական հարթավայրը, իսկ ավելի հյուսիս՝ Հյուսիսսիբիրական դաշտավայրն ու Բիռանգայի լեռները (առավելագույն բարձրությունը՝ մինչև 1146 մետր)։ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր կետը Էլբրուս լեռնագագաթն է՝ 5642 մետր բարձրությամբ, իսկ ամենացածր կետը՝ Կասպից ծովի իջվածքը՝ -28 մետր խորությամբ։ Հանրապետության արևելքում և հարավում գերակշռում են լեռնային մարզերը՝ Մեծ Կովկասի հյուսիսային լեռնաշղթաների լանջերը (առավելագույն բարձրությունը՝ 5642 մետր, էլբրուս լեռ)։ Միջին բարձրության լեռնային համակարգերն ու բարձրավանդակները տարածվում են Սիբիրի հյուսիսում (Վերխոյանսկի և Չերսկու լեռնաշղթաները) և Հեռավոր Արևելքում (Չուկոտի և Կորյակական բարձրավանդակներ)։ Հեռավոր Արևելքի խաղաղօվկիանոսյան ափերի երկայնքով ձգվում են Կամչատկայի (Կլյուչևսկայա սոպկա, 4750 մետր) և Կուրիլյան կղզիների (Ալաիդ, 2339 մետր) լեռները, որոնց հետ են կապված ժամանակակից հրաբխականության երևակումներն ու երկրաշարժերը։ Ռուսաստանի Դաշնության տարածքը երկրաբանական առումով զբաղեցնում է Արևելաեվրոպական պլատֆորմի մեծ մասը, Սիբիրական պլատֆորմը, ինչպես նաև Ուրալի, Արևմտասիբիրական հարթավայրի, Հարավային Սիբիրի, Վերխոյան-Չուկոտյան մարզի, Կորյակական բարձրավանդակի, Կամչատկայի, Կուրիլյան կղզիների, Պրիմորիեի և Սախալինի ծալքավոր մարզերը, որոնք միավորվելով կազմում են Մոնղոլական և Խաղաղօվկիանոսյան ծալքավոր գոտիներ։ Ռուսաստանի ընդերքը հարուստ է նավթի և գազի (Ուրալի դաշնային շրջան, Արևմտասիբիրական նավթագազաբեր ավազան), երկաթի հանքաքարի (Կուրսկի մագնիսական անոմալիա), բոքսիտների, պղնձի հանքանյութերի (Հյուսիսային Կովկաս, Ուրալ, Արևելյան Սիբիր) հանքավայրերով։ Ոսկե պաշարներով աշխարհում երկրորդն է և այս ցուցանիշով զիջում է միայն Հարավաֆրիկյան Հանրապետությանը։

Ներքին ջրեր և հողային ծածկույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայկալ՝ աշխարհի ամենաքաղցրահամ և ամենախորը լիճը։ Գտնվում է Ռուսաստանի հեռավոր արևելքում՝ Սիբիրի երկրամասում։

Ռուսաստանի Դաշնությունում հոսում են շուրջ 120 հազար գետեր (10 կմ-ից ավելի երկարությամբ), որոնց ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 2,3 մլն կմ։ Գետերի մեծ մասը պատկանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանին՝ Հյուսիսային Դվինան, Պեչորան, Օբը՝ Իրտիշի հետ, Ենիսեյը, Լենան, Ինդիգիրկան, Կոլիման և այլն։ Խաղաղ օվկիանոսի ավազանի ավազանին են պատկանում Ամուրը, Անադիրը իսկ Ատլանտյան օվկիանոսի ավազանին՝ Դոնը, Կուբանը, Նևան և այլն, ներքին հոսքի ավազանին (Կասպից ծովինՎոլգան։ Տարեկան հոսքի ընդհանուր ծավալը մոտ 4000 կմ³ է։ Ռուսաստանում կան նաև մոտ 2 միլիոն լճեր։ Ամենախոշորներն են Կասպից, Բայկալ, Լադոգա, Օնեգա լճերը, ջրամբարները՝ Իրկուտսկի, Կոլյբիշևի, Բուխտարմայի, Բրատսկի։ Կասպիցը աշխարհի խոշորագույն լիճն է և իր տարածքի մեծության համար առավել հայտնի է ծովի կարգավիճակով, թեպետ դեպի օվկիանոս որևէ կերպ ազատ ելք չունի։ Բայկալ լիճը տեկտոնական ծագման լիճ է արևելյան Սիբիրում։ Այս լիճն աչքի է ընկնում մի քանի ռեկորդային ցուցանիշներով․ նախ Բայկալը պարունակում է հեղուկ վիճակում գտնվող աշխարհի քաղցրահամ ջրերի 20%-ը և համարվում է ամենաքաղցրահամ լիճը։ Բացի այդ, այն նաև աշխարհի ամենախորը լիճն է (1642 մ)։

Հարթավայրերում հողերը և բուսականությունը դասավորված են հյուսիսից հարավ գոտիականությամբ։ Արկտիկական անապատային բուսականությունը փոխվում է մամռաքարաքոսային և թփուտային տունդրայի, որը առաջացել է տունդրայի թթու, սովորաբար գլեյացած հողերի վրա։ Անտառատունդրայի զոնային բնորոշ են տունդրային, գլեյան, թույլ պոդզոլային և գլեյատայգային սառած հողերը, որոնց վրա տարածված են կեչու, եղևնու և խեժափիճու նոսր անտառները։ Անտառային գոտին (տարածքի 1/2-ից ավելին) ստորաբաժանվում է հյուսիսային տայգայի և հարավային խառն անտառների ենթագոտիների։ Պոդգոլային հողերի վրա գերիշխում են մուգ ասեղնատերև տայգան (եղևնի, եղևին, մայրի) և սոճու անտառները։ Ենիսեյից արևելք սառած հողերի վրա տարածված է խեժափիճուց կազմված բաց գույնի ասեղնատերև տայգան, Հեռավոր Արևելքում՝ եղևնուց և եղևինից կազմված տայգան։

Կլիմայական պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշնանային տայգա անտառ Կոմի Հանրապետության Յուգիդ վա ազգային պարկի տարածում։

Ռուսաստանի Դաշնության ցամաքային տարածքի մեծ մասը տեղակայված է բարեխառն գոտում, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կղզիները, ծայր հյուսիսի մայրցամաքային ափերը՝ արկտիկական և մերձարկտիկական գոտիներում, իսկ Կովկասի սևծովյան հատվածը՝ մերձարևադարձային գոտում։ Կլիման ամենուրեք գրեթե ցամաքային է։ Աևմուտքից արևելք Ատլանտյան օվկիանոսի ազդեցության թուլացման համեմատ, ցամաքայնության աստիճանն աճում է։ Սիբիրի և Հեռավոր Արևելքի հյուսիսային շրջանների խստաշունչ և խիստ ցամաքային կլիման (հուլիսի և հունվարի միջին ջերմաստիճանների տատանումները՝ 50-65 °C) բազմամյա սառցակալությունների (երկրի սահմաններում գրավում է ավելի քան 10 մլն կմ²) առաջացման պատճառ է դառնում։

Հեռավոր Արևելքի հարավային հատվածում կլիման չափավոր մուսսոնային է։ Ձմռանը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա ասիական անտիցիկլոնի ազդեցությամբ հաստատվում է մթնոլորտային բարձր ճնշում։ Հունվարի միջին ջերմաստիճանը երկրի արևմուտքում և Կովկասում 0 °C-ից -5 °C է, Յակուտիայում՝ -40 °C-ից -50 °C։ Առավել ցածր ջերմաստիճանային պայմաններ նկատվում են Վերխոյանսկի շրջանում (նվազագույնը՝ -68 °C) և Օյմյակոնում (նվազագույնը՝ -71 °C), որնք համարվում են Հյուսիսային կիսագնդի «ցրտաշունչ բևեռներից» մեկը։ Ամռանը Ռուսաստանի տարածքի մեծ մասում գերակշռում է մթնոլորտային համեմատաբար ցածր ճնշումը, որի հետևանքով ամռանը ամենուրեք տաք է (բացառությամբ ծայր հյուսիսային շրջանների)։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է 1 °C-ից (Սիբիրի հյուսիսային ծովափերին) մինչև 24-25 °C (Մերձկասպյան դաշտավայրում)։ Տարեկան տեղումները առավել շատ են Կովկասի և Ալթայի լեռներում (մինչև 2000 մմ), Հեռավոր Արևելքի հարավում (մինչև 1000 մմ), ինչպես նաև Արևելաեվրոպական հարթավայրի անտառային գոտում (մինչև 700 մմ)։ Ավելի քիչ են տեղումները տունդրայի և տափաստանային գոտիներում, ինչպես նաև տայգայում։ Տարեկան տեղումների նվազագույն քանակը ընկնում է Մերձկասպյան դաշտավայրի կիսաանապատային շրջանին (մոտ 150 մմ)։ Ձմռանը գրեթե ամենուրեք առաջանում է հաստատուն ձնածածկույթ, որը պահպանվում է 60-ից (հարավում) մինչև 280 օր (ծայր հյուսիսում)։

Ռուսաստանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.2
(72)
23.8
(74.8)
30.3
(86.5)
34.0
(93.2)
37.7
(99.9)
43.2
(109.8)
45.4
(113.7)
43.5
(110.3)
41.5
(106.7)
33.7
(92.7)
29.1
(84.4)
25.0
(77)
45.4
(113.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −71.2
(−96.2)
−67.8
(−90)
−60.6
(−77.1)
−57.2
(−71)
−34.2
(−29.6)
−9.7
(14.5)
−9.3
(15.3)
−17.1
(1.2)
−25.3
(−13.5)
−48.7
(−55.7)
−58.5
(−73.3)
−64.5
(−84.1)
−71.2
(−96.2)
աղբյուր: Pogoda.ru.net[101]January record low:"February, April, May, October, December record low:[102]

Կենսաբազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորշ կամ ռուսական արջը Ռուսաստանի ազգային կենդանին է։
Բացառապես Սիբիրում բնակվող ամուրյան վագրը գրանցված է ՌԴ վերացող տեսակների կարմիր գրքում։

Ռուսաստանի ամբողջ տարածքը պատկանում է Պալեոարկտիկական կենդանաաշխարհագրական մարզին։ Կենդանիների բաշխումը սերտորեն կապվում է աշխարհագրական վերընթաց լանդշաֆտականության և գոտիականության հետ։ Արկտիկական անապատային գոտուն և տունդրային բնորոշ են բևեռաղվեսը, հյուսիսային եղջերուն, բևեռային բուն, տունդրային կաքավը։ Անտառային գոտուն, հատկապես տայգայի ներքին մասերը արդյունագործական որսորդության և մորթեղենի մթերման հիմնական շրջաններ են։ Այս տարածաշրջանին բնորոշ կենդանատեսակներից առանձնացվում են հետևյալները՝ որմզդեղն, գորշ արջ, լուսան, սամույր, աղվես, սկյուռ, նապաստակ։ Արևելյան Սիբիրի ֆաունայի ներկայացուցիչներն են մշկայծյամ, սիբիրյան կզաքիս, Հեռավոր Արևելքի հարավինը՝ ամուրյան վագր, սև արջ, ենոտաշուն, թռչուններից՝ խլահավ, ցախաքլոր, աքար, փայտփորիկ։ Անտառատափաստանային գոտիներում գերակշռում են փոքրիկ կրծողները (դաշտամուկ, գետնասկյուռ, ճագարամուկ, համստեր, արջամուկ), թռչուններից՝ մեծ արոսը, արծիվները, արոսը և այլն։ Ծովերը հարուստ են ձկներով (ձողաձուկ, ծովատառեխ, տափակաձուկ, շիղաձուկ և այլն), ինչպես նաև ծովային կաթնասուններով (կետ, ծովափիղ, փոկ, ծովակատու), ներքին ջրային ավազաններում՝ սաղմոններ, թառափներ, ծովատառեխներ։ Ընդհանուր հաշվով Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում տարածված են 266 տեսակի կաթնասուններ և 780 տեսակի թռչուններ։ 1997 թվականի դրությամբ ՌԴ Կարմիր գրքում գրանցված են ընդամենը 415 կենդանատեսակներ, որոնց պաշտպանության ուղղությամբ տարվում են հատուկ աշխատանքներ։ Բնապահպանների և մասնագետների նվիրական աշխատանքի արդյունքում գրանցվել է բազմաթիվ տաքսոնների պոպուլյացիաների աճ։ Ռուսաստանի Դաշնությունում կան ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 28 օբյեկտներ, 40 կենսոլորտային պաշարներ, 41 ազգային պարկեր և 101 արգելոցներ ու արգելավայրեր։ Այս երկրորւմ մեծ ուշադրություն է դարձվում բնության պահպանությանը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը։ Բնական լանդշաֆտների պահպանման համար ստեղծվել են հատուկ կոմիտեներ և բնապահպանական կազմակերպություններ։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնության կառավարության և իշխանության ղեկավարներ

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է[103]։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրության, դաշնային սահմանադրական օրենքների, դաշնային օրենքների և ՌԴ նախագահի նորմատիվ հրամանագրերի հիման վրա։ Օրենսդրորեն ամրագրված է նաև բազմակուսակցական ներկայացուցչական ժողովրդավարության և իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման գերակայությունը կառավարման ապարատում։

Իշխանության տարանջատման համաձայն՝ ՌԴ դաշնային կառավարությունը կազմված է հետևյալ օղակներից․

  • Օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմինը ՌԴ երկպալատ դաշնային ժողովն է։ Վերջինիս գործառույթներն ու լիազորությունները բաշխված են երկու պալատների՝ Պետական դումայի (450 պատգամավորական մանդատ) և Դաշնության խորհրդի (170 պատգամավորական մանդատ) միջև։ Ռուսաստանի խորհրդարանին վերապահված է դաշնային օրենքների ընդունման, պատերազմ հայտարարելու և միջպետական պայմանագրեր կնքելու օրենսդրական լիազորությունները։ Բացի այդ, դաշնային ժողովը համաձայնության պարագայում կարող է իրականացնել նախագահի իմպիչմենտի ընթացակարգը։
  • Գործադիր իշխանությունը կենտրոնացված է երկրի նախագահի ձեռքում, ով անուղղակիորեն համարվում է նաև ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նախագահը կարող է արգելք դնել օրենսդրական նախագծերի ընդունման վրա և ձևավորել կառավարություն։
  • Դատական իշխանությունն իրականացնող մարմիններն են Սահմանադրական դատարանը, Գերագույն դատարանը և դաշնային դատարանները, որոնց դատավորները նախագահի անմիջական հրամանագրով նշանակվում են Դաշնային խորհրդի կողմից։ Վերջիններիս գլխավոր գործառույթը Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական արդարադատության իրականացնումն է։

ՌԴ նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ՝ վեց տարի ժամկետով[104], ընդորում՝ միևնույն անձը չի կարող շարունակաբար ընտրվել ոչ ավելի քան երկու անգամ։ Կառավարությունը բաղկացած է նախարարություններից, որոնք էլ իրենց հերթին կազմված են վարչության պետերից, նրանց տեղակալներից և իհարկե նախարարներից։ Նախարարական կազմը նշանակվում է նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, Պետական դումայի անմիջական համաձայնությամբ։ Մերօրյա Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններն են «Միասնական Ռուսաստան»-ը, Կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը և «Արդար Ռուսաստանը»։ 2017 թվականի տվյալներով՝ Ռուսաստանը ժողովրդավարական երկրների վարկանշային աղյուսակում 135-րդն էր[105], իսկ «Համաշխարհային արդարադատության» ծրագրի համաձայն՝ 99-ից 80-րդը[106]։

Մարդու իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության իրավահաջորդությունը ստանձնելով Ռուսաստանի Դաշնությունը որդեգրել է նաև վերջինիս կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև այդ ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի, դաշնագրերի և կոնվենցիաների պարտավորությունները։ 1990-ական թվականների վերջին Ռուսաստանի կառավարությունը վերապահումներով վավերացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, իսկ 1998 թվականից ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդիսանում է Դաշնության արդարադատության համակարգի բարձրագույն օղակը։ 1993 թվականի դեկտեմբերին ընդունված ՌԴ Սահմանադրության 15-րդ հոդվածի առաջին մասով միջազգային իրավունքի նորմերն ու հիմնարար սկզբունքները գերակա են ազգային օրենսդրության նկատմամբ։ Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինի երկրորդ նախագահության ժամկետից հետո (2004–2008) քանիցս ի հայտ են եկել մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցներ և բողոքարկումներ։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածը (Խոսքի ազատություն), որը համընկնում է ՌԴ Սահմանադրության 30-րդ և 31-րդ հոդվածների հետ, համարվում է ձևական բնույթ կրող օրենսդրական դրույթ, քանզի բազմիցս սահմանափակվում է կառավարական մարմինների կողմից։ Հարկ է նաև նշել, որ խոսքի ազատության իրավունքը անկասելիորեն ճանաչված է նաև ՌԴ-ի կողմից վավերացված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածում[107][108]։ 2015 թվականի դեկտեմբերին ընդունվում է նոր օրինագիծ, որով երկրի Սահմանադրական դատարանին հնարավորություն է ընձեռվում որոշելու, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կարող է կիրառել կամ անտեսել միջկառավարական մարմինների այնպիսի որոշումներ, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռները։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավատարմագիր, Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ մադու իրավունքների հարցերի շուրջ։ 2004 թվականին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր ելույթում նշում է, որ «Ռուսները ԽՍՀՄ-ի փլուզումից տեսանելի փոփոխություններ է արձանագրել»։ 2004–2014 թվականներին ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախագահ Վլադիմիր Լուկինը Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գնահատում է անբավարար և նշում, որ նմանօրինակ երկրում օրինական պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելը բավականին բարդ և դժվարին գործընթաց է։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնության կառավարության և իշխանության ղեկավարներ
Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Ռուսաստանում։

Ռուսաստանի Դաշնությունը միջազգային իրավունքի նորմերով ճանաչվել է որպես նախկին Խորհրդային Միության իրավահաջորդ պետություն[109]։ Այսպիսով, ՌԴ-ն շարունակում է իրագործել ԽՍՀՄ-ի միջազգային պարտավորությունները և ստանձնել է վեջինիս մշտական տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ստանձնում է խորհրդային ղեկավարների կնքած միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթները և պարտականությունները, ինչպես նաև պետական պարտքերը։ Ռուսաստանն իրականացնում է բազմակողմանի արտաքին քաղաքականություն

[110][111]: 2009 թվականի տվյալներով Ռուսաստանը պահպանում է դիվանագիտական հարաբերությունները 191 երկրների հետ և ունի 144 արտասահմանյան դեսպանություն[112]։ Արտաքին քաղաքականությունը սահմանում է նախագահը և իրականացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը[113]։ Որպես նախկին գերտերության իրավահաջորդ՝ Ռուսաստանի քաղաքական համակարգը բազմիցս դառնում է քաղաքական քննարկումների առարկա՝ համաշխարհային քաղաքական համակարգերի նկատմամբ միաբևեռ և երբեմն էլ երկդիմ տեսակետնեով պայմանավորված։ Ավելի հաճախ համաշխարհային առաջնորդները, քաղաքագետները և վերլուծաբանները Ռուսաստանը համարում են պոտենցիալ գերտերություն[114][115][116]։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ-պետություններից մեկն է։ Երկիրը մասնակցել է Մերձավոր Արևելքի դիվանագիտական կվարտետի և Հյուսիսային Կորեայի հետ վեցակողմ բանակցություններին։ Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ԵԽ-ն[117], ԵԱՀԿ-ն և ԱԽՏԽ-ը։ Վերջինիս նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային կազմակեպություններն են ԱՊՀ-ն, ԵվրԱԶԷս-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և ՇՀԿ-ն[118]։ ՄԻ եվրոպական կոնվենցիան ՌԴ կառավարության կողմից վավերացվել է 1998-ին[119]

Դմիտրի Մեդվեդևը և ԲՐԻԿՍ-ի համագործակցության անդամ պետությունների՝ Հնդկաստանի, Չինաստանի և Բրազիլիայի առաջնորդները։

Վերջին տարիներին հաջողություններ են գրանցվել ՌԴ-Եվրոպական միություն հարաբերություններում, որի արդյունքում էլ Ռուսաստանն ինտեգրվել է բազմաթիվ եվրոպական հարթություններում[120]։ Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ռուսաստանն ավելի բարեկամական հարաբերություններ է զարգացրել Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ[121][122], սակայն այսօր եռակողմ հարաբերությունները զգալիորեն վատթարացել են մի տարածաշրջանային հակամարտություններում վերջիններիս տարբեր դիրքորոշումներով պայմանավորված[123]։ Վերջին տարիներին Ռուսաստանը զգալիորեն ամրապնդել է երկկողմ կապերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ ստորագրելով համագոծակցության բազմաթիվ պայմանագներ[124][125]։ Դրանց արդյունքում կառուցվել է անդրսիբիրյան նավթամուղը և գազատարը, որը կարևոր խթան է երկու երկրների տնտեսական զարգացման համար։ Ռուսաստանը յուրահատուկ տնտեսական կապեր ունի նաև ԲՐԻԿՍ-ի անդամ մյուս երեք պետությունների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի[126] և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ[127]։ Հետխորհրդային երկրների հետ կապերը չունեն որևէ ընդհանրական գնահատական, քանի որ անմիջականորեն պայմանավորված են աշխարհաքաղաքական ազդեցությամբ։ Լատվիան, Լիտվան և Էստոնիան իրենց քաղաքական կեցվածքով (ՆԱՏՕ և ԵՄ անդամակցություն) և հնչեցած ակնարկներով ակնհայտորեն ընդգծում են Ռուսաստանի հետ որևէ տեսակի մերձեցման բացառելի լինելու հանգամանքը։ Հակառուսական տրամադրություններով են աչքի ընկոնում նաև Ուկրաինան և Վրաստանը։ Ուկրաինայի դեպքում նման դրսևորումների շարժառիթը դարձել է Ղրիմ թերակղզու անեքսիան, իսկ Վրաստանի պարագայում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնազավթումը։ ՌԴ-ն ռազմակայաններ ունի Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ղրղզստանում և Տաջիկստանում, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների միջոցով պահպանում է սերտ հարաբերություններ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ։

Հայ-ռուսական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին[128]։ Ներկայումս երկու հանրապետություններն ունեն բավականին սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնք արտացոլվում են ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Հայ-ռուսական հարաբերություններն ունեն պատմական խոր ակունքներ։ Դեռևս Ռուսական կայսրության ձևավորման ժամանակահատվածում հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրին ծրագրավորել էր պարսկահպատակ Արևելյան Հայաստանի ազատագրումը՝ Պետրոս I-ի օժանդակությամբ։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանն ամբողջությամբ անցնում է Ռուսական կայսրությանը և վերջինիս տիրապետության ոլորտում մնում մինչև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Բացի այդ, Ռուսաստանը համավում էր Օսմանյան կայսրությունում տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ազգերի, այդ թվում՝ հայերի անվտանգության երաշխավորը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կարմիր բանակը խորհրդայնացնում է Հայաստանը և սկսվում է Հայաստանի պետականության պատմության համար նոր շրջափուլ։ Չնայած այս հանգամանքին, որ Հայաստանը դառնում է ԽՍՀՄ-ից անկախացած առաջին երկիրը, այնուամենայնիվ անկախ Հայաստանի պայմաններում ևս վերջիններիս բարեկամությունը մնում է անհողդողդ։ Ռուսաստանում է գտնվում հայերի ամենամեծ գաղթօջախը։ 2010-ի ՌԴ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում բնակվում են թվով 2 536 388 հայեր։

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության դրոշները Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ։

Ռուսաստան գաղթած հայերը Սև ծովի ափին հիմնադրել են Արմավիր քաղաքը։ Ռուսաստանում ապրել և գործել են հայ մտավորականության երևելի դեմքեր՝ բանաստեղծ Վահան Տերյանը, գրող Մարիետա Շահինյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, թատերական գործիչներ Եվգենի Վախթանգովը և Ռուբեն Սիմոնովը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, երգիչներ Զարա Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը, պետական գործիչներ Անաստաս Միկոյանը, Հովհաննես Թևոսյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը, Սերգեյ Ագանովը, ծովակալ Հովհաննես Իսակովը, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ։ Ռուսները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երկրորդն են՝ եզդիներից հետո։ Համաձայն 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանում բնակվում են թվով 14 660 ռուսներ։ Նախկինում ռուս բնակչության քանակությունը ավելի մեծ է եղել, սակայն Սպիտակի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և երկրում կտրուկ տնտեսական անկման պատճառով ռուսների մեծ մասը անկախության առաջին տարիներին արտագաղթել է հայրենիք։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանը և Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ։ Գյումրիում տեղակայված է ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան, որտեղ ծառայող շուրջ 4500 սահմանապահ զինվորներ պաշտպանում են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները։ Հայաստանը անդամակցում է նաև Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են Անկախ Պետությունների Համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միությունը։ Դիվանագիտական տեսանկյունից ՌԴ-ն Երևանում, իսկ Հայաստանը՝ Մոսկվայում ունի արտակարգ և լիազոր դեսպանություն։ Գյումրիում գործում է նաև ռուսական, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ հայկական հյուպատոսություններ։ Մոսկվայի հայկական դեսպանությունը զբաղեցնում է նախկին Լազարևյան ինստիտուտի շենքը, որի գլխավոր մասնաշենքը կառուցվել է 1816-1823 թվականներին։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՌԴ ԶՈւ-ին պատկանող ռուսական ռազմանավը Սիրիայի ծովային տարածքում՝ Միջերկրական ծովում ռազմական գործողություն իրականացնելիս։
Ռուսական